«Այսուհետև ինչ Նարեկ Սարդարյանի հետ պատահի, Եվրոպայի խորհուրդն ուղղակիորեն կվերագրի Ադրբեջանին». Արա Ղազարյան

Երեկ արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։

Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով կիրառել հրատապ միջոց:

Իսկ ավելի վաղ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն էր մյուս փաստաբանների հետ հաջողություն գրանցել ՄԻԵԴ-ում արդեն իսկ 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի գործով:

«ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Ադրբեջանում անհայտ պայմաններում հայտնված Կարեն Ղազարյանի գործը, ում Ադրբեջանում դատապարտել էին 20 տարի ազատազրկման՝ առանց ապահովելու վերջինի հիմնարար իրավունքների իրացումը: ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանին ուղղված թվով 12 հարցերը վերաբերում են Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին»,- նշված էր ստացված տեղեկատվության մեջ:

168.am-ն այս 2 վճիռների և դրանց հաջորդող գործընթացների մասին զրուցել է վերջինների փաստաբաններից Արա Ղազարյանի հետ:

– Տեղեկացանք, որ Նարեկ Սարդարյանի գործով ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքը, իսկ Կարեն Ղազարյանի դեպքում գործն արդեն կոմունիկացվել է: Ի՞նչ է հետևելու այս երկու իրողություններին:

– Նախ՝ այս երկու գործերը շատ նման են: Եթե հետ գնանք երկու տարի, այն որոշումը, որ երեկ կայացվեց Սարդարյանի գործով, երկու տարի առաջ հուլիսի 17-ին կայացվեց Կարեն Ղազարյանի գործով: Ուղղակի Կարեն Ղազարյանի գործը, արդեն 2 տարի է, հոսում է: Ինքը պահվում է անազատության մեջ, առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի: Ուստի ընթացակարգային առումով շատ նման են, նույնիսկ փաստերն են նման: Այսինքն՝ կրկին սահմանամերձ տեղանք, որտեղ անձն իր խաղաղ քաղաքացիական կյանքով է ապրում: Մեկը համակարգչի առջև նստած՝ աշխատում է, մյուսն իր անասուններն էր արածեցնում, իր փոքրիկ ֆերման ուներ: 2 դեպքում էլ գտնվում են սահմանից մոտավորապես 1.5-2 կմ հեռավորության վրա, ու հանկարծ անձը անհետանում է ու հաջորդ օրը հանկարծ հայտնվում է Ադրբեջանում, և սկսվում են լեգենդներ: Մի դեպքում՝ Կարեն Ղազարյանը ներկայացվում է՝ որպես դիվերսանտ, ահաբեկիչ, Նարեկ Սարդարյանի դեպքում արդեն փոխում են փաստերը: Անընդհատ են փոխում, ի դեպ, որովհետև Եվրոպական դատարանի հակակշիռը կա:

Եվ ներկայացվում է, որ, իբր թե Նարեկ Սարդարյանն ասում է՝ իր երազանքն է եղել գնալ Ադրբեջան, և ահա վերջապես իր երազանքն ի կատար ածվեց՝ դիմել ապաստանի համար: Խոսում էր ինչ-որ քաղաքական հետապնդումներից կրոնական համոզմունքների պատճառով, և այլն: Փաստը մնում է փաստ, որ նրա հետ անմիջական կապի մեջ չեն կարողանում մտնել, մինչդեռ պետությունը պարտավոր է այդ կապն ապահովել: ՄԻԵԴ-ը բավարարեց այդ պահանջներից մեկը, որ՝ խնդրում ենք ապահովել կապի հնարավորություն, այսինքն՝ պարտադրեց դա անել: Դա շատ կարևոր բան է, որովհետև այսպես ի դերև է ելնում լեգենդը: Ինչո՞ւ Կարենին հնարավորություն չեն տալիս խոսելու… Որովհետև լեգենդ են հյուսել նրա մասով, ու եթե վերջինը խոսի, այդ լեգենդը փլվում է: Իհարկե, անազատության մեջ գտնվող մարդուն չի կարելի ամբողջությամբ հավատալ, որովհետև նա անազատության մեջ է ու կաշկանդված:

– Եվ հատկապես, եթե անազատության մեջ է գտնվում թշնամի երկրում:

– Այո, և հատկապես այդ դեպքում: Դա էլ է, իմիջիայլոց, շատ կարևոր: Հարցերից մեկով մենք տեսնում ենք Մանվել Սարիբեկյանի գործի արձագանքը, ինչը նախկինում երբեք չի արվել: Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ն ասում է՝ արդյո՞ք նրա կյանքը վտանգի տակ է եղել և ձերբակալելիս, և կալանավորելիս, և ազատազրկելիս՝ հաշվի առնելով Ադրբեջանում թշնամական վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նման հարց ՄԻԵԴ-ը նախկինում չէր տալիս, և պարզ է, որ սա Սարիբեկյանի վճռից հետո է դարձել պրակտիկա: Վարույթի ամենասկզբում տալիս է նման հարց, որովհետև հաստատել է, որ Ադրբեջանում կա հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ, և դա ոչ միայն հրահրվում և ուղղորդվում է պետական մարմինների կողմից, այլև դա է եղել մահվան պատճառը: Այդ առումով Եվրոպական դատարանը բավականին առաջ է գնացել: Մյուս կողմից էլ՝ փաստերն այնքան շատ են վերջին 10 տարվա մեջ, որ արդեն հնարավոր էլ չէ դա չարձանագրել: Եվ եթե որևէ դատարան էլ դա չարձանագրի, արդեն ինքն է արժեզրկվում, ուստի անընդհատ մենք ունենք նոր իրավիճակ:

– Հիմա Ադրբեջանն ի՞նչ պետք է անի: Օրինակ, կոնկրետ Կարեն Ղազարյանին թույլ կտա՞ հեռախոսով խոսել ընտանիքի կամ փաստաբանների հետ:

– Թույլ կտա թե ոչ՝ չգիտեմ, բայց կարծում եմ՝ պարտավոր է դա անել: Հարցերից մեկն այն է նաև, թե հնարավո՞ր է կապ հաստատել, թե՞ ոչ: Հայաստանից մեխանիկորեն դա անել հնարավոր չի, քանի որ համակարգային խնդիր կա, բայց մենք փորձել ենք ԱՄՆ-ից էլ զանգել, կալանավայր էլ ենք զանգել, խոսել ընդունարանի հետ, Գլխավոր դատախազություն նամակ էլ ենք գրել: Այդ ամենը փաստերի շարադրանքում կա: Իսկ դրան ի պատասխան՝ Ադրբեջանը պաշտոնապես ասում է՝ զորքերը դուրս կբերեք Ղարաբաղից, մենք կհամագործակցենք: Սա կոմիկական վիճակ է՝ սովորական քրեական գործի շրջանակներում քաղաքական պահանջ են առաջ քաշում:

– Իսկ Եվրոպական դատարանը դրան ինչպե՞ս է նայում:

– Բնականաբար, ՄԻԵԴ-ն իր դժգոհությունն արդեն արտահայտել է Սարիբեկյանի գործով: Ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչի վրա ադրբեջանցիները միշտ հղում են կատարում, հիմք չէ, որ պետական մարմինները չհամագործակցեն հարևան պետության պետական մարմինների կամ գոնե տուժողի հարազատների հետ: Եվ այնուհետև Սարիբեկյանի գործով կրկին շարադրում է փաստը. ամբողջ ժամանակահատվածում իշխանությունները նույնիսկ փորձ չեն արել կապ հաստատել նրա ծնողների հետ, կամ անգամ նրանց դիմումներին չեն պատասխանել: ՄԻԵԴ-ը նայում է ոչ թե տարածաշրջանային կառուցակարգերին, այլ Եվրոպայի խորհրդի, իսկ այնտեղ քաղաքական, մարդու իրավունքների վակուում չպետք է լինի: Եվ Ղարաբաղը, թեև չճանաչված պետություն է, բայց միևնույն ժամանակ՝  ճանաչված է՝ որպես Եվրոպայի խորհրդի տարածք՝ անկախ նրանից, թե Հայաստանի կողմի՞ց է վերահսկվում, Ադրբեջանի՞, թե՞ չճանաչված պետության գործադիր, օրենսդիր ու դատական մարմինների կողմից: Հետևաբար՝ կոնվենցիան պետք է այնտեղ գործի, մարդու իրավունքները պետք է այնտեղ հարգեն: Այլ բան է, թե որ պետությունն է տվյալ դեպքում դրա երաշխավորը կամ պատասխանատուն: Բայց Եվրոպայի խորհրդում մուգ բծեր չպետք է լինեն, ինչպես որ տարիներ առաջ էր, երբ սկանդալային բացահայտման արդյունքում պարզվեց, որ Եվրոպայի խորհրդի տարածքում ամերիկյան գաղտնի բանտեր կան: Դրա արդյունքում վճիռներ կայացվեցին՝ ընդդեմ Լատվիայի, Լեհաստանի, և այդ բանտերում պահված անձանց, այդ թվում՝ Իրաքի, Աֆղանստանի քաղաքացիների իրավունքները համարվեցին խախտված Կոնվենցիայի ուժով:

– Նարեկ Սարդարյանի գործով միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքի բավարարումն ի՞նչ հնարավորություններ է տալու մեր քաղաքացուն:

– Առաջին հերթին՝ նա հայտնվում է Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի պաշտպանության տակ, այսինքն՝ հայտնվում է միջազգային պաշտպանության տակ:

– Կյանքին վտանգ չի՞ սպառնա:

– Առաջին հարցը հենց դա է՝ անվտանգություն և նրա ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիություն: Դա նշանակում է՝ Նարեկն անցնում է միջազգային պաշտպանության տակ: Այսուհետև ինչ Նարեկ Սարդարյանի հետ պատահի, ուղղակիորեն վերագրվում է Ադրբեջանին՝ բավականին ծանր բեռով: Այսինքն՝ առաջին հերթին՝ սա երաշխիք է կամ առնվազն գոնե հակակշռող գործոն, որ Նարեկ Սարդարյանի կյանքին վտանգ չի սպառնա: Մենք հիշում ենք Կարեն Պետրոսյանի գործը, որին մեկ օր հետո սպանեցին ու ասացին՝ մահացել է սրտի անբավարարությունից: Հիմա, փառք Աստծո, նման բաներ չեն կրկնվում, բայց որպեսզի նման բաները բացառվեն, պետք է գործեն մեխանիզմներ: Միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմն առնվազն գոնե ավելի ուժեղ զսպող մեխանիզմ է, քան Հայաստանի քաղաքական ինչ-ինչ լծակների դիմելը:

Մենք ունեցանք զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի դեպքը, ով մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում, բայց հետո՝ բավականին ժամանակ անց, երրորդ երկրի միջոցով վերադարձվեց Հայաստան: Կարեն Ղազարյանի և Նարեկ Սարդարյանի դեպքում հնարավոր համարո՞ւմ եք այս սցենարի կրկնությունը:

– Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Դա բազմաթիվ հանգամանքներից է կախված, որն իրավական գործընթաց չէ: Մենք կարող ենք քիչ թե շատ վերահսկել իրավական գործընթացի ընթացքը՝ մշակելով որոշակի տակտիկաներ և փորձելով դրանք իրականացնել: Բայց երրորդ երկիր ուղարկելը նախ՝ կապված է ապաստան հայցելու հետ: Նարեկ Սարդարյանը ենթադրաբար հայցել է ապաստան, բայց թե հետագա իրադարձություններն ինչպե՞ս կզարգանան, ես դժվարանում եմ ասել: Շատ բաներ չեմ ուզում ասել, որովհետև դա ցավ է պատճառում հարազատներին:

– Բացի գերիների փոխանակությունից, կա՞ արդյոք իրավական ճանապարհ իրենց երկուսին հայրենիք վերադարձնելու համար:

– Մեզ այս պահին միայն Եվրոպական դատարանի ընթացակարգն է հասու: Այլ դատարաններ իրենց իրավազորությունը չեն կարող տարածել, փաստերը համապատասխան չեն: Այստեղ իրավական գործընթացը սպառված է: Իհարկե, կա նաև ՄԱԿ-ի շրջանակներում գործող դատարան, բայց դա բավականին թույլ է: Բայց մենք ապագայում մտածում ենք դիմել Մարդու իրավունքների կոմիտեին: Ուղղակի մեր տարածաշրջանում Եվրոպական դատարանը շատ ավելի արդյունավետ է, քան, եթե դիմենք Մարդու իրավունքների կոմիտեին: Եթե ռասիզմի վերաբերյալ դեպքեր լինեն, կարելի է դիմել ՄԱԿ-ի մի շարք դատական մարմիններին, այդ թվում՝ նաև, իհարկե, դեռ բաց է մնում երկու կողմերի համար ամենակարևոր իրավական գործընթացը՝ միջպետական դատավարության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ ՄԻԵԴ-ում, կամ ՄԱԿ-ի՝ Արդարադատության միջազգային ատյանում:

– Այս պահին կարո՞ղ ենք հանգիստ լինել, որ Նարեկ Սարդարյանի մասով առնվազն նրա կյանքի վտանգ չի սպառնում:

– Առնվազն ես վստահաբար կարող եմ ասել, որ նա միջազգային պրոտեկտորատի տակ է: Իհարկե, 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, բայց այսօր երաշխիք ավելի շատ կա, քան երեք օր առաջ: Ընդ որում, ՄԻԵԴ որոշումն իմպերատիվ է, և այդ ակտի մեջ դատարանը, որպես կանոն, կողմերին զգուշացնում է, որ սա պարտադիր կատարման ենթակա է: Այսինքն՝ դուք պարտավոր եք ոչ միայն համագործակցել, այլև բարեխիղճ կերպով ողջ ինֆորմացիան տրամադրել:

Տեսանյութեր

Լրահոս