Փաշինյանը Հայաստանը վերածում է թվային համակենտրոնացման ճամբարի, ուր ոչ ոք չպետք է վստահի մյուսներին․ Ավետիք Քերոբյան
Ընդհանրապես, Փաշինյանի հայտարարություններին պետք է նայել միայն մի տեսանկյունից՝ իր ամբողջ խոսույթով նա փորձում է արժեզրկել մեր բոլոր արժեքները, կազմաքանդել մեր հանրային և պաշտպանական արժեհամակարգը և առհասարակ բոլոր համակարգերը։ Եթե նայենք՝ ինչ է արել իր իշխանավարման ընթացքում, ամեն ինչ քանդած է։ Նույնիսկ մեծ խոստումներ տալուց, կառավարության ծրագրեր կազմելուց հետո կա դրանց կատարողականը, ինչը վկայում է այն մասին, որ ուղղակիորեն զբաղված են քանդելով։ Որևէ բան չեն սարքել, որ մատով ցույց տաս, ասես՝ այս մի բանը սարքել են։ Ցանկացած նոր իշխանություն պետք է ուշադիր հետևի, թե ինչ են արել վերջին վեց տարում, ինչն են քանդել, և առաջին գործողությունը պետք է լինի այն ամենը վերականգնելը, ինչը սրանք քանդել են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։
«Արժեհամակարգը քանդվում է շատ տարբեր եղանակներով, օրինակ՝ փոխադարձ անվստահության հանրային մթնոլորտ ստեղծելով։ Այսօր որևէ տեսակի վստահության մեխանիզմ գոյություն չունի, և այս թվային համակենտրոնացման ճամբարը, որը ստեղծում են՝ չգիտես ում ծրագրով, նաև դրան է վերաբերում, որ բոլորը բոլորին սկսեն չվստահել։ Փաշինյանի ամբողջ խոսքը հանգում է նրան, որ որևէ մեկն այլ մեկին չվստահի, որևէ տեսակի համախմբման մեխանիզմ չձևավորվի, ցանկացած տեսակի հանրային կամ որևէ այլ տիպի համախմբման նախաձեռնություն քանդվի, պախարակվի, պիտակավորվի, և որևէ բան տեղի չունենա, որը կվնասի կամ կվտանգի այս իշխանությանը։ Միայն այս տեսանկյունից է պետք նայել կատարվողին։ Ցանկացած այլ բացատրություն, թե իբր ուզում են այլ բան սարքել՝ այն, ինչ իրենց կամ ինչ-որ խմբի է հարմար, անտեղի է։ Պետք է նայել միայն այն տեսանկյունից, որ ավերվում է ամեն ինչ»,- ասաց Քերոբյանը:
«Փաշինյանը հրեշացնում է ոչ միայն բանակը, այլև կամավորությունը։ Ընդհանրապես, կամավորությունն ամբողջ աշխարհում համարվում է արժեքավոր գործունեություն, կամավորն իր ժամանակն ու ռեսուրսը զոհաբերելով՝ անում է մի բան, որը չի կարողացել անել այս կամ այն մարմինը կամ կազմակերպությունը։ Այդ կամավորությունը նա նույնպես նսեմացնում ու արժեզրկում է։ Խոսքը ոչ թե ինչ-ինչ ծրագրեր, դավեր նյութող խմբերի, այլ հայրենանվեր, անձնվեր, հայրենասեր, նվիրված անձանց մասին է, որոնք իրենց ժամանակը, դրամական և ֆիզիկական ռեսուրսները զոհաբերում են՝ անելու այն գործը, որն այսօր իրականում չեն անում պետական իշխանության մարմինները։ Մարզված չլինելով, նյութական և տեխնիկական ռեսուրսների սակավությամբ՝ այդ կամավորներն այսօր անում են այն, ինչը չի անում պետական ապարատը»,- նշեց նախկին պաշտոնյան:
Քերոբյանի պնդմամբ՝ միայն բանակը չէ, որ մեր անվտանգության երաշխավորը պիտի լինի. «Դա պետք է անի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը, որում դեր ունեն և՛ բանակը, և՛ տարածքային պաշտպանության ուժերը, և՛ ամբողջ հանրությունը։ Եթե մեկը զբաղված է հայրենիքի պաշտպանության գործով, կանգնած է առաջնագծում, իսկ հանրության մի մասը ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, Երևանի փողոցներում գինի է խմում, երբ պատերազմ է ընթանում, դա վտանգավոր հանրություն է, այդտեղ չկա հանրային համաձայնություն, թե ինչ է պետք անել հայրենիքի պաշտպանության համար։ Իսկ հայրենիքի պաշտպանությունն այսօր երևի միակ գաղափարն է, որը կարող է միավորել, միայն այդ գաղափարից այսօր կարելի է բռնել, որ չընկնես, և հայրենիքն էլ չընկնի»:
«Տարատեսակ ամբիոններից օգտագործելով այս գաղափարները՝ Փաշինյանը պղծում է դրանք։ Չի կարելի ասել, որ եթե վարչապետը, անվտանգության խորհրդի քարտուղարը կամ այլ մեկը խոսեց այդ մասին, ուրեմն՝ վերջ, գնացին անելու։ Հակառակը՝ անելուց հետո միայն պետք է ասեն, որ կառուցում և կազմակերպում են այդ համակարգը։ Սրանք հրաժարվել են իրենց սահմանադրական գործառույթներից։ ԳՇ պետը, որը փոքրաթիվ սահմանադրական պաշտոններից մեկն է, նույնպես անհեթեթ հայտարարություններ է անում, և փոխանակ ամրացնեն բարոյահոգեբանական վիճակը բանակում, զբաղված են բուտաֆորիկ ատեստացիաներով»,- ամփոփեց ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում