Խաչիկյանին ձերբակալել են

Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Այդ մասին տեղեկացնում է NEWS.am-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Կայքի այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունում:

Վազգեն Խաչիկյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1,2 կետերով հանցավոր արարք կատարելու մեջ:

Ձերբակալված մյուս անձը Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն է , իսկ երրորդը՝ Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ,  ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

Տեսանյութեր

Լրահոս