Կորոնավիրուսը չի խնայում նաև օրենսդիր և գործադիր մարմինների աշխատողներին

Նախ հիշեցնենք, որ 2020 թվականի  մայիսի 3-ի N 63 պարետի որոշման N 2 հավելվածով  սահմանված  են  պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպման կանոնները։

Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ հանրային իշխանության մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:

N 12  հավելվածի իրազեկման թերթիկի համաձայն՝ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային վարակի ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝ անհապաղ քայլեր ձեռնարկել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 համարով։

7-րդ կետի համաձայն՝ հանրային իշխանության մարմիններն իրենց գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման  նպատակով առաջնորդվում են սույն որոշման հավելված N 11-ով սահմանված կանոններով:

Հավելված N 11-ի տասներկուերորդ կետի համաձայն՝ աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ, և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվել է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և մեկուսացել է։

Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ «Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց առողջացածների թիվը շատանում է, և ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս»։

Իմունիտետի հնարավորություն տալիս է, թե ոչ, մասնագետները կգնահատեն, բայց միանշանակ է, որ «հիվանդությունն» առանց խտրականության ծեծում է բոլորի դուռը։

Նախորդ շաբաթների ընթացքում  հայտնի դարձավ նաև, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով:

Եվ հենց նախորդ շաբաթ 168.am-ը դիմել էր պարետատուն՝ ճշտելու, թե ովքե՞ր են  կոնտակտավոր պատգամավորները, և ովքե՞ր ունեն ինքնամեկուսացման ցուցում: Պարետատնից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ այդ հարցն իրենց տիրույթում չէ, և հորդորեցին դիմել ԱԺ աշխատակազմ:

Դիմեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Արդյո՞ք պարզվել է, թե քանի՞ ԱԺ պատգամավոր և աշխատակից է վարակված կորոնավիրուսով, և երբվանի՞ց։
  • Քանի՞ պատգամավոր և աշխատակից է հանդիսանում նշված վարակակիրների հետ կոնտակտավոր անձ։ Քանի՞սն են նշված կոնտակտավորների հետ շփման մեջ եղել։
  • Նշված կոնտակտի արդյունքում քանի՞ աշխատակից և պատգամավոր է վարակվել և ե՞րբ։
  • Այդ շրջանակը պարզելու համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Ձեր կողմից /այդ թվում՝ տեսագրություններ կիրառվել են, թե ոչ/։
  • Արդյո՞ք այդ անձանց վերաբերյալ տվյալները փոխանցվել է Առողջապահության նախարարություն, եթե այո՝ ապա երբ։

Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից ստացանք պատասխանը առանց հստակ պատասխանի: Եվ չնայած ԱԺ պատգամավորները, օրինակ, իրենց հիվանդության թերթիկները (բյուլետեն) ենթադրաբար ներկայացնում են ԱԺ աշխատակազմ, այս դեպքում աշխատակազմից մեզ հորդորել են հարցերն ուղղել ԱԺ խմբակցություններին:

«Ղեկավարվելով «Տեղեկատվական ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ նշենք, որ ՀՀ ԱԺ-ի աշխատակազմը ՀՀ ԱԺ պատգամավորների՝ կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ տեղեկատվության տնօրինող չի հանդիսանում: Ձեր հարցման պատասխանը ստանալու նպատակով կարող եք դիմել ՀՀ ԱԺ խմբակցություններ»,- ասված է պատասխանում:

Մենք, իհարկե, անսալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի խորհրդին՝ կդիմենք ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի ստանանք մեր բոլոր հարցերի լիարժեք պատասխանները, նաև հստակեցնելու, թե ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները որքանով են հետևում և անվերապահորեն կատարում Պարետի որոշումները։

Այդուհանդերձ, հանուն արդարության՝ պետք է նշել, որ աշխատակազմից որոշ տվյալներ հայտնել են, այն է՝  հուլիսի 7-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի ԱԺ աշխատակազմի 10 աշխատակից, իսկ 5-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, և հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս