Սերժ Սարգսյանի հրաժարականի գինը. Մաս 1-ին

Պատերազմը հասունանում է քաղաքականության ծոցում
այնպես, ինչպես երեխան մոր արգանդում:

Գարեգին Նժդեհ

2020թ.-ի օգոստոսի 19-ի իր հայտնի ասուլիսում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրեց մի շարք ակնառու մտքեր, որոնք լակմուսի թղթի դեր խաղացին հայաստանյան ներքաղաքական կյանքում: Նախագահի հնչեցրած փաստարկների ֆոնին առավել ցցուն ընդգծվեցին նրան հակադարձել փորձող ուժերը, դրանց քաղաքական բովանդակությունը, դրդապատճառներն ու պատվիրատուները: Այլևս գաղտնիք չէ, որ արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ դիրքորոշումները հայաստանյան իշխանությունների համար այն գինն է, որը վճարվում է իշխանության գալու կամ դրանից հեռանալու համար: 1988թ.-ից` արցախյան շարժման ալիքի վրա իշխանության եկած ՀՀՇ-ական թևը հեռացավ նույն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ միանշանակ մոտեցումների համար: «Պատերազմ, թե՞ խաղաղություն» թեզի հրապարակ բերմամբ` Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ իշխանությունը փոխանցելով իր բնորոշած՝ «պատերազմի կուսակցությանը»:

Հայկական կողմերի դիրքորոշումները Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարություններով ամրագրած Սերժ Սարգսյանը ևս ստիպված էր հրաժարական տալ 2018թ. ապրիլին: Եթե ՀՀՇ-ի դեպքում իշխանության կորստի գինն արցախյան հարցում «Սերգո ջան լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» մոտեցումն էր, ապա ՀՀԿ-ի համար դա  սահմանային միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման պահանջն էր: Ակնհայտ է, որ դիվանագիտական նման ձեռքբերումն ի չիք էր դարձնելու Արցախը հակամարտության կողմ չդիտարկելու ադրբեջանական ձգտումները, իսկ շփման գիծը դե ֆակտո ստանալու էր սահմանի կարգավիճակ:

Ստացվում է, որ, եթե ՀՀ 1-ին նախագահը հեռացավ, այսպես ասած, «Ղարաբաղը հանձնելու» համար, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռացավ «Ղարաբաղը չհանձնելու համար»: Հաշվի առնելով այլ երկրներում ծավալված գունավոր հեղափոխության սցենարները /Վրաստան, Ուկրաինա/, որոնք, ի վերջո, հանգեցրին տարածքային կորուստների, մեր դեպքում ևս նման սցենարային զարգացում կարող էր ստացվել, եթե 2018թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հանդես չգար իր հայտնի ուղերձով: Հեղափոխական որոշ ուժեր արդեն պատրաստված էին ապրիլ 24-յան արյունալի բախումների ոստիկանության հետ Երևանի փողոցներում, ինչին, բնականաբար, կհաջորդեր դեպքերի զարգացումն ադրբեջանական սցենարներով:

Այսպիսով, իշխանությունից հրաժարումն այն գինն էր, որը Սերժ Սարգսյանը վճարեց արցախյան հարցում անցանկալի զարգացումներ թույլ չտալու և երկիրը քաոսի մեջ չընկղմելու համար:

Ապրիլյան պատերազմում տարված հաղթանակն արժեզրկելը և այն պարտություն ներկայացնելն իրավամբ հանդիսացել է այն քարոզչական առանցքը, որի վրա կառուցվել են գործողություններ 2016թ. ապրիլից մինչև 2018թ. ապրիլ: Այդ համատեքստում հատուկ կարևորություն է ստանում քառօրյայի արդյունքներն արհեստականորեն շահարկողներին ուղղված՝ ՀՀ երրորդ նախագահի պնդումը, ըստ որի՝ «նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ի՞նչ է հաղթանակը և ի՞նչ է պարտությունը որևէ պատերազմում: Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն և միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ: Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով»:

Ապրիլյան պատերազմի արդյունքները շահարկողները ոչ միայն մեղանչում են պատերազմի և քաղաքականության պորտալարով կապված բնույթի դեմ, այլև կիրառում են հստակ քարոզչական տեխնոլոգիա, որով ջանում են որոշ դիրքերի կորուստները ներկայացնել իբրև հայկական կողմի պարտություն` դրանից զատելով կենսականորեն էական դիվանագիտական կարևորագույն ձեռքբերումները:

Փոքրիկ պատմական ակնարկներով հնարավոր է կոտրել այդ տեխնոլոգիայի ողնաշարը: Այսպես` Ք.ա. 53թ. հռոմացի զորավար Կրասոսի կտրված գլուխը դեռևս հաղթանակ չէր հայկական կողմի համար, 62թ. հռոմեական զորքերի պարտությունը և հայկական լծի տակով անցումը Հռանդեայում ևս հնարավոր չէ լիակատար հաղթանակ համարել: Հայ-հռոմեական շուրջ մեկ դար տևած պատերազմը ավարտվեց միայն 64թ. կնքված հայ-հռոմեական պայմանագրով, որով Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Այս տեսանկյունից հատկանշական է Երրորդ նախագահի պնդումը, ըստ որի՝ «պատերազմի վերջնարդյունքը գոհացուցիչ չէ հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասին»:

450-484թթ. տևած հայ-պարսկական հակամարտությունը չավարտվեց ո՛չ Վարդանանց, և ո՛չ էլ Վահանանց առանձին պատերազմներով, այլ վերջիններիս հավաքական արդյունքում կնքված Նվարսակի հաշտության պայմանագրով, որով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պաշտոնական կրոն, իսկ երկրի կառավարումը հանձնվեց հայ նախարարական տների առաջնորդներին` ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե՝ Սասանյանների հայեցողությամբ: Այս կապակցությամբ էլ մեջբերենք Երրորդ նախագահի այն պնդումը, ըստ որի՝ «պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները»:

Ապրիլյան պատերազմի հաղթանակը շահարկող խմբակները 2016թ. ապրիլ 1-2-ից լծված էին կասկածելի ծագմամբ և հակառակորդի ջրաղացին ջուր լցնող թեզերի քարոզմանը, նպաստելով հակառակորդի քայքայիչ գործունեությանը մեր հասարակությունում: Սույն շրջանակները լավ գիտեն, որ ապրիլյան պատերազմի նպատակն Ադրբեջանի համար բանակցությունների ընթացքն ուժի իրավունքով փոխելն էր, այլ ոչ թե 400հա կամ մի քանի դիրք գրավելը: Հասկանալով, որ հայկական կողմերին և միջազգային հանրությանը կայացած փաստի առջև կանգնեցնելու հնարավորությունը զրոյացել է, իսկ բանակցային գործընթացն իրենց համար բեկվել է առավել անցանկալի սցենարով, ադրբեջանական կողմը հայկական կողմից զիջումներ կորզելու համար անցում կատարեց այլ մեթոդաբանության: Կա հին ասացվածք, ըստ որի՝ «ոսկով բեռնված ավանակը ավելի հաջող կարող է գրավել ցանկացած ամրոց, քան յուրաքանչյուր բանակ»:

Լևոն Նազարյան

Տեսանյութեր

Լրահոս