Իշխանությունների համար մարդկանց «փչացնելը» խնդիր չէ, բայց ցավալի է, որ այդ խայծը կուլ տվողներ կան

Ասում են՝ երբ մի բանի մասին շատ ես խոսում կամ շատ ես ուզում, կատարվում է: Մտքերը իրականանալու սովորություն ունեն, և, ի վերջո, սահմանադրական ճգնաժամ ասվածն արդեն իրողություն է և բավականին տևական ժամանակ:

Վերջապես իշխանությունների երազանքը կաատարվեց, և Սահմանադրական դատարանը (ՍԴ) անգործունակ է, ճիշտ է, քվորում չլինելու պատճառով, բայց դա չի չեղարկում այն իրողությունը, որ ՍԴ-ում նիստեր տեղի չեն ունենում, առկախ են մնում միջազգային երբեմն շատ կարևոր փաստաթղթերի վավերացման հարցերը, ու առհասարակ երկրում այս պահին Սահմանադրական դատարան չկա:

Տարօրինակորեն սա չի անհանգստացնում միջազգային գործընկեր կառույցներին, որոնք եթե նախկին իշխանությունների օրոք այս պատկերի մեկ տոկոսի ականատեսն անգամ լինեին, վստահաբար վաղուց արդեն պատժամիջոցներ կկիրառեին երկրի նկատմամբ:

Բայց սա մեդալի մյուս երեսն է, թե ինչո՞ւ և ինչի՞ դիմաց են նրանք այսքան հանդուրժող ՀՀ գործող հեղափոխական  իշխանությունների հանդեպ:

Այս պահին իշխանությունները, կատարելով իրենց մինիմում ծրագիրը, ունենալով 3 դատավորի թափուր տեղ, չեն կարողանում գտնել այն 3 դատավորներին, որոնք կցանկանան իրենց հետ աշխատել, կամ ում հետ կցանկանան իրենք աշխատել, իսկ ում էլ, ի վերջո, ներկայացնում են՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, իշխանական տարբեր թևեր այնպիսի Լինչի դատաստան են կազմակերպում ու հավատաքննության ենթարկում, որ այդ մարդիկ հրաժարվում են հետագա «պայքարից»:

Ակնհայտորեն բանավեճի կուլտուրայի հետ լուրջ խնդիրներ ունեցող մեր իշխանությունները ցանկացած նման դեպքում այրում են բոլոր կամուրջները՝ դրանով իսկ նոսրացնելով իրենց, առանց այդ էլ՝ ոչ ստվար կադրային բազան:

Այլ հարց է, որ, երբ խոսում են ներկայացված թեկնածուների պրոֆեսիոնալիզմի մասին, ու դա որևէ կերպ չի վիճարկվում, ի հայտ է գալիս տրամաբանական հարց. իսկ ի՞նչ էին մտածում այդ թեկնածուները, երբ համաձայնում էին մասնակիցը դառնալ մի պրոցեսի, որն ի սկզբանե սահմանադրականության հետ առնվազն շատ լուրջ խնդիրներ ուներ, կամ ի՞նչ երաշխիքներ էին տվել նրանցից առնվազն երկուսին՝ Վահրամ Ավետիսյանին և Արթուր Վաղարշյանին, կամ արդյո՞ք Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ՍԴ է գալիս շարքային դատավոր աշխատելու համար, իսկ եթե ՍԴ նախագահ դառնալու նկրտումներ ունի, ապա ի՞նչ գործարք է կնքվել կողմերի միջև:

Իսկապես հետաքրքիր է, թե իրավաբանության դոկտոր, ոլորտում, ակադեմիական շրջանակներում շատ հարգված մասնագետ Արթուր Վաղարշյանի ինչի՞ն էր պետք երկրորդ անգամ մտնել նույն պղտոր գետը, այն էլ՝ այս պայմաններում: Անհասկանալի է, թե առաջին անգամ իմքայլականների կողմից մերժվելուց հետո ինչո՞ւ նա ցանկացավ կրկին առաջադրվել:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ «Իմ քայլում» որոշում ունեն չընտրել նրան այս անգամ ևս:

Ի վերջո, չպետք է անտեսել մի շատ կարևոր հանգամանք ևս. նշված թեկնածուները շատ լավ գիտեն, որ չկան այն 3 անհատական իրավական ակտերը, համաձայն որոնց՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը պետք է համարվեն աշխատանքից ազատված, և ուրեմն ո՞ւմ տեղը և ինչպե՞ս են նրանք պատրաստվում բազմել ՍԴ դատավորի աթոռներին:

Հասկանալի է, որ իշխանությունների համար մարդկանց «փչացնելը» խնդիր չէ, բայց ցավալի է, որ այդ խայծը կուլ են տալիս նաև մարդիկ, ովքեր, թվում է, թե դա շատ լավ պիտի հասկանային:

Ամեն դեպքում փաստենք, որ իշխանությունների համար անգամ այս պարագայում ՍԴ-ն համալրելը լուրջ խնդիր է:

Տեսանյութեր

Լրահոս