Բաժիններ՝

Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ինքնատիպ ելույթով

Հայ ճանաչված կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ երկու երիտասարդ դաշնակահար ներկայացել են ինքնատիպ ելույթով։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը (ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) սեպտեմբերի 23-ին՝ անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը, համացանցում զետեղել են Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի համատեղ գրված Հայկական ռապսոդիա և Տոնական ստեղծագործությունները՝ դաշնակահարներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի կատարմամբ։

Հատկանշական է, որ այս գործերը հեղինակել են հայ կոմպոզիտորական դպրոցի գագաթները։ Բացի այն փաստից, որ սեպտեմբերի 23-ը Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն է, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, ինչն առավել խորհրդանշական է դարձնում ծրագրային ընտրությունը։

Հայկական ռապսոդիան երկու դաշնամուրների համար գրված ստեղծագործություն է, որը դասվում է դաշնամուրային խոշոր կոնցերտային ստեղծագործությունների շարքին։ Գրվել է 1950 թվականին։ Երաժշտական ստեղծագործության ոճը հիմնականում բնորոշվում է երկու կոմպոզիտորների ստեղծագործական անհատականությամբ։ Տոնական ստեղծագործությունը նույնպես երկու կոմպոզիտորի համատեղ արգասիքն է։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս