Նիկոլ Փաշինյանի վախերը
Քաղաքական դաշտի զարգացումներին հետևելիս՝ հստակ ուրվագծվում է, որ իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմության մոտ որոշակի կոնսոլիդացիա և կոնսենսուս տեղի չունենա։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը կախված է իր աթոռից և, հասկանալով իշխանության համը, փորձում է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ձախողել ընդդիմադիր սեկտորի համախմբումը։
Հենց դրանով է պայմանավորված ընդդիմադիրների նկատմամբ նման անհարգալից ու ցինիկ պահվածքը, որը դրսևորվում է իշխանության ճամբարից՝ անընդհատ ակնարկելով, թե՝ «ընդդիմությունը Հայաստանում, որպես այդպիսին, գոյություն չունի» կամ, ասենք, «ընդդիմության դերում հայտնվել են ռևանշիստները և փորձում են ամեն գնով հետ գալ իշխանության» ու նմանօրինակ նաիվ թեզեր։
Փաշինյանը լինելով բավականին, այսպես ասած՝ խորամանկ գործիչ, իր ձեռքում որպես հաղթաթուղթ՝ պահում է իր կողմից մշակած և շուրջ երկուսուկես տարի փայլուն աշխատող «ոսկե բանաձևը», որը շատ պարզ ու հասարակ է՝ «եթե ինձ հեռացնեք իշխանությունից, իշխանության են վերադառնալու նախկինները»։ Սա մի ֆորմուլա է, որը դեռևս աշխատում է, Փաշինյանը խաղում է այս տարբերակով և, ըստ էության, ստացվում է։
Ընդդիմության մասնատման փաշինյանական ռազմավարական հաջորդ քայլը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ հյուսված այն միֆն է, ըստ որի՝ ՀՀ երկու նախագահների միջև գոյություն ունի լուրջ հակասություն և տարաձայնություն, և նրանց համագործակցությունն անհնարին է։
Անընդհատ հրապարակ են նետվում տարբեր թեզեր, թե Քոչարյանն ու ՀՀԿ-ն արդեն մեկ անգամ ճանապարհ են անցել, և երկրորդ անգամ այդ միությունն անհնար է։ Այս անբովանդակ և քաղաքական իրականության հետ ոչ մի իրատեսական աղերս չունեցող պնդումները, որոնք ոգևորությամբ տարբեր մեդիահարթակներից հրապարակ են նետում իշխանությանը սպասարկող «փորձագետ-վերլուծաբաններ», հատուկ մշակված ու հանգամանալից ուսումնասիրված պլանի բաղկացուցիչ մասն է կազմում։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սարգսյան-Քոչարյան միավորումից, քանի որ, ինչքան էլ նա հայտարարի, թե «իշխանությունը 20 տարուց ավելի ՀՀ-ում զավթված է եղել», «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թալանել են Հայաստանը», «նրանք են իրականացրել Մարտի 1-ը» կամ, ասենք, «պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար», սրանք ընդամենը մանիպուլյատիվ և ոչ մի քաղաքական հիմք ու հիմնավորում չունեցող պոպուլիստական հայտարարություններ են, որոնց շնորհիվ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության։ Վերը նշված պնդումներից և ոչ մեկի մասին հիմնարար ապացույց ու հստակ մեղադրանք այս երկուսուկես տարվա ընթացքում տեղի չի ունեցել, և վստահաբար կարող ենք ընդգծել, որ այդպես էլ տեղի չի ունենալու։
Հաջորդ վախը, որը նույնպես ակնհայտ է՝ ընդդիմության մյուս մաս կազմող ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» բլոկի քարկոծումն է, որն ամենօրյա ռեժիմով իրականացվում է Փաշինյանի կողմից՝ փորձելով ամեն կերպ անարգել այդ քաղաքական միավորներին և ծաղրել նրանց քաղաքական համագործակցության հետագա հնարավոր զարգացումները։ Հենց դրանով է պայմանավորված, որ ամեն կերպ փորձում են տարբեր քրեական գործեր «կարելով», կամ թե չէ տարբեր դատական վարույթներով անցնող գործերի շրջանակում, թեկուզ վկայի կարգավիճակով, այդ ուժերի ներկայացուցիչներին և ղեկավարությանը պարբերաբար քննչականներ ու ՀՔԾ-ներ կանչելու քայլերը։ Սրանք մարտավարական սխեմաներ են, որոնք, հանրության շրջանում շահարկելով, փորձում են անվանարկել այդ միավորներին։
Սրան զուգահեռ՝ Փաշինյանը հանգիստ է «Լուսավոր Հայաստանի» առումով, քանի որ նա այս քաղաքական միավորին, ինչպես ցույց են տալիս նրա գործողությունները, լուրջ չի վերաբերվում։ Ավելին՝ «Լուսավորն» իր հեղհեղուկ պահվածքով ու քայլերով հենց ինքն է իրեն դրել նման անհարմար դրության մեջ։ Եթե անգամ այս քաղաքական միավորման մղումներն ազնիվ են, ու ոչ մի ենթատեքստեր ուղղակի չկան, կուսակցությունն իշխանությանը կոշտ չի քննադատում, և «փափուկ ուժ» է կիրառում՝ ըստ էության «և-և»-ի, իսկ ավելի հաճախ՝ «կամ-կամ»-ի քաղաքականություն վարելով։
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով հանրության շրջանում գեներացնել ատելություն և փոխադարձ անվստահություն, երկարացնում է իր իշխանազավթման կյանքը։
Արմեն Հովասափյան



