![](/banners/BeFunky-design.jpg)
Ո՞նց՝ Խաչիկյանին ձերբակալել են. Ռաֆիկ Պետրոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Rafik-Petrosyan-e1348840501441.jpg)
ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը տեղյակ չէ, որ ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, իր կուսակից Վազգեն Խաչիկյանին:
«Ո՞նց ձերբակալել են: Ես չեմ կարող մեկնաբանել, կուրսի մեջ չեմ: Փաստորեն, եթե ձերբակալել են, ուրեմն գործի քննությունը շարունակվում էր…»,- 168.am-ի հետ զրույցում անկեղծորեն զարմացավ Ռ. Պետրոսյանը:
Վերջինս հերքեց, թե ՀՀԿ-ական Վ. Խաչիկյանի ձերբակալությամբ ՀՀ իշխանությունները ցանկանում են «ցրել» հնարավոր մեղադրանքները, թե ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի:
«Այդ գործերը բացարձակ կապ չունեն իրար հետ: Դրանք առանձին գործեր են, քրեական օրենսգրքում հարյուրավոր հոդվածներ կան, որոնք նախատեսված են տարբեր հանցանքների համար, ու, ըստ այդմ` ունեն համապատասխան պատժամիջոցներ: Սրանք կապել իրար՝ հարկավոր չէ»,- նշեց Ռաֆիկ Պետրոսյանը:
Հարցին էլ, թե առհասարակ հավանական համարո՞ւմ եք Վարդան Օսկանյանի ձերբակալությունը, ՀՀԿ անդամը պատասխանեց. «Ես չգիտեմ, գործն ինձ մոտ չէ: Այդ հարցերով զբաղվում է քննչական մարմինը՝ հաշվի առնելով արարքի ծանրությունը»: