Գյուղացին կրկին մնաց մենակ. ինչո՞ւ անտոկոս վարկերը տեղ չհասան

Հակաճգնաժամային միջոցառումների շարքում կառավարությունը կարևորում էր հատկապես գյուղատնտեսության դերը։ Ճգնաժամը մի բան էլ դիտարկվում էր որպես հնարավորություն՝ գյուղատնտեսությունը ստեղծված վիճակից հանելու համար։ Բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ։

Անտոկոս վարկերի տեսքով կառավարության տրամադրած աջակցության գործիքներն այդպես էլ լիարժեք տեղ չհասան։ Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ չկարողացան օգտվել այդ օժանդակությունից։

Անտոկոս վարկ ստանալու նպատակով ներկայացված հայտերի գրեթե 60 տոկոսը չի բավարարվել։

Մերժման պատճառները տարբեր են։ Բայց հիմնականն այն է, որ կառավարությունը չէր հաշվարկել գյուղվարկերի սուբսիդավորման հետ կապված ռիսկերը։

Առանց այն էլ գյուղատնտեսությունը չափից դուրս ծանրաբեռնված է վարկերով։ Այստեղ բավական լուրջ վարկային բեռ է կուտակվել, ինչը մեծացրել է նոր վարկերի տրամադրման ռիսկերը։

Առանց հաշվի առնելու այս հանգամանքը՝ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում հայտարարեց գյուղատնտեսությանն անտոկոս վարկերով օժանդակելու մասին՝ լավ իմանալով, որ գյուղացիական տնտեսությունների վարկային բեռը լուրջ խոչընդոտ է լինելու այդ ճանապարհին։ Ընդունվեց որոշում, և մարդկանց դժգոհությունն ուղղորդվեց դեպի բանկային համակարգ։

Գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրի հետ կապված բողոքները շատ են։ Մարդիկ դժգոհում են, որ չեն կարողանում օգտվել կառավարության օժանդակությունից։ Արտաքուստ մեղավորը բանկերն են, որ մերժում են անտոկոս վարկեր տրամադրել։ Բայց խնդիրն իրականում այլ տեղ է։

Պարզ է, որ առանց բավարար հիմքերի՝ բանկերը չէին կարողանալու վարկեր տրամադրել, կարևոր չէ՝ դրանք տոկոսո՞վ են, թե՞ անտոկոս։ Դրա համար կառավարությունը պարտավոր էր սուբսիդավորման այնպիսի մեխանիզմ առաջարկել, որպեսզի օժանդակության տրամադրումը հնարավորինս քիչ կախված լիներ գյուղացիների վարկային ծանրաբեռնվածությունից ու պատմությունից։ Զարմանալի չէ, որ շատերը զրկվեցին անտոկոս գյուղվարկեր ստանալու հնարավորությունից՝ կրկին ստիպված լինելով մնալ թանկ փողերի հույսին։

Գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրի հետ կապված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «168 Ժամը» դիմել էր Ֆինանսների նախարարությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դժգոհություններն ավելի շատ ֆինանսական հատվածում են։ Բայց պատասխան ստացանք Էկոնոմիկայի նախարարությունից։ Մեր բարձրացրած հարցերին պատասխանել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Մինչ նրա պատասխանին անդրադառնալը՝ ներկայացնենք մեր հարցերը.

1. Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում գյուղացիական տնտեսություններից քանի՞ հայտ է ներկայացվել անտոկոս վարկ ստանալու համար և քանի՞սն է բավարարվել։

2. Ընդհանուր առմամբ խոսքն ի՞նչ գումարի մասին է եղել՝ ներկայացված և բավարարված հայտերով։

3. Որո՞նք են եղել չբավարարված հայտերի հիմնական պատճառները։ Եթե հնարավոր է՝ թվարկել դրանցից մի քանիսը։

4. Որքա՞ն է կազմում կառավարության ֆինանսական բեռը՝ անտոկոս գյուղվարկերի սուբսիդավորման գծով։

5. Մինչև հակաճգնաժամային այդ միջոցառման իրականացումը՝ գնահատվե՞լ է արդյոք, թե ինչպիսին է գյուղատնտեսական անտոկոս վարկերի պահանջարկը և առաջարկված պայմանները որքանո՞վ են բավարար այդ պահանջարկը հնարավորինս հագեցնելու համար։

6 Գյուղվարկերի սուբիդավորման նպատակով ինչքա՞ն գումար է կառավարությունը նախատեսել, եղե՞լ են սահմանափակումներ, թե՞ ոչ։

7. Ձեր կարծիքով, ո՞րն է այդ ծրագրի հետ կապված շահառուների համատարած դժգոհության պատճառը։

8. Կառավարությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել՝ անտոկոս գյուղատնտեսական վարկերի նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկը բավարարելու համար։

Այս հարցերի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։

– ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 356-Լ որոշումը համավարակի տարածման հետևանքով գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրները՝ նպատակ ունենալով տնտեսավարողներին հնարավորինս աջակցել ստեղծված իրավիճակում:

Որոշման շրջանակներում 2020 թվականի դրությամբ, ֆինանսական կառույցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ գյուղացիական տնտեսություններից անտոկոս վարկ ստանալու նպատակով ներկայացվել է շուրջ 35․000 հայտ, որից բավարարվել է 14․837-ը։ Վարկավորման գումարը ընդհանուր առմամբ կազմում է 21 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, տրամադրված վարկերից 12․166-ը վերաբերում է մինչև 1 մլն ՀՀ դրամ միկրովարկերին, որոնց գումարը կազմում է 9,8 մլրդ ՀՀ դրամ։

Համաձայն մինչ օրս հավաքված օպերատիվ տեղեկատվության՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է 815․150․130 դրամ սուբսիդիա:

Ֆինանսական կառույցների կողմից վարկերի տրամադրումն իրականացվում է հայտատուների վարկունակության, վարկային պատմության և հնարավոր ռիսկերի գնահատման հիման վրա, հետևաբար՝ վարկերը հասանելի են վերոնշյալ չափանիշերին համապատասխանող յուրաքանչյուր քաղաքացու՝ նպատակային օգտագործման համար։ Ֆինանսական կառույցների կողմից վարկավորման հայտերը մերժելու նախապայման կարող են հանդիսանալ միայն շահառուների՝ վերոնշյալ պահանջներին չհամապատասխանելը, ինչն էլ դժգոհություն է առաջացնում վերջիններիս շրջանակներում։

Հարկ ենք համարում նաև նշել, որ, համավարակով և վարկավորման հայտերի մեծ քանակով պայմանավորված, 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին բանկերի գերծանրաբեռնվածության, ինչպես նաև որոշ ֆինանսական կառույցների մասնաճյուղերում՝ վարակի բռնկման հետևանքով դանդաղել էր բանկերի աշխատանքը, սակայն այն հնարավոր էր լինում վերակազմակերպել՝ ապահովելով վարկավորման սահուն ընթացք։ Ստեղծված պահանջարկը բավարարելու նպատակով «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառմանը» միացան նաև այլ ֆինանսական կառույցներ՝ թեթևացնելով ծրագրին մասնակից բանկերի և վարկային կազմակերպությունների բեռը:

Ֆինանսական որոշ կառույցներ ներդրեցին էլեկտրոնային գնահատման համակարգեր, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել փոքր վարկատեսակների գնահատումն առցանց եղանակով:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ռիսկերը մեղմելու համար պլանավորվել է տրամադրել շուրջ 40 մլրդ ՀՀ դրամի վարկ,- ասվում է էկոնոմիկայի փոխնախարարի պատասխանում։

Այդպես էլ բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է կառավարությունը մտադիր մեղմել այն ռիսկերը, որոնք շատ հաճախ դառնում են ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացվող հայտերի մերժման պատճառը։

Նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է պետական աջակցության ծրագրերն այնպես կառուցել, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան օգտվել։ Այլապես ստացվում է, որ արտոնյալ վարկերից օգտվելու հնարավորությունից զրկվելով՝ մարդիկ ստիպված են լինում դիմել այլ վարկերի օգնության, որոնց պայմանները շատ ավելի ծանր են և հաճախ անհաղթահարելի դժվարություններ են ստեղծում գյուղացիական տնտեսությունների համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս