Բաժիններ՝

«Հաղորդում եմ տալու, որ չարամտորեն խուսափում են դատական ակտի պահանջը կատարելուց». Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանն ահազանգում է

Առաքել Մովսիսյանի որդու` Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը հուլիսի 18-ին դատարանից ստացել է իր պաշտպանյալի իրավունքների և օրինական շահերի խախտումն արձանագրած որոշումը, որը կից գրությամբ ներկայացրել է  վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով կատարել դատարանի որոշման պահանջը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը բավարարել է Դ. Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանի բողոքը՝ արձանագրելով պաշտպանյալի իրավունքների խախտումը և պարտավորեցնելով նախաքննական մարմնին՝ վերացնել այն. «Ինձ հայտնեցին, որ իմ բողոքը բավարարվել է՝ ինչը նշանակում է, որ արձանագրվել է Դավիթ Մովսիսյանի իրավունքների խախտում, իսկ իրավունքների խախտումը վերաբերել է Դ. Մովսիսյանի հեռախոսազանգերի ու տեսակցությունների վրա դրված արգելքին»:

Այսօր 168.amի հետ զրույցում Գոռ Գևորգյանը տեղեկացրեց, սակայն, որ քննչականը նրա գրությունը դիտել է՝ որպես միջնորդություն, իսկ դատարանի որոշումը` որպես ոչ պարտադիր կատարման ակտ՝ անտեսելով այն հանգամանքը, որ նշված որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և անհապաղ ենթակա են կատարման. «Քննչականը և դատախազությունը, ինչպես միշտ, իրենց ունիկալ հակաիրավական մտածելակերպով զարմացնում են ինձ, որովհետև երևակայությունն իրավական նման թռիչք չի կարող ունենալ, որ ենթադրի, թե դատախազությունն ու քննչականն ինչպես կարող են մեկնաբանել որոշումը:

Կոնկրետ  այդ տիպի դատական ակտերը պարտադիր կատարման են ենթակա հրապարակման պահից, քանի որ ուժի մեջ են մտնում: Բայց քանի որ որոշման վերջնամասում գրված է, որ ունեն տասնօրյա բողոքարկման ժամկետ, իրենք այդ ժամկետը փորձեցին մեկնաբանել, թե ուրեմն դա այն դատական ակտերից է, որոնց ուժի մեջ մտնելը բողոքարկման ժամկետը սպառելուց հետո է:

Հիասթափեցրեցի իրենց՝ օրենսգրքի համապատասխան հոդվածը մեջբերում անելով, խնդրեցի ընդամենը կարդալ, որ այն դատական ակտերը, որոնք ըստ էության չեն, դրանք  հրապարակման պահից են օրինական ուժի մեջ մտնում: Ու որպեսզի դատարանի որոշումը շուտ հասնի իրենց, սովորական գրություն էի պատրաստել. կից գրությամբ դատարանի որոշումն առձեռն տվել էի, այն ընդամենն ուղղորդող գրություն էր, որ դատախազության, էլի ունիկալ պատկերացման արդյունքում, ասել էին, որ այն պետք է ընդունեն՝ իբրև միջնորդություն»:

Փաստաբանը հավելեց, որ  դատարանի որոշման պահանջը կատարելու համար տվել է վերջնաժամկետ. «Ես իրենց  հետ խոսելիս ուղղակի ասեցի՝ այսօր որպես իրենց վերջնաժամկետ, եթե այսօր դատարանի որոշման պահանջը չկատարվի, մինչև երեկոյան Հատուկ քննչական ծառայություն հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին՝ դատախազության ու քննչական մարմնի դեմ, քանի որ երկուսն էլ հավասարաչափ անտեղյակության արդյունքում խնդիր են առաջացնում: Հաղորդում եմ տալու, որ դատական ակտի պահանջը չեն կատարում, չարամտորեն խուսափում են կատարելուց»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս