Պուտինի «սառը» և հերթական ուշագրավ զանգը Փաշինյանին
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 45-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ ստացավ գրեթե բոլոր գործընկեր երկրների ղեկավարներից։ Վերջին ամիսների ընթացքում հայ-ռուսական բարձրաստիճան հարաբերություններում նկատվող տարաձայնություններն ու լարվածությունը, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների սակավությունն առանձնակի հետաքրքրություն են հարուցում Փաշինյան-Պուտին շփումների նկատմամբ:
Այս առիթն առավել հետաքրքրական է, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո ՌԴ նախագահը ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ծննդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձներ հղելու կայուն ավանդույթ է ձևավորել և արդեն մի քանի տարի է, ինչ ջերմորեն շնորհավորում է իր նախկին գործընկերներին ծննդյան տոնի, որոշ դեպքերում՝ նաև Ամանորի կապակցությամբ։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տոնին, այս անգամ, ի թիվս այլ հեռախոսազանգերի ու շնորհավորանքների, կայացավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, ինչը շնորհավորական ուղերձին զուգահեռ՝ սովորական արարողակարգ է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ծննդյան տարեդարձների դեպքում։
Նշենք, որ Պուտինի շնորհավորական ուղերձը Փաշինյանին բավականին համեստ էր։ Ի տարբերություն մի շարք այլ ղեկավարներին ուղղված պուտինյան շնորհավորական ուղերձների, որոնց հեշտությամբ կարելի է ծանոթանալ Կրեմլի պաշտոնական կայքէջում, ՌԴ նախագահը, թեև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, պահպանել դիվանագիտական կոռեկտությունն ու արարողակարգը, խուսափել է գովեստի խոսքեր շռայլել ՀՀ վարչապետի հասցեին, ինչը սովորաբար անում է իր համար համակրելի և գործընկեր երկրների ղեկավարների դեպքում՝ ուղերձներում հաճախ նշելով տվյալ գործչի անձնական ներդրման և ջանքերի մասին երկկողմ հարաբերություններում։
ՌԴ նախագահը նախ՝ շնորհավորել էր ՀՀ վարչապետին, ապա՝ նշել, որ բարձր է գնահատում իրենց միջև հաստատված կառուցողական երկխոսությունը:
«Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- ասված էր հաղորդագրությունում՝ ի լրումն մի քանի մաղթանքների։
Վերլուծաբանները, որոնք ակտիվորեն հետևում են ՌԴ նախագահի պաշտոնական էջի հաղորդագրություններին, կփաստեն, որ տոների կապակցությամբ ՌԴ նախագահի անձնավորված շնորհավորանքները բավականին ջերմ են՝ ներառելով գովեստի և երախտիքի խոսքեր, ինչն այս դեպքում բացակայում էր։
Սակայն առավել ուշագրավ էին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հայաստանյան և կրեմլյան հաղորդագրությունները, որոնք, ինչպես նրանց վերջին հեռախոսազրույցի հաղորդագրությունները, տարբեր էին։
Ըստ հայկական կողմի հաղորդագրության, բացի շնորհավորանքից, հեռախոսազրույցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ:
«Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցության հարցերը: Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին համաճարակի դեմ պայքարում աջակցելու՝ Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին»,- ասված էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, ինչը բավականին ինֆորմատիվ է՝ ռուսական կողմի տարածած երկու նախադասություն ներառող հաղորդագրության համեմատ։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան տոնի կապակցությամբ, հայտնել աջակցության մասին և մաղթել նրան և նրա ընտանիքին շուտափույթ ապաքինում կորոնավիրուսից։
«Իր հերթին՝ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարի խոսքերի, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում Ռուսաստանի տրամադրած աջակցության համար»,- ասված էր Կրեմլի տարածած հակիրճ հաղորդագրությունում։
Թե այս զրույցի ո՛ր հատվածը չի գոհացրել ռուսական կողմին, դժվար է գուշակել, սակայն ակնհայտ է, որ հայկական կողմի պատասխանները, բարձրացրած թեմաներն ընդհանուր առմամբ ռուսական կողմի «սրտով չեն», և հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց։ Սակայն հարկ է նաև նշել, որ ներկայումս վարակված լինելով կորոնավիրուսով, ինչպես ՀՀ վարչապետն է պնդում, ցանկությունը՝ մեկնել Ռուսաստան՝ մասնակցելու հունիսին նշանակված շքերթին, յուրահատուկ ժեստ է՝ ուղղված ՌԴ նախագահին, որը, դատելով հաղորդագրությունից, առանձնապես չի գրավել ռուսական կողմին և տեղ չի գտել ռուսական հաղորդագրությունում։
Հարկ է հիշեցնել, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը կայացել էր ապրիլի 6-ին, որի բովանդակությունը ևս ուշագրավ էր՝ հաշվի առնելով, թե որ թեմաներն էին տեղ գտել կողմերի հաղորդագրություններում։
Ավելի վաղ մեր հրապարակումներում ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանի հիմնական տարաձայնությունը ծավալվել է ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինն իջեցնելու հայկական կողմի պահանջի շուրջ, և հենց այդ հարցի քննարկումն էր դուրս մնացել Կրեմլի ապրիլյան հաղորդագրությունից։
Ավելին, նկատել էինք նաև, որ մայիսյան տոների կապակցությամբ հեռախոսազրույց տեղի չունեցավ միայն Փաշինյան-Պուտին մակարդակում, թեև այդ օրերին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել իր ԱՊՀ և ԵԱՏՄ բոլոր գործընկերների հետ և փոխանակվել շնորհավորանքներով։
Չնայած այս հարցին ՀՀ վարչապետն արձագանքել էր, սակայն փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով՝ նման մակարդակի հեռախոսազանգ կարող էր կայանալ տոներից առաջ կամ հետո, թեկուզ՝ ոչ Հայաստանից։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հարթ հարաբերությունների դեպքում և սովորաբար, հաղորդագրություններում ներառվող թեմաները համաձայնեցված են լինում։ Բնականաբար, ըստ նրա, կարող է լինել արարողակարգային վատ աշխատանք, թերացումներ կամ նույնիսկ բովանդակային տարբերություններ կողմերի տարածած հաղորդագրություններում, քանի որ մեծամասնությամբ նման շփումների ընթացքում քննարկվում է լայն շրջանակ, սակայն ընտրվում են երկու կողմերի համար ամենակարևոր թեմաները, և սխալները ևս չի կարելի բացառել։
«Բայց մենք գիտենք, որ կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, և հաղորդագրությունների միջոցով, շփումների սակավաթիվ լինելու միջոցով արտացոլվում է քաղաքականությունը։ Բնականաբար, դժվար է մտածել, որ հաղորդագրությունները կեղծվում են, քանի որ կողմերը ներկայացնում են այն թեմաները, որոնք քննարկվել են, սակայն այն, թե որ կողմն ինչ շեշտադրում է անում, որ թեման է ներկայացնում, որը՝ բաց թողնում, հասկանալի է դառնում, թե որ կողմին ինչ հարց է հետաքրքրում կամ չի հետաքրքրում։ Հասկանալի է նաև, որ գազի հարցի շուրջ վերջին շրջանում չհասկացվածություն, լարվածություն կա, որովհետև բոլոր կողմերն իրենց հաշվարկներն ու շահերն ունեն։
Բայց ես չեմ կարծում, թե հարաբերություններում լարվածությունը կխորանա, ընդհանրապես Ռուսաստանը որևէ ուղղությամբ լարվածություն ստեղծելուն հակված չէ Ուկրաինայից հետո, Ռուսաստանը վարում է զգուշավոր քաղաքականություն, հետևում այն ամենին, ինչ կատարվում է։ Կարող են առաջանալ ժամանակավոր խնդիրներ, կարծում եմ՝ կլուծվեն փոխադարձ ըմբռնման մթնոլորտում»,- ասաց նա։