Գյուղնախարարը խնդրում է` չկասկածել իր ներկայացրած թվերին

Երեկ ԱԺ-ում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` իր ոլորտին վերաբերող հատվածը:

Նախարարի ներկայացրած թվերը ոմանց մոտ նույնիսկ ծիծաղ առաջացրեցին, մինչդեռ Ս. Կարապետյանի մոտ նկատվում էր ակնհայտ հուզմունք, վերջինիս ձեռքերն անգամ դողում էին: Ս. Կարապետյանը նախ ընդգծեց, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են «էական դրական տեղաշարժեր», ապա ` անցավ բյուջետային հաշվետվությանը: 2011թ. պետական բյուջեով ՀՀ Գյուղնախարարությանը հատկացվել էր 7 մլրդ 962մլն դրամ, որից բյուջետային ծրագրերի համար` 6մլրդ 852մլն, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերին` 1մլրդ 116 մլն դրամ, հատկացված միջոցներից 2մլրդ 503 մլն դրամն էլ տրամադրվել էր Կառավարության պահուստային ֆոնդից:

Ս. Կարապետյանի խոսքով` 2011թ. գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 14,1%: «2011թ. իրականացված և 2012թ. բերքի համար աշնանացանի տարածքները գերազանցեցին նախորդ տարվա մակարդակը` 19. 600 հա-ով: 2011թ. նկատվեց գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում` խոշորի գլխաքանակը` 4,9%-ով, այդ թվում` կովերինը 4%-ով, մանր եղջերավորների գլխաքանակն ավելացավ 10,8%-ով: 2011թ. նախորդ տարվա նկատմամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալն ավելացավ 35%-ով, կարտոֆիլինը` 15,6%-ով, բանջարեղենինը` 11,2%-ով:

Մեծ աճ գրանցվեց պտղաբուծության բնագավառում: 2011թ. համախառն արտադրանքը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 76,3%-ով: Համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը 2010թ. 18%-ի դիմաց 2011թ. կազմեց 20,2%»,- ասաց գյուղնախարարը` չմոռանալով հավելել, թե պետբյուջեից ստացած գումարներով ինչ պետական ծրագրեր են իրականացրել, ինչպես, օրինակ, «Պետական աջակցություն` գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրի համար ծախսվել է 1մլրդ 491,8 մլն դրամ, «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի համար` 101մլն դրամ, ինչն, ի դեպ, ուղղվել է նաև մորեխների դեմ պայքարին:

«Կառավարության տարբեր որոշումներով` 2011թ. պետական բյուջեի Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2մլրդ 503մլն դրամ: Միջոցներն ուղղվել են` Հակահեղեղային ինժեներական կառույցների շինարարությանը` 345,3 մլն դրամ, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը` 250մլն դրամ, 210 տոհմային երինջների ձեռքբերմանը` 301,2մլն դրամ, և ազոտական պարարտանյութի մատչելի գնով ձեռքբերմանը` 1մլն դրամ»,- նշեց Ս. Կարապետյանը:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀ-ում անասնապահության զարգացմանը, իր զարմանքը հայտնեց, որ հանրապետություն ներմուծված միսը կրկնակի էժան է, քան մեր տեղական արտադրանքը: Այդպիսով` ըստ նրա, չի խրախուսվում տեղական արտադրանքը, և պայմաններ են ստեղծվում ներմուծման համար:

«Անասնապահության ոլորտը գյուղատնտեսության համար շատ կարևոր ոլորտ է, և էդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվում: Ճիշտ եք ասում, որ 2008-ից մինչև 2010թ. մենք ունեցել ենք անկում հատկապես թռչնաբուծության ոլորտում, որովհետև բոլորդ էլ ականատես եք, որ 2010թ. ձմռանը` Նոր տարվա մեջ, ձվի դիֆիցիտ էր առաջ եկել: Դրա հիմնական պատճառն այն է, որ 2010թ. պետական աջակցությամբ կատարվող պատվաստումների ցանկից դուրս է բերվել թռչունների պատվաստումը, որը բերեց գլխաքանակի կտրուկ նվազման, անկման: 30%-ով:

Դա բերեց ձվի դիֆիցիտի և թռչնագլխաքանակի պակասի, իսկ, ընդհանուր առմամբ, մեր երկրում թռչնաբուծության զարգացման համար լուրջ անելիքներ ունենք, որովհետև թռչնի մսի մոտավորապես 55%-ը ներկրում ենք դրսից, որովհետև մեր արտադրության ծավալները մեզ չեն բավարարում»,- ասաց Ս. Կարապետյանը` նշելով, թե թռչնաբուծության զարգացման ծրագիր են մշակել, որն առաջիկայում հաստատելու է Կառավարությունը: Այնուհետ նախարարը կրկին շեշտեց, որ անասնապահության ոլորտում արձանագրվել է աճ, և ներկաներին հորդորեց «չկասկածել» իր ներկայացրած թվի վրա:

Ի պատասխան դրա` Վ. Բաղդասարյանը նշեց, որ եթե նկատվում է անասնագլխաքանակի նման աճ, ապա ինչո՞ւ է տնտեսական աճն ընդամենը 0,1%, նախարարի թվարկած ծրագրերում արդյո՞ք կա այնպիսի ծրագիր, որ հիմնադրամներից գյուղացիներին չնչին տոկոսներով վարկ է տրամադրվում անասուններ ձեռք բերելու համար, և արդյո՞ք կա հեռանկարային մտահղացում, որ յուրաքանչյուր մարզում ստեղծվեն մթերման կետեր, սպանդանոցներ, որպեսզի տնտեսվարողը խնդիր չունենա:

«Ուրեմն, Էս ծրագրի շրջանակներում մենք գյուղացիական տնտեսություններին տալիս ենք տեխնիկա, սերմեր, պարարտանյութ և այլն, իսկ վարկային բաղադրիչ չունի, բայց պետական ծրագրով, գիտեք, որ անցյալ տարի պետությունը հատկացրեց 7,5 մլրդ դրամ յուրաքանչյուր փուլի համար` գարնանային և աշնանային փուլերի համար` 14%-ով բանկը տրամադրում է գյուղացիական տնտեսություններին, որի 4%ը սուբսիդավորում են»,- ասաց Ս. Կարապետյանը: Ինչ վերաբերում է սպանդանոցների հարցին, վերջինս նշեց, թե դա հանրապետությունում լուրջ խնդիր է, որովհետև մեր երկրի սպանդանոցները չեն համապատասխանում Եվրամիության պահանջներին: Նրա խոսքով` առաջիկայում «Պարեն» համաշխարհային կազմակերպության հետ կստեղծեն 6 սպանդանոցներ:

«Անասնապահության աճը պայմանավորված չէ միայն անասնագլխաքանակի աճով, այն պայմանավորված է նաև մսի, կաթի արտադրության ծավալներով: 2011թ. կաթի ծավալները պակաս են եղել մեզ մոտ, որովհետև 1 կովի միջին կաթնատվությունը շատ ցածր է մեզ մոտ»,- շարունակեց գյուղնախարարը:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ անդրադարձավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, որը, համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի, գտնվում է Գյուղնախարարության ներքո: Պատգամավորը հարցրեց նախարարին, թե ի՞նչ կարծիք ունի այդ կառույցի մասին: Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր պարարտանյութի տրամադրման ծրագրի արդյունքներին:

«Ուրեմն` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ կապված, ես չեմ ուզում շատ խոսել, ուղղակի ասեմ, որ էդ ծառայությունը մեզ հաշվետու չի: Եթե էդ ծառայությունը մեզ հաշվետու չի, դրա մասին ես ի՞նչ խոսեմ: Երկրորդ հարցը` պարարտանյութերի առումով անցյալ տարի, բոլորդ գիտեք, որ պետական աջակցության` որպես ծրագիր, 25.000 տոննա ազոտական պարարտանյութ տրվեց գյուղացիական տնտեսություններին, այս տարի աշնանը գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար 5700տոննա ներկրվել և արդեն հատկացվել է գյուղացիական տնտեսություններին»,- պատասխանեց նախարարը` խոսելով նաև կաթի գնի մասին:

«Ինչ կապված է կաթի գնի հետ, այո՛, դուք ճիշտ եք, ես մեղքը կարող եմ վերցնել ինձ վրա, երբ ես նշանակվեցի, կաթի գինը մեխանիկորեն բարձրացրեցի մինչև 150 դրամ, և բոլոր գյուղերին, բոլոր գյուղացիական տնտեսություններին, բոլոր կաթ մթերողներին հորդորեցի, որ կաթի գինը բարձրացնեն»,- ասաց նախարարը, ում «հուզումնալից» ելույթից հետո մենք փորձեցինք որոշ հարցեր տալ նրան: Ս. Կարապետյանը նախ հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցից ենք, ապա նույնիսկ չլսելով հարցը` հուզախառն ասաց, թե հարցերը չկրկնվեն իր ելույթում ներկայացրածի մասին, ապա, չգիտես ինչու, ասաց, որ չի պատասխանի հարցերին, ու արագ հեռացավ: Մինչդեռ այդպես էլ առկախ մնաց` եթե մեր երկիրը ծաղկում է, ինչպես Ս. Կարապետյանի երեկվա ներկայացրած «գունավոր թվանկարչության» մեջ, ապա ինչո՞ւ են գյուղերը դատարկվում, և ինչո՞ւ է գյուղացին արտագաղթում…

 

Տեսանյութեր

Լրահոս