«Նախկինում իմ ասածը դա նախկինում է եղել, իմ նախկին ասված իրավիճակում, նախկին իր բովանդակությամբ». Վահագն Հովակիմյանը՝ Բուքիքիոյի ստացած «ադամանդե քարերով շքանշանի» և այսօր ՎՀ դիմելու մասին

Կառավարությունը երեկվա նիստում հայտարարեց Սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելու օրենսդրական մեխանիզմների նախագծի մասին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Բայց Սահմանադրական դատարանի կազմը փոխելու կամ, ինչպես շատերն են նշում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու այլ տարբերակների քննարկումները շարունակվում են: Օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՍԴ-ի շուրջ ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, որոնց մեջ նաև ներառված է ԱԺ-ի միջոցով ՍԴ նոր նախագահ ընտրելու տարբերակը, ու դրական արձագանք ստանալու դեպքում, հավանաբար, իշխանություններն անմիջապես ձեռնամուխ կլինեն ՍԴ կազմը փոխելու գործընթացին:

Բայց ինչպե՞ս ստացվեց, որ այսօր Վենետիկի հանձնաժողովը դարձավ իշխանությունների համար այդքան վստահելի կառույց: Հենց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին էր ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր, Սահմանադրական հանրաքվեի նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը բառացիորեն մեղադրել ՀՀ նախկին իշխանություններից կաշառք վերցնելու մեջ, այն բանից հետո, երբ Ջ. Բուքիքիոն կոշտ գնահատականներ էր հնչեցրել իրենց՝ ՍԴ-ից ազատվելու վերաբերյալ քայլերի առնչությամբ:

«Ես խնդրում եմ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնեք Վենետիկի հանձնաժողովի հետ։ Սա շատ կարևոր է։ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները դա հենց ինստիտուտի հայտարարություն է, բայց Բուքիքիոյի դեպքում դա այդպես չէ:

Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել։ Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին, տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն։ Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել։ Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ»,- փետրվարին ասել էր Վահագն Հովակիմյանը:

Հենց Վահագն Հովակիմյանից էլ փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է ստացվել, որ այսօր վստահում են Ջիանի Բուքիքիոյին ու վերջինիս ղեկավարած կառույցին:

«Դուք շփոթում եք, թե ինչ կոնտեքստում է եղել, և իմ ասածը Դուք էլի նորից կոնտեքստից կտրում եք: Եթե Ձեզ նախկինում իմ ասածն է հետաքրքիր, ուղղակի կարող եք վերընթերցել նախկինում իմ ասածը: Բայց նախկինում իմ ասածը դա նախկինում է եղել, իմ նախկին ասված իրավիճակում, նախկին իր բովանդակությամբ»,- հարցին ի պատասխան՝ ասաց Վահագն Հովակիմյանը:

Ինչևէ, կարելի է ենթադրել, որ այսօր, երբ հանձնաժողովի կարծիքն անհրաժեշտ է իշխանությանը, Ջիանի Բուքիքիոն այլևս «նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ» ստացած անձը չէ:

Վահագն Հովակիմյանից փորձեցինք նաև պարզել, թե այժմ ինչպե՞ս է ժողովուրդը Սահմանադրական դատարանի հարցով ներկայացնելու իր պահանջը, արտահայտելու իր կարծիքը, քանի որ ՍԴ կազմի փոփոխության հարցը հանրաքվեի դնելով՝ իշխանությունը նշում էր, թե՝ թող ժողովուրդը որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այսօրվա ՍԴ-ի նման ՍԴ, թե՞ ոչ:

– Պրն Հովակիմյան, ինչպե՞ս է այս հարցում ժողովուրդն իր կարծիքն արտահայտելու:

– Ժողովուրդը միշտ իր կարծիքն արտահայտում է, ժողովուրդն իր կարծիքն արտահայտում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով՝ որպես իշխանության կրող: Ժողովուրդը՝ որպես իշխանության կրող, իր իշխանությունն իրացնում է հանրաքվեների և ընտրությունների միջոցով:

– Իսկ այս դեպքում՝ Սահմանադրական դատարանի հարցով ժողովուրդն իր կարծիքն ինչպե՞ս է արտահայտելու, ինչպե՞ս է լսվելու ժողովրդի կարծիքը:

– Ժողովուրդն իր կարծիքը… կրկնում եմ, ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Ընտրությունների միջոցով ձևավորում է առաջնային մանդատ ունեցող իշխանություն, որն էլ իրացնում է ժողովրդի իշխանությունը:

– Այդուհանդերձ, իմ հարցին պատասխան չեղավ, պարոն Հովակիմյան:

– Ո՛չ, Ձեր հարցին ես լիարժեք, բովանդակալից պատասխանեցի: Կարող ա՝ Դուք Ձեր պատկերացմամբ պատասխան եք ակնկալում: Ես չեմ կարող Ձեր պատկերացմամբ պատասխանել: Ես պատասխանում եմ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Դուք ասում եք՝ ինչպե՞ս է ժողովուրդն իր իշխանությունն իրացնելու:

– Սահմանադրական դատարանի հարցով:

– Ես Ձեզ ընդամենը հիշեցնում եմ Սահմանադրության երկրորդ հոդվածի մասին, ընդամենն իմ պատասխանը Սահմանադրության երկրորդ հոդվածին է վերաբերում, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով: Ընտրությունների միջոցով ձևավորվում է առաջնային մանդատ ունեցող մարմին, որն էլ ժողովրդի կարծիքն իրացնում է, որովհետև ժողովուրդը, երբ որ հավանում է իր քվեարկությամբ որևէ քաղաքական ուժի, քվեարկում է, քվեարկում է  նաև ծրագրի, գաղափարների օգտին և այդպիսով իր կարծիքն արտահայտում է ժողովուրդը:

– Իսկ այս հարցում՝ Սահմանադրական դատարանի հարցում ինչպե՞ս է արտահայտվելու:

– Ժողովուրդն իր կարծիքն արտահայտում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս