Թրամփի հաղթանակն ինձ համար կարևոր էր նաև այլ դիտանկյունից. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոքնալդ Թրամփի ընտրություններին.
«ԱՄՆ նորընտիր նախագահի հետ աշխարհի տարբեր մասերում տարբեր հույսեր են կապում։ Ակնհայտ է, որ այդ բոլոր սպասումները Թրամփի ընտրությունն արդարացնել չի կարող։ Հաճախ խոսվում է գեոպոլիտիկ լարվածության թուլացման հնարավորության մասին՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։ Անշուշտ, այդ գլոբալ պայքարի թուլացումը որոշակի պատուհան կբացի նաև մեր տարածաշրջանում, որից օգուտով դուրս գալու համար կպահանջվի այս ռեժիմի օրոք անհնարին հմուտ դիվանագիտական խաղ։
Արևմուտք-Ռուսաստան առճակատումը կփոխարինվի ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Իրան տարաձայնությունների խորացմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նոր զարգացումներով։
Թրամփի հաղթանակն ինձ համար կարևոր էր նաև այլ դիտանկյունից։ Անկախ իր վրա կարվող տասնյակ գործերից, դատաիրավական, տեղեկատվական ռեպրեսիաներից և ճնշումներից, նա ապացուցեց, որ պայքարող և գաղափարական մարդուն կոտրել հնարավոր չէ։ Սպանել, վերացնել հնարավոր է, բայց կոտրել՝ երբե՛ք»։