Բաժիններ՝

«Քույրերը հեռախոսից գումար են փոխանցել՝ չհաշված այն, որ տատիի մոտ փող է եղել, այդ փողն էլ չկա». Կորոնավիրուսից մահացած 82-ամյա կնոջ թոռնուհի

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 29-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում արձանագրվել է գյումրեցի կնոջ 82–ամյա կնոջ մահը, որի դին հարազատները չէին կարողանում գտնել։ Մեր հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Նաիրա Զոհրաբյանը տեղեկություն տարածեց, որ կնոջ դին գտնվել է․ «Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ եւ տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում եւ տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։ Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն եւ հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել եւ կհանձնեն հարազատներին»,– գրել է Նաիրա Զոհրաբյանը։

168.am-ի հետ զրույցում Մարիամ Մալխասյանն ասել էր (նրա հետ զրուցել էինք ժամը 15։00–ին), որ մինչ այդ պահը նորություն չունեն, իսկ հարցին՝ արդյոք նախարարությունից փորձե՞լ են կապ հաստատել իրենց հետ, նա պատասխանեց. «Այսօր առավոտյան մենք ենք իրենց հետ կապ հաստատել, իրենց մոտ նոր ճշտումներ էին կատարվում, թե որ բրիգադայով է տեղափոխվել մեր տատը, այնինչ մենք այդ տեղեկությանն արդեն երեկ չէ առաջին օրն էինք տիրապետում»:

Նա հավելեց, որ մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել դիահերձարանից. «Ոչ մի պատասխան, ոչ մի փաստաթուղթ չկա, ում են տվել, ով է բերել, ուր են տարել, և այլն»:

Իսկ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն իրենք են զանգահարել, քանի որ  տարօրինակ հանգամանք են պարզել.

«Այսօր առավոտյան եղբայրս տատիկիս հեռախոսը նայելիս տեսնում է՝ անծանոթ համարներին տատիի հեռախոսից փող են փոխանցել, անգամ փոխանցման նամակները չեն ջնջել: Զանգահարել է այդ համարներով, պարզվել է՝ տատիկիս մահվան ժամանակ քույրերը տատիկիս հեռախոսից գումար են փոխանցել՝ չհաշված այն, որ տատիի մոտ փող է եղել, այդ փողն էլ չկա»: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի՝  հիվանդանոցում հրաժարվել են մեկնաբանել կատարվածը:

Մարիամ Մալխասյանի եղբայրը Գյումրու ոստիկանության հորդորով մեկուսացված է, քանի որ ընկերոջ հետ միասին դիահերձարան էր մտել ու դիակների ճանաչում էր կատարել՝ կորոնավիրուսով մահացածների դիերի մեջ. «Զանգահարեցին, ասացին՝ մեկուսացվեք, տվյալ պահին մեկուսացման մեջ է, ու այսօր թեստավորել են, երեկոյան սպասում ենք պատախանի: Գյումրիում է՝ իր ընկերոջ տանը, որտեղ մարդ չի բնակվում»:

Այսօր 168.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ևս որևէ նորություն չկա. հանգամանքները պարզվում են։

Կապ հաստատեցինք նաև Երևան քաղաքի բնակչության հատուկ սպասարկում համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. թաղման բյուրո՝ ճշտելու, թե Covid 19-ով պայմանավորված, ինչպես է տեղի ունենում մահերի գրանցումը՝ հաշվի առնելով, որ դիահերձում չի արվում:

«Էպիկրիզի հիման վրա հանում են մահվան վկայական, դրանից հետո շարունակվում է գրանցումը, հետո արդեն՝ հուղարկավորությունը: Մեզ համար անհրաժեշտ թուղթը, հիմքը էպիկրիզն է, եթե էպիկրիզով գնացին ԶԱԳՍ, մահվան վկայականը հանեցին, մեզ համար բավարար փաստաթուղթ է, հիմք է՝ մահվան վկայականի հիման վրա թույլ տանք հուղարկավորություն անել»,- տեղեկացրեց թաղման բյուրոյի փոխտնօրեն Ա. Կիրակոսյանը:

Փաստորեն, դիակ կորցնելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ մինչև անձին հուղարկավորելը մի քանի կարևոր փուլեր են նախորդում, որոնց համար պատկան մարմինները տալիս են համապատասխան փաստաթղթեր:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, և հրապարակել Մարիամի նամակը.

«Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք՝ կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք: Ինձ գրել և այնուհետև զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Մի պահ թվաց՝ աղջիկն անհաջող հումոր է անում, ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է՝ Մարիամի եղբայրն անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում»:

Հավելենք, որ այս դեպքին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը և հայտնել. «Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս