ԱՄՆ-ն իր քիթը չպետք է խոթի Ռուսաստանի դեմ Ուկրաինայում․ Ջեֆրի Սաքս
Աշխարհահռչակ տնտեսագետ, վերլուծաբան Ջեֆրի Սաքսն այսօր հայ հանրային շրջանակների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով միջուկային գերտերությունների հարաբերություններին՝ նկատեց, որ նրանց համար պետք է գործի կանոն՝ մի՛ կանգնիր մյուս գերտերության պոչին, մի՛ անհանգստացրու, հեռավորություն պահիր, խելամիտ եղիր։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը սա բոլորովին չի հասկանում։
«Ճիշտ հակառակը՝ ԱՄՆ գաղափարն է ճիշտ՝ քիթ քթի առերեսվել. մենք հիմա սա ենք անում Ուկրաինայում և Չինաստանում։ Նախ՝ սա Ուկրաինայում է արվում, ինչո՞ւ, քանի որ ԱՄՆ-ը ասաց՝ ՆԱՏՕ-ն կընդլայնենք դեպի Ուկրաինա։ Իսկ ռուսներն էլ ասացին՝ դուք խոստացաք, որ ՆԱՏՕ-ն 1 սանտիմետր անգամ Արևելք չի գա՝ ձեր գլխավոր քարտուղարն այդպես ասաց նախագահ Գորբոչովին,- հիշեցրեց վերլուծաբանը՝ նկատելով նաև,- Նրանք դա ասացին և ստեցին, քանի որ, երբ արդեն միությունը փլուզվեց՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղի ունեցավ։ Եվ գաղափարը հետևյալն է՝ ԱՄՆ-ը այնքան հզոր է, որ Ռուսաստանն ընտրություն չունի, այլընտրանք չունի։ ՆԱՏՕ-ի առաջին ընդլայնումը եղավ դեպի Կենտրոնական Եվրոպա, Հունգարիա, Լեհաստան։ Հաջորդ ընդլայնումը տեղի ունեցավ դեպի Բալթյան երկրներ՝ Ռումինիա, Սլովենիա, Բուլղարիա և Սլովակիա»։
Այս համատեսքտում՝ նա հիշեցրեց տեսաբանների կանխատեսումը, որ ՆԱՏՕ-ն իր ազդեցությունն է մեծացնելու Սևծովյան երկրներում։ Ըստ նրա՝ 2008 թվականին ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի հանձնառությունն առաջ տարավ, որ ՆԱՏՕ-ն օգտագործի Վրաստանում և Ուկրաինայում, իսկ Վրաստանն էլ կերավ խայծը։
«Ամերիկացիները նրանց ասացին՝ մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առա՛ջ։ Անշուշտ, ԱՄՆ-ը ոչ մեկի մեջքին էլ կանգնած չէ,- ասաց վերլուծաբանը՝ հիշեցնելով վրացական զարգացումները, ապա նկատեց,- Ուղղակի ԱՄՆ-ը շարունակաբար փորձում է ընդլայնել ՆԱՏՕ-ն, իսկ Ռուսաստանը շարունակ ասում էր՝ չե՛ք գնալու Ուկրաինա, դա 2100 կիլոմետրանոց սահման է, դուք չեք դնելու ամերիկյան հրթիռներ։ ԱՄՆ-ը ասաց՝ ձեր գործը չէ, դա Ուկրաինայի գործն է, նրանք ազատ են ընտրելու։ Այդ պատճառով էլ պատերազմ սկսվեց։ Եվ նրանք այս պատերազմը պարտվելու են, Թրամփը գալու է և ձեռքերը լվանալու է»։
Մանրամասները՝ տեսանյութում