Բաժիններ՝

«Ֆինանսական կազմակերպությունների կապիտալը և իրացվելիության մակարդակը բավարար նախադրյալներ է ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար». ԿԲ նախագահ

«Հայաստանում ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել՝ որպես կայուն և դինամիկ աճող, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է ֆինանսական միջնորդի իր գործառույթը, քանի որ ամենակարևոր գործառույթը, որը համակարգն ունի՝ միջնորդությունն է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 3 հիմնական ուղերձները:

ԿԲ նախագահի խոսքով՝ երկրորդ հիմնական ուղերձն այն է, որ որպես տնտեսության մասնավոր հատվածի սուբյեկտներ՝ ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, ինչը, սակայն, չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը:

«Ֆինանսական կազմակերպությունների կապիտալը և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում  նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար»,- ասաց Գալստյանը:

Ներկայացնելով համակարգի ֆինանսական կառուցվածքը՝ ԿԲ նախագահը նշեց, որ դրանք հիմնականում բանկերն են, բայց վերջին տարիների ընթացքում զգալի աճ է նկատվում կենսաթոշակային ֆոնդերի, ներդրումային ընկերությունների, ապահովագրական սեկտորում, որը բխում է Կենտրոնական բանկի ռազմավարական նպատակադրումներից:

Գալստյանն անդրադարձավ նաև բանկային ակտիվներ և ՀՆԱ հարաբերակցությանը, որոնք կարևոր են համակարգի կարողությունները հասկանալու տեսանկյունից.

«Պետք է նշել, որ համակարգը մոտավորապես 6 անգամ աճել է 2008-2020 թվականների ընթացքում: 2008-ը վերցրել ենք այն պատճառով, որ նախաճգնաժամային տարի էր, ու փորձել ենք համեմատել հենց այդ նախաճգնաժամային տարվա հետ: ՀՆԱ-ի ակտիվների տեսակարար կշիռը մոտավորապես 29 տոկոսից հասել է 96 տոկոսի և բացարձակ թվով՝ 1 տրիլիոն դրամից հասել ենք 6 տրիլիոն 128 միլիարդ ցուցանիշի այս տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ: Ինչ վերաբերում է վարկեր-ավանդներ հարաբերակցությանը, Հայաստանում դրանք մշտապես սինքրոն ձևով բարձրացել են վարկերին զուգընթաց: Վերջին ճգնաժամի հետ կապված ավանդների աճի տեմպը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը որոշակիորեն շարունակել են աճել, այստեղ մի մտավախություն ունենք, եթե եկամուտները չվերականգնվեն՝ առողջապահական իրավիճակը մի քիչ ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, տնային տնտեսությունների ու ֆիրմաների մոտ եկամտի որոշակի նվազում դիտվի, ապա հնարավոր է՝ վարկերը ևս աճի տեմպի դանդաղում ունենան»:

ԿԲ նախագահը հիմնական վարկատեսակներից առանձնացրեց 3-ը.

«Առաջինը հիպոթեքային վարկերի շուկան է, որի տարեկան միջին աճի տեմպը եղել է 15 տոկոս, և 84 միլիարդ դրամից այս պահի դրությամբ հասել ենք 417 միլիարդ դրամի: Երկրորդը դա սպառողական վարկերն են՝ 175 միլիարդից՝ 957 միլիարդ, տարեկան աճը՝ մոտավորապես 16 տոկոս: Երրորդը՝ բիզնես և գյուղվարկերն են, որոնք 360 միլիարդից այս պահի դրությամբ հասել են 2 տրիլիոն 157 միլիարդ ցուցանիշի»:

Գալստյանի խոսքով՝ համավարակի տարածմամբ պայմանավորված դասակարգված վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում այս պահի դրությամբ 6.3 տոկոս է.

«Մեր գնահատականներով՝ համավարակով պայմանավորված վարկային արձակուրդները, վարկառուների եկամուտների նվազումը կարող են հանգեցնել իրավիճակի․․․ չեմ կարող ասել՝ ա՞յս տարի, թե՞ ավելի հետաձգված ժամանակահատվածում, որովհետև տարբեր բանկեր տարբեր մատեցումներ են դրսևորել, բայց այնուամենայնիվ ակնկալում ենք, որ այս ցուցանիշը կբարձրանա ու նույնիսկ կարող է ավելի բարձր լինի, քան 10 տոկոսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս