Բաժիններ՝

ԱՆ ներկայացրել է, թե ինչպես են իրականացնում կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ անձանց հսկողությունը

Առողջապահության նախարարությունը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես են տեղամասային պոլիկլինիկաների միջոցով իրականացնում թեթև կամ առանց ախտանշանների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը։ Տեսանյութում ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի փորձը:

ՀՀ ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնարիկ Ղոնյանը նշել է , որ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկն է, որ առանց ախտանիշ և թեթև դեպքերի բուժումը կարող է իրականացվել տնային պայմաններում։ «Մայիսի 21-ից այդ գործընթացը կազմակերպվում է»,- ասել է Ղոնյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների հսկողությունն իրականացվում է հեռախոսանզանգի միջոցով և հսկվում է բժշկի կողմից։

«Գանգատների առկայության դեպքում բուժանձնակազմի կողմից մեր շտապօգնության մեքենայով պացիենտները բերվում են պոլիկլինիկա։ Նրանք մտնում են պոլիկլինիկա առանձին մուտքով միանգամից մեկուսարան, անցնելով համապատասխան բուժզննումը և լաբորատոր գործիքային հետազոտությունը, կայացվում է որոշում կամ շարունակել բուժումը տանը, կամ կազմակերպել հոսպիտալացումը բժշկական կենտրոնում»,- նշել է Ջումայանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանի համաձայն՝ հաստատվել է  արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս