«Կարևոր է դիմակ կրելը, նույնիսկ, եթե, դժբախտաբար, մեր որոշ քաղաքացիներ այն կրում են բազմակի և ոչ ճիշտ»․ Արսեն Թորոսյան
«Դիմակները պետք է պատշաճ կրել, պետք է ժամանակին փոխել, և այլն, բայց պետությունը չի կարող նման ստուգողական ֆունկցիա կատարել, օրինակ՝ դու քանի՞ ժամ ես կրել, արդյոք դա երեկվա քո դիմա՞կն է, թե՞ այսօրվա դիմակն է։ Բայց դիմակների տոտալ կրումը հիվանդացության և հիվանդության տարածման ընդհանուր իջեցում է ապահովում»,- այսօր Հանրային խորհրդի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը պատմական ակնարկ արեց․ «Նույնիսկ իսպանական գրիպի ժամանակ, երբ այսպիսի բարձր որակի դիմակներ չեն եղել և եղել են տնային պատրաստված կտորե դիմակներ․․․ ինչը մենք հիմա էլ ենք ասում, որ դա էլ է օգնում, հիվանդության տարածման մի օղակը կանխարգելելու համար։ Հետևաբար, կարևոր է դիմակ կրելը, նույնիսկ, եթե, դժբախտաբար, մեր որոշ քաղաքացիներ այն կրում են բազմակի և ոչ ճիշտ»։
Ինչ վերաբերում է դիմակների գներին, առողջապահության նախարարն ասաց․ «Ինքնարժեքը դիմակների շատ բարձր է, այդ թվում՝ դրսից ներկրված, ինչպես նաև՝ Հայաստանում արտադրված։ Այսինքն՝ հումքի գնի բարձրացում կա։ Եվ մենք, օրինակ՝ երբ մեծածախ առնում ենք 100 հազար դիմակ, գնում ենք մոտավորապես 145-150 դրամով։ Այսինքն՝ դա շատ մեծ քանակի մեծածախ գինն է։ Դրանից ավել մանրածախ գինը տարբեր տեղերում հիմնավորված է։ Ուրիշ բան, որ հնարավոր է՝ մի տնտեսվարող ուզենա մի դիմակի մեջ աշխատել 50 դրամ, մեկ ուրիշը՝ 100, բայց ես կարծում եմ՝ մրցակցությունն այս հարցը կլուծի։ Ես գիտեմ, որ մեր ՏՄՊՊՀ-ն դրանով զբաղվել է ժամանակին, ենթադրում եմ, որ հիմա էլ է զբաղվում, որովհետև մեկ շաբաթ չեմ խոսել իրենց հետ, բայց այդ հարցը նորից կբարձրացնեմ»։