Ով խոսի, գոնե դու պիտի լռես…

Այս օրերին ներքաղաքական կյանքի խոհանոցում եռում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի՝ կառավարության ներկայացրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցի քննարկումը, ու ովքեր չեն ալարում, իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

Բավականին ակտիվորեն այս թեկնածությանն ընդդիմանում են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ Ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության անդամները և համակիրները, սորոսական շրջանակները, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ովքեր անգամ հայտարարությամբ հանդես եկան:

Որպես պատճառ՝ նշում են այն հանգամանքը, որ Վահրամ Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի տղան է, ով, ըստ իրենց, դակել է մարտի 1-ի մեղադրյալների գործով բոլոր դատավճիռները: Իսկ թե որտեղի՞ց է փչում հովիկը մարտյան իրադարձությունների զոհերի իրավահաջորդներին այս կեղտոտ արշավի մեջ ներգրավելու ուղղությամբ, կարծում ենք, դժվար չէ կռահել: Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր, ինքնահռչակ նախագահ, չաշխատող, սակայն շատ լավ վարձատրվող Վահե Գրիգորյանին հավանաբար պետք չէ ՍԴ-ում տեսնել Վահրամ Ավետիսյանին: Ինչո՞ւ պետք չէ՝ ինքն ավելի լավ կիմանա:

Բարձր դատարանում նրան տեսնել չի ցանկանում նաև Մարտի 1-ի գործով փաստաբան Տիգրան Եգորյանը, ում բախտը չբերեց այն առումով, որ վերջինս տարիքի հետ կապված խնդիր ունի ու չի կարող գոնե տեսականորեն երազել ՍԴ դատավորի նվիրական աթոռի մասին: Ընկերական համերաշխությունից ելնելո՞վ նա չի ուզում Վահրամ Ավետիսյանին տեսնել ՍԴ-ում, թե՞ այլ պատճառ կա, չգիտենք: Ամեն դեպքում, նա դա չի թաքցնում:

Այսօր իր ֆեյսբուքյան էջում Տիգրան Եգորյանը գրառում է կատարել Վահրամ Ավետիսյանի մասին՝ որպես նախաբան նշելով՝ «Եվ դարձյալ ՍԴ դատավորի նոր թեկնածու Վահրամ Դավթի Ավետիսյանի, մասնավորապես` նրա մասնագիտական և բարոյական հատկանիշների մասին»:

«Բայց սա դեռ ամենը չէ․ քանի որ թեկնածուն «բարձրակարգ իրավաբան» էր, այդ ժամանակ արդեն մի քանի տարի իրավաբանական գիտությունների թեկնածու, որոշել է գործի դնել իր մասնագիտական ծանրակշիռ գիտելիքներն ու հմտությունները և դիմել է դատարան՝ փաստորեն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես գալով: Բայց այս ճանապարհն իհարկե ըստ ամենայնի ընտրվել է հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով։

Կարծում եմ, որ նոր երևան եկած այս հանգամանքների լույսի ներքո անելիք ունեն բոլորը.

1. Կառավարությունը պետք է շտկի իր սխալը և ազատի Ազգային ժողովին այս և այլ հարցերի կապակցությամբ քննարկումներ կազմակերպելուց և դեմ քվեարկելուց:

2. Եթե Կառավարությունը չուզենա կամ չկարողանա շտկել իր սխալը, Ազգային ժողովը պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկման առարկա դարձնի այս և դեռ այլ հարցեր և դեմ քվեարկի այս անձի թեկնածությանը:

3. Սրան պետք է հետևեն կոնկրետ հրաժարական/հրաժարականներ այն անձի/անձանց, որոնք կանգնած են այս առաջադրման հետևում:

4. ՀՀ պետեկամուտների կոմիտեն պետք է ստուգի, թե արդյոք այս անձը հիշյալ գույքից ստացված եկամուտներից կատարել է իր հարկային պարտավորությունները:

5. Իրավապահները պետք է գործ հարուցեն և բազմակողմանի քննություն իրականացնեն այս փաստերով (կամ վաղեմության ժամկետի հիմքով «թեկնածուի» առարկության բացակայության պայմաններում, գործը կարճվի):

Սա է մեզ բարոյականության և ժողովրդավարության բարձր արժեքներին համահունչ ապրելու վերաբերյալ խրատող «դոկտորի և պրոֆեսորի» արժեքային պատկերի մի մասը։ ԱՌԱՅԺՄ․․․»,- մասնավորապես գրել է Տիգրան Եգորյանը:

Իրավաբան Տիգրան Եգորյանը իրավաբան, գիտությունների դոկտոր Վահրամ Ավետիսյանի մասին ասում է՝ «բարձրակարգ իրավաբան»՝ հեգնելով ու ըստ ամենայնի կասկածի տակ առնելով նրա մասնագիտական կարողություններն ու ունակությունները:

Մասնագիտական սոլիդարության մասին հեռավոր պատկերացում անգամ չունեցող Տիգրան Եգորյանից բացի, տեղյակ չենք, էլ ո՞վ է կասկածում Վահրամ Ավետիսյանի մասնագիտական հմտություններին, թերևս, մեկ էլ երևի Վահե Գրիգորյանը, բայց իրավաբանական համայնքում շատ լավ են տեղյակ թե՛ մեկի, թե՛ մյուսի մասնագիտական, մարդկային ու բարոյական հատկանիշներից:

Ու երբ Տիգրան Եգորյանը խոսում է այն մասին, թե ում որդին է Վահրամ Ավետիսյանը, լավ կլինի՝ հիշի, որ ԵՊՀ-ն ինքն ավարտել է բացառապես երջանկահիշատակ Էդվարդ Եգորյանի որդին լինելու շնորհիվ: Շատ-շատերն իրավաբանական ֆակուլտետում, դասախոս թե ուսանող, հիշում են՝ ինչպիսի ուսանող էր Տիգրան Եգորյանը, ինչպես էր սովորում, ինչ գիտելիքներ ուներ, ինչ շրջապատում էր իրեն լավ զգում, ինչից փրկվեց հոր ընկերների ու ուսանողների շնորհիվ, և որտեղ կլիներ ինքը հիմա, եթե նա չլիներ Էդվարդ Եգորյանի որդին:

Այնպես որ, վատ չի լինի երբեմն հիշել սեփական անցյալը. դա երբեմն ոչ միայն շատ հաճելի է, այլև օգտակար:

Տեսանյութեր

Լրահոս