ԲՀԿ-ի պատճառով ՀԱԿ-ում իրար են ծեծում
«Հայ Ազգային Կոնգրես» խորհրդարանական խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ համակարգող ու խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը գաղափարախոսական և քաղաքական տարաձայնություններ ունեն, որոնք վերաճել են բացահայտ թշնամության:
ՀԱԿ անդամները պնդում են, որ Կոնգրեսի քաղխորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ նրանց միջև վեճը վերածվել է քաշքշուկի, և Փաշինյանն ու Զուրաբյանն իրար այլևս նույնիսկ չեն բարևում:
Երկու արմատական ընդդիմադիր գործիչների հակամարտության պատճառը ԲՀԿ-ի նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներն են: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին պետք է դիտարկի` որպես գործող իշխանության մի մաս, և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ:
Նա ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է ՀԱԿ-ը ԲՀԿ-ի կցորդ դարձնելու մեջ և գտնում է, որ այդ գործում իր զգալի ավանդն ունի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ում նա համարում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն ապահովող կապավոր: Փաշինյանն, իհարկե, կցանկանար, որ Զուրաբյանը հերքեր իր մեղադրանքները, բայց վերջինս համառորեն հրաժարվում է հրապարակայնորեն հայտարարել, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը որևէ դեպքում չի կարող սատարել ԲՀԿ թեկնածուին: Նշանակում է, որ նա տեսականորեն հնարավոր է համարում այնպիսի իրավիճակ, երբ ՀԱԿ-ում կարող է որոշում կայացվել, որ պետք է պաշտպանել ԲՀԿ թեկնածուին:
ՀԱԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, և, եթե որևէ կուսակցություն դեմ է նման որոշմանը, ապա որոշումը չի կայացվում: Այս իմաստով, թվում է, թե Նիկոլ Փաշինյանը կարող է մտավախություն չունենալ, որ կարող է նման որոշում կայացվել, քանի որ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը դեմ է ոչ միայն ինքը, այլ նաև ՀԱԿ-ին անդամակցող այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, օրինակ` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կամ Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը: Բայց կա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակը կազմելու դառը փորձը:
Այն ժամանակ էլ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները չկարողացան կոնսենսուսի գալ ցուցակի կազմի վերաբերյալ, և որոշում ընդունվեց, որ ցուցակը կազմելու գործը պետք է վստահել Լևոն Տեր-Պետրոսյանին, ով վերցրեց և միանձնյա կազմեց ՀԱԿ նախընտրական ցուցակը:
Հիմա կարող է կրկնվել նույնը. ՀԱԿ-ում կարող են համաձայնության չգալ, թե ում թեկնածությունը պետք է առաջադրել կամ պաշտպանել, և որոշում կայացնելու անհնարինության պայմաններում` կարող են այդ խնդրի լուծումը վստահել Լևոն Տեր-Պետրոսյանին, մանավանդ, որ ՀԱԿ անդամներն ի սկզբանե ընդունել են այն անքննելի թեզը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անսխալական է, և ըստ այդմ, նրա կայացրած ցանկացած որոշում անթերի է և ենթակա չէ վիճարկման: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարող է որոշում կայացնել, որ պետք է պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Հենց այդ դեպքի համար է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ անդամներին հասկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը, դրանով ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ թեկնածուին պաշտպանելու հնարավորությունից:
Իհարկե, թե ինչի շուրջ են վիճում, կամ ինչի շուրջ են համաձայնության գալիս, զուտ ՀԱԿ-ի և նրա անդամների խնդիրն է: Ավելի կարևոր է հիշել, որ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ խորհրդարան է գալիս ավազակապետության հիմքերը խարխլելու, խորհրդարանական ամբիոնը իշխանափոխության գործին ծառայեցնելու համար: Իրականում ՀԱԿ-ը ոչ միայն չխարխլեց ավազակապետության հիմքերը, այլև իր գոյությունն է հայտնվել շատ խարխուլ հիմքերի վրա, այնքան խարխուլ, որ դրա փլուզումն այլևս կասկած չի հարուցում: ՀԱԿ խմբակցության անդամների միջև ձևավորված միջանձնային հարաբերությունները կարող էին ամենախայտառակը լինել ներկա խորհրդարանում, եթե չլիներ «Ժառանգություն» խմբակցության ներսում տեղի ունեցող պատերազմը:
Իսկ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե հանկարծ ՀԱԿ-ն ինչ-որ հրաշքով գար իշխանության, և վեճի աղբյուրը լիներ ոչ թե ԲՀԿ-ին պաշտպանել-չպաշտպանելու հարցը, այլ շատ այլ կարևոր հարցեր, ինչպիսին իշխանությունը կիսելն է: Նույնիսկ երևակայելն է սարսափելի, թե ինչ հարաբերություններ կարող էին ձևավորվել այս կառույցի անդամների միջև, կամ ինչ հանգուցալուծում կարող էին դրանք ունենալ: