Բաժիններ՝

Արդյոք ներկայումս անհրաժեշտություն չկա՞ աջակցություն խնդրել այլ երկրներից, և ո՞ր դեպքում Հայաստանը նման խնդրանքով կդիմի գործընկեր երկրներին

Վրաստանը Հայաստանին աջակցություն է առաջարկում։ Վրաստանիհիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև` 2-3 տարի առաջ, և այլն: Եթե ​​Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ՝ որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել»,- ասել է Գամղրելիձեն` վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, Առողջապահության նախարարությունն ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունվելու է վրացական առաջարկը, ասաց, որ հայկական կողմը Վրաստանի հետ մշտապես համագործակցել է։

«Մենք Վրաստանի հետ միշտ համագործակցել ենք բոլոր մակարդակներում՝ նախարարից մինչևմասնագետ, և այդ համագործակցությունը շարունակական է լինելու, և կարիքի դեպքում մենք միշտ էլ ձեռք ենք մեկնելու, թե՛ մենք իրենց, թե՛ իրենք՝ մեզ, այսքանը, ուրիշ բան չունեմ մեկնաբանելու»,- նման ընդհանրական պատասխաններ տվեց ԱՆ խոսնակը։

Մեր այլ հարցերին, թե ներկայումս նման կարիք չկա՞, և այս պահին Հայաստանը ստանո՞ւմ է աջակցություն Վրաստանից, նա պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ավելացնելու ոչինչ չունի։ Սակայն թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր բաց են մնում․ եթե այս ոլորտում համագործակցությունը հայ-վրացական համապատասխան գերատեսչությունների միջև սովորական բնույթ է կրում, ինչո՞ւ է Գամղրելիձեն նման կոնկրետ առաջարկով հանդես գալիս հրապարակային ձևով, ի՞նչ պատասխան է ստացել հայկական կողմից Գամղրելիձեն կամ ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում հրապարակային մանրամասներից ու կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխանից։

168am-ն այլ երկրներից աջակցություն ստանալու անհրաժեշտության վերաբերյալ խոսեց նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Հարցին, թե չկա՞ արդյոք ներկայումս անհրաժեշտություն՝ աջակցություն խնդրել այլ երկրներից, և ո՞ր դեպքում Հայաստանը նման խնդրանքով կդիմի գործընկեր երկրներին, նա պատասխանեց, որ տեղեկություն չունի այդ հարցերի վերաբերյալ, ուստի հարցերը հարկ է ուղարկել Պարետատուն՝ գրավոր տեսքով։ Այս հարցերով Պարետատան պատասխանները կներկայացնենք ավելի ուշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս