Զարեհ Սինանյանն անդրադարձել է իր աղմկահարույց հայտարարություններին ու խորհուրդներ տվել լրագրողներին՝ պատասխանների փոխարեն
Սփյուռքի գլխավոր հանձնակատարն առցանց ասուլիսում որոշեց խորհուրդներ տալ լրագրողներին՝ պատասխաններ տալու փոխարեն:
Հիշեցնենք, 168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Զարեհ Սինանյանն այսօր ասուլիսով ամփոփել է լիբանանյան այցը:
Այսպիսով, դեռ օգոստոսի 7-ին, «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսակապով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասել էր, թե պետք է տարբերել ժամանակավոր տարհանումն ընդհանուր հայրենադարձության օրակարգից.
«Մեկը կարճաժամկետ խնդիր է, մյուսը՝ ավելի երկարաժամկետ, ռազմավարական: Կա նաև երրորդ նուրբ կետն այստեղ, որ արժե մտածել, գիտեմ, որ հիմա պատրաստ չենք այդ ուղղությամբ, բայց նաև, գիտեք, որ աղետի գոտիից հետո հումանիտար գործողություններին ընդհանրապես հետևում է նաև տարբեր երկրների միգրացիոն ծրագրերի իրականացումը, այս պարագայում նման աղետից դուրս գալու փափագ ունեցող մարդկանց ընդունելու խնդիրը, միջազգային պրակտիկան նկատի ունենալով՝ միայն հայերին կարող է չվերաբերել»:
Շ. Գանտահարյանը նաև հավելել էր, որ խնդիրը բազմաշերտ է «Կա ժամանակավոր տարհանումի խնդիր, կա ընդհանրապես հայրենադարձություն, և կա նաև՝ միջագզային պրակտիկան և տարածաշրջանին մեր առնչվածությունը նկատի ունենալով: Պետք է նկատել՝ նրանք, ովքեր մոտիկից են հետևել, շատ լիբանանցիներ, որոնք հայության հետ կապ չունեն, իրենց ծագումնաբանության մեջ հայ արմատներ են փնտրում՝ այսօր Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, և նման մարդկանց ներհոսքի հեռանկարային խնդիրը կարող է երևալ»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շարունակելով միտքը՝ նշել էր. «Սկզբունքայնորեն համաձայն եմ, որ մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, մենք բոլորս, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը դարձնելու հայրենիք մեզ նման ազգերի համար՝ խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների, այն ազգերի, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանին և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում, որովհետև նման ձևերով՝ խելացի, մտածված, քաղաքակիրթ ձևերով, մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չի ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա արդեն հաջողություն կլինի. Պատկերացրեք՝ մենք Հայաստանը դարձնում ենք մի երկիր, որը գրավիչ է նաև ոչ հայերին»:
Ի դեպ, 168.am-ն այս երկխոսությունն ամբողջությամբ գրավոր տարածել էր:
Զարեհ Սինանյանի այս հայտարարությունն իրարամերժ գնահատականների արժանացավ, և շատերը սուր քննադատությամբ ընդունեցին ասվածը՝ բարձրաձայնելով նաև ազգային անվտանգային խնդիրների մասին:
Այսօր, հերթական ասուլիսի ժամանակ, «Հրապարակ» և «168 Ժամ» կայքի լրագրողները թեմայի առնչությամբ հարցեր էին հղել Սփյուռքի գլխավոր հանձնակատարին:
«Հրապարակ»-ը մասնավորապես հետաքրքրվել էր. «Դուք հայտարարել եք, որ պետք է մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա, խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների և այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չենք ներկայացնում, և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում. խնդրում ենք պարզաբանել՝ սա Ձե՞ր դիրքորոշումն է, թե՞ ՀՀ կառավարությանն ու վարչապետինը ևս, և արդյոք այս ճանապարհո՞վ ՀՀ բնակչությունը պետք է դառնա 4 մլն և ավելի: Խնդրում եմ նաև բացատրեք, թե ի՞նչ է նշանակում «մեզ նման ազգերի» ձևակերպումը. ինչո՞վ են ասորիները կամ արաբները նման հայերին»:
«168.am»-ը հարցրել էր. «Քրիստոնյա արաբների մասին Ձեր վերջին հայտարարությունը միանշանակ չընկալվեց, արդյո՞ք ազգային անվտանգության տեսանկյունից վտանգներ չեք տեսնում նման հայտարարությունների մեջ, արդյո՞ք դա դեմոգրաֆիկ տեսանկյունից վտանգներ չունի»:
Հարցերին ի պատասխան՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը նկատեց. «Ես հույս ունեմ, որ հարցը տվողները գոնե մեկ անգամ նայել են այդ տեսաժապավենը, և ոչ թե՝ խմբագրած տեսաժապավենը, որի մեջ միտք արտահայտողը հանվել է տեսաժապավենից, որը լիբանանահայ, ամբողջ կյանքն արաբների մեջ ապրած Շահան Գանտահարյանն է, որի հետ ես համաձայանում եմ: Իհարկե, դա այդպես է արվում միտումնավոր ձևով, որովհետև պարզ է, որ սրա ամբողջ ենթատեքստը քաղաքական է: Խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ նայել վիդեոն, որովհետև այնտեղ այդ հարցի բոլոր պատասխանները կան»:
«Հրապարակ»-ի դիտարկումներին արձագանքելով՝ Զ.Սինանյանը սկսեց խորհուրդներ տալ՝ հաստատելով նախորդ անգամ ասված միտքը, թե՝ «երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կուզենան ապրել նաև, ասենք, հայերին նման ազգեր».
«Նախ՝ ոչ ոք չի ասել՝ «պետք է մտածել», խոսքը գնացել է նրա մասին, որ երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կուզենան ապրել նաև, ասենք, հայերին նման ազգեր, իսկ թե ինչով են նրանք նման հայերին՝ գիտեք, ես հիմա իրենց չեմ ուզում պատմության, աշխարհագրության, մշակույթի դասեր տալ, խորհուրդ կտամ՝ մեկ-երկու գիրք կարդան. այնտեղ կհասկանան, որ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային, որ հայ ժողովուրդը… նոր բան չի նրանց հետ ապրելը, և այլն»:
«Ամեն դեպքում, ուրեմն խոսքը երկու մարդկանց միջև էր, որոնք փիլիսոփայորեն քննարկում էին հարցեր, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը, և ինչ կետի կուզեինք մենք հասնել, և այնքան լավ երկիր լիներ, որ մենք կարողանայինք կլանել նաև այլ ազգերի:
Հիմա մարդիկ կան, որոնք այլ ազգերին կլանելուն դեմ են, ես հասկանում եմ դա, դա արդեն միգուցե վիճաբանության թեմա է, թե կա՞ աշխարհում որևէ պետություն, որը կարողացել է մեծանալ և հզորանալ՝ առանց երբևէ ընդունելու և կլանելու նման ազգերի»,- եզրափակեց Զ. Սինանյանը:
Լրագրողին ուղղված խորհրդի վերաբերյալ, թերևս, միայն նկատենք, որ, անգամ, եթե կան նմանություններ, որոնց մասին խոսում է Սփյուռքի հանձնակատարը, ապա որքանո՞վ է ճիշտ նրա այն դիտարկումը, թե՝ «մեզ նման ազգերի» միջոցով կարող ենք Հայաստանում դեմոգրաֆիկ իրավիճակ փոխել՝ մոռանալով, որ հայերը, ովքեր հազարավոր տարիներ ապրել են նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի նշած «մեզ նման ազգերի» երկրներում, ճիգ ու ջանք են գործադրել ու գործադրում՝ չձուլվելու ու դեմոգրաֆիկ դիմագիծը պահելու համար. սա Սփյուռքի հանձնակատարի համար, թերևս, գաղտնիք չպետք է լիներ:
Արձանագրենք նաև, որ բանախոսի՝ ազգերին կլանելու վերաբերյալ դիտարկումն իսկապես վիճաբանության թեմա է, բայց թե ինչ գրքեր է կարդացել Զարեհ Սինանյանը, կփորձենք ճշտել հաջորդիվ, քանի որ մասնագետները կվկայեն՝ առաքելադավանությամբ, էթնոլեզվաընտանիքային առումներով հայերը նման չեն նշված ազգերին: