Երևանում արձանագրվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, նաև վարորդներ, որոնք եղել են առանց դիմակի։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։ Արձանագրված նման կոպիտ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու և ՀՀ Պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։
Հավելենք, որ արտակարգ դրության պայմաններում Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու։