Հաճախականությունների թափուր հասկացողությունը հետայսու չի լինելու
Այսօր ԱԺ-ում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրել է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Ըստ Ամալյանի` հաշվետու տարում հանրապետությունում գործել է 94 հեռուստաընկերություն և 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է հանրապետական և մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 2040 եւ տարածքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 1233 օրերի ուղղակի դիտարկումներ: Հանձնաժողովը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթները խախտելու համար նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությանը:
Ըստ Գ. Ամալյանի` ՀՀ քաղաքացիներից և կազմակերպություններից ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն ստացել և ուսումնասիրել է 31 դիմում-բողոք, որոնք վերաբերել են հեռուստառադիոընկերությունների հաղորդումների անորակ լինելուն, լեզվի անաղարտության խնդրին, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն և այլն: Մեկ բողոք վիճարկվել է դատական կարգով:
Նա նաև տեղեկացրել է, որ գովազդի տեւողությունը չպետք է գերազանցի օրենքով նախատեսված 14 րոպեն, այնինչ, բացի գովազդից, կան նաև այլ տիպի ընդհատումներ, որոնց ժամանակը սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում համապատասխան փոփոխություն կատարել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գ. Ամալյանից հետաքրքրվեց, թե քանի՞ հեռուստահաճախականություն կա. «Չկա՞, թե՞ վաաբշե չկա»,- հետաքրքրվեց նա:
Ի պատասխան, Գ. Ամալյանն ասաց, թե դեպի թվային հեռարձակում կատարելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունից հետո հաճախականությունների ցանկն իսպառ վերացվել է, և օրենքը սահմանել է, թե քանի հեռուստաընկերություն կարող է լինել: Նրա հավաստմամբ` Երևանում անալոգային հաճախականություններ ավելացնելն այլևս անհնար կլինի: «Հաճախականությունների թափուր հասկացողությունը հետայսու չի լինելու»,- ասաց Գ. Ամալյանը: