«Չիպոլինոյի արկածները» ամենապահանջվածն է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
Երկրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» երրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը չորրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Հինգերորդ հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
«Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին, վեցերորդ հորիզոնականում է: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության հետ որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
«Ով է ապրում տնակում» հեքիաթը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդներ գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» ութերորդ տեղում է: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ և խաբեբայությամբ զբաղվել, անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկել, աղբյուրի ակունքը կեղտոտել… Եվ, իսկապես, ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել, իսկ եթե արդեն կատարել ես այդ արարքներից մեկը, ապա անպայման դու, որպես մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապես կկորչես, ինչպես այս գրքի Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժվար ճանապարհ պետք է անցնել:
Իններորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկից հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակներ փոքրիկ ընթերցողների համար:
Տասներորդ հորիզոնականում է Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը»: Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթկթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկները: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը