Բաժիններ՝

Բուժհաստատությունները՝ թիրախի տակ․ Կառավարությունն ընդլայնում է առողջապահության նախարարի լիազորությունները

Ի՞նչ էր լինելու, եթե չլիներ համավարակի պատրվակը, կամ ի՞նչ հիմնավորմամբ էր Կառավարությունն ընդլայնելու առողջապահության նախարարի լիազորությունները։

Բանն այն է, որ երեկ՝ հուլիսի 9-ին, Կառավարությունը հերթական նիստի ընթացքում հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության նախարարությանը` անկախ նրանից, թե տվյալ հաստատությունները գտնվում են մասնավո՞ր, թե՞ պետական հաշվեկշռում։

Նախագծով ՀՀ առողջապահության նախարարությանն օժտում են նաև մեկ այլ լիազորությամբ, այն է՝ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացում ներառել և վերաբաշխել բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմին, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո ներգրավել նաև համապատասխան մասնագիտացում, սակայն որակավորում չունեցող բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին։

Փաստացի, արտակարգ դրությամբ առաջացած անհրաժեշտության պատրվակով կամ գուցե սեփական շահերից ելնելով՝ Կառավարությունը լրջորեն միջամտում է անձի սեփականության, աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին, որոնց կրողն են՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձինք, այս դեպքում՝ և՛ բուժհաստատությունները, և՛ այդ հաստատությունների բուժաշխատողները։

Առավել մտահոգիչ է նախագծում ներառված «կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին» արտահայտությունը․ ի՞նչ է նշանակում «կառավարման լիազորություն» ասվածը։ Ո՞վ կարող է հստակ բացատրություն տալ, թե ինչպե՞ս է դրսևորվելու այդ կառավարումը և ի՞նչ սահմանների շրջանակներում․ լրջագույն հարցեր, քանի որ հավանություն ստացած նախագիծը զուրկ է հստակ ձևակերպումներից, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել չափազանց լայն և, չի բացառվում, ռիսկային նպատակներով։

Նախագծում առկա անորոշ կարգավորումների պայմաններում գուցե ստեղծվի մի իրավիճակ, երբ ՀՀ առողջապահության նախարարը որոշում կայացնի, թե ով պետք է իրականացնի այս կամ այն բժշկական հաստատության ղեկավարումը, կամ ինչպես պետք է կառավարվեն այդ կազմակերպության մարդկային և գույքային ռեսուրսները, ինչն իր հերթին՝ կնպաստի կազմակերպության ռազմավարության կտրուկ փոփոխությանը, որի արդյունքում կազմակերպությունը կարող է քայքայվել և հետագայում դուրս մղվել շուկայից: Եվ այս մտավախություններն առավել քան իրատեսական են, քանի որ իր պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աչքի է ընկել բուժհաստատություններում հնարավոր և անհնարին միջոցներով ղեկավար հաստիքներից իրեն ոչ ցանկալի մարդկանց հեռացնելու և իր մտերիմներին նշանակելու, մի շարք բուժհաստատություններ, ընդ որում՝ որոշները՝ նեղ ուղղվածության, փակելու անհեռատես որոշումների և համավարակի դեմ պայքարում ազգաբնակչության կյանքի հաշվին բուժհաստատությունները յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու գործելաոճով։

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ «կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակում պետական ռեսուրսները բավարար չեն բնակչությանը որակյալ և անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար, ուստի համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել», սակայն ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե պետական ռեսուրսների պակասությունն է, այլ՝ սխալ կառավարումը։ Շաբաթներ շարունակ մարդիկ ահազանգում էին, որ սպասում են հոսպիտալացման իրենց հերթին, իսկ նախարար Արսեն Թորոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրը մեկնաբանում էին մահճակալային ֆոնդի պակասով, բայց պարզվում է, որ նախարարությունը միայն իքս քանակի բուժհաստատությունների հետ է որոշել աշխատել։

Քանի՞ մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներ պատրաստակամություն էին հայտնել ներգրավվել համավարակի դեմ տարվող պայքարում, բայց մերժում ստացել, իբր թե հաստատությունները չեն համապատասխանում հակահամաճարակային կանոններին։

Հիմա այս նախագծի ընդունմամբ այդ անհամապատասխանությունը միանգամից վերացա՞վ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից միայն 36-ը կամ 28.8% է մասնավոր և սեփականաշնորհված, իսկ մնացած հիվանդանոցները գտնվում են Առողջապահության նախարարության կամ պետական այլ գերատեսչության կառավարման ներքո:

Բացի այդ, Կառավարության կողմից չի ներկայացվել որևիցե հաշվարկ, որը ցույց կտար, թե որքան մահճակալային ֆոնդ կա Կառավարության տրամադրության տակ, և որքան հավելյալ մահճակալ կամ բժշկական անձնակազմ է անհրաժեշտ, որպեսզի պետությունը կարողանա իրականացնել բնակչության բժշկական օգնությունը:

Ինչպե՞ս է հնարավոր գնահատել այս որոշման արդիականությունն ու կարևորությունը, երբ Կառավարության նիստի ժամանակ նշվում է, որ ներկայումս չկա բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդ, որը հիվանդանոցային անբավարար պայմանների պատճառով չի հոսպիտալացվում:

Վերացական հիմնավորումների, հաշվարկների ու թվային պատկերների բացակայության լույսի ներքո, սակայն, Կառավարությունը շատ մեծ հաճույքով հաշվարկում է հնարավոր նոր տուգանքները՝ հավանություն տալով արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ կիրառել սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք՝ բուժհաստատության կամ բուժաշխատողի նկատմամբ՝ ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու դեպքում։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ստեղծված իրավիճակը սեփական շահերի համար բանացնելու միջոցներից մեկը, հատկապես, որ այդ ստեղծված իրավիճակի տնօրինողն էլ է նույն Կառավարությունը․ որքան կուզի, այդքան երկար կպահի արտակարգ դրության ռեժիմը, հետևաբար նաև՝ արտակարգ դրության պատրվակի ներքո նոր լիազորություններ տալով այս կամ այն գերատեսչությանը և շարունակելով միջամտել մարդու հիմնարար իրավունքներին. մինչ այդ ազատ հավաքների իրավունքն էր, հիմա էլ՝ աշխատանքի և սեփականության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս