GAME OVER
Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ առաջիկա հոկտեմբերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ներկայացնել հերթական՝ թվով 5-րդ «100 փաստ»-ը։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, բայց թվում է շատ արժանահավատ, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի կողմից որպես պետական կառավարման հիմնական սկզբունք ընտրված ռազմավարությանն ու մարտավարությանը։
Քարոզչություն։ Ահա այն հիմնական գործիքը, որով Նիկոլ Փաշինյանն իրականացնում է պետական կառավարումը։ Նրա համար կարևոր է ոչ թե արդյունքը, գործը, այլ դրա քարոզչությունը։ Իսկ քարոզչությունը, ինչպես հայտնի է, ամենևին չի պահանջում փաստական ճշգրտություն։ Քարոզչության հմայքը ոչ թե ներկայացվող տեղեկատվության հավաստիությունն է, այլ այն պաթոսը, լիրիկան, հույզերը, որոնցով մատուցվում է այդ տեղեկատվությունը։ Դա նշանակում է, որ պաթոսով ու լիրիկայով կարելի է հերքել ցանկացած փաստ, և հակառակը՝ որպես իրականություն ներկայացնել գոյություն չունեցողը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ գործի ռահվիրաներից մեկն է, քարզչության ու հակաքարոզչության րաբունի, մեծն մանիպուլյատոր։
Ընդդիմադիր քաղաքական գործչի համար այդ հատկանիշները աստվածային պարգևներ են, պետության ղեկավարի պարագայում՝ դատավճիռ, դատավճիռ՝ պետության ու հասարակության համար։ Որովհետև, երբ պետական կառավարումը նույնանում է քարոզչության հետ, երբ սոսկ պետական կառավարման տեղեկատվական քաղաքականության միջոցներից մեկը հանդիսացող քարոզչությունը վերածվում է պետական կառավարման սկզբունքի ու նպատակի, պետությունն ու հասարակությունը դատապարտված են երաշխավորված ձախողման։ Արդունքում՝ երկիրն ու քաղաքացիներն ապրում են երկու տարածական ու ժամանակային չափումներում՝ իրական կյանքում ու այն վիրտուալ իրականության մեջ, որը գրեթե ամենօրյա ռեժիմով՝ «100 փաստերով», «լայվերով», սոցցանցային հրապարակումներով քաղաքացիների համար կերտում է երկրի ղեկավարը։ Դա առաջացնում է կոգնիտիվ դիսոնանս՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ ու առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի մոտ, որովհետև ժամանակի ընթացքում նա իրականությունն ընկալում է ու իր գործողությունները կառուցում է ոչ թե իրական կյանքի, այլ վիրտուալ իրականության կանոններով։
Իսկ դա նշանակում է, որ պետության կառավարումը Նիկոլ Փաշինյանի համար վերածվել է յուրօրինակ համակարգչային խաղի, որում ինքը «սուպեր հերոսն է», օրինակ՝ հայտնի Մարիոն, ով ամեն օր կամ ամեն «100 փաստ»-ը մեկ կառուցում է խաղի նոր հարթություն կամ «լեվել», որում հաղթողը կրկին ինքն է, պարտվողը՝ պետությունն ու հասարակությունը։
«Եկեք քարոզենք այն, ինչ անում ենք, և անենք այն, ինչ քարոզում ենք»,- 1946-ի հայտնի ֆուլտոնյան ճառում ասում էր Ուինթսոն Չերչիլը։ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է չերչիլյան թեզի ճիշտ հակառակը՝ քարոզում է այն, ինչ չի անում, և չի անում այն, ինչ քարոզում է։ Քարոզչությունը բարձրացնում է Նիկոլ Փաշինյանին ու կործանում երկիրը։
Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի վիտուալ խաղում չի արձանագրվել GAME OVER:
Հարություն Ավետիսյան