Արտակարգ դրություն՝ առանց արտակարգ դրության ռեժիմի

2020թ․ մայիսի 14-ին Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, այն է՝ մինչև 2020թ. հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմանները և սահմանափակումները  նախատեսող կառավարության որոշումն էապես չի տարբերվում դեռևս 16.03.2020թ. ընդունված Կառավարության N 298-Ն որոշումից։ Առաջին հայացքից որևէ արտառոց բան չկա, թվում է, թե առկա են արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու բոլոր իրավաչափ հիմքերը․  արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, համավարակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով մարդուն՝ որպես բարձրագույն սահմանադրական արժեք։

Սակայն, Կառավարության նպատակների լեգիտիմությունն ու արդարացվածությունը հօդս ցնդեցին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սկսեց խոսել իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի նիստում և ներկայացնել երկարաձգվող արտակարգ ռեժիմի ողջ էությունը։

Պարզվում է՝ կառավարության որոշումը ոչ այլ ինչ է, քան Պարետին արտակարգ լիազորություններ տվող մի «carte blanche»: Իսկ մնացածը որոշում է Պարետը․ ահա որտեղ է թաքնված շան գլուխը։ Պարետն առաջնորդվում է մարդու՝ որպես բարձագույն արժեք լինելու սկզբունքով, բայց պարզվում է, որ վերականգնվելու են առանձին կանոնավոր չվերթերը, ամբողջովին գործարկվելու է  հանրային տրանսպորտը, կբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, նախակրթարանները, և այդպես շարունակ «մի քանի այլ թուլացումներ կլինեն»։

Ողջամիտ մարդու մոտ առաջանում է տրամաբանական հարց՝ իսկ այդ պարագայում ինչո՞ւ ենք արտակարգ դրություն հայտարարում, ինչո՞վ է դրությունն արտակարգ, ի՞նչ միջոցառումներ են նախատեսված կառավարության որոշմամբ, որոնք հնարավոր չէր իրագործել՝ առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանման։

Պարզվում է՝ արտակարգ դրության ռեժիմի պահպանում հնարավոր է նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու։ Իսկ հիմա՝ հերթով։

Ի՞նչ միջոցառումներ է նախատեսում Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին կառավարության մայիսի 14-ի որոշումը․

1. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ (տեղաշարժման հատուկ ռեժիմ), զննումներ,

2. Անձանց սեփականության իրավունքի սահմանափակումներ,

3. Սահմանափակումներ առանձին հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում,

4. Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ և արգելքներ,

5. Հայաստանի Հանրապետությունից ապրանքների փոխադրման սահմանափակումներ,

6. Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ,

7. Ինքնամեկուսացում կիրառելու նպատակով՝ անձանց հայտնաբերում և ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման նկատմամբ հսկողության իրականացում էլեկտրոնային եղանակով։

Առաջին հայացքից իրավաչափ և բազմաթիվ գործողություններ նախատեսող կառավարության որոշումից հնարավոր է լինում դուրս բերել միայն մի քանի սահմանափակում, որոնք, թերևս, հնարավոր չէր լինի իրագործել՝ առանց արտակարգ դրության ռեժիմի։ Դրանք են․

  • Պարետին, ըստ անհրաժեշտության, մարդու իրավունքների և տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակման անսահմանափակ լիազորություններ վերապահելը,
  • Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները,
  • Ինքնամեկուսացում կիրառելու նպատակով՝ անձանց հայտնաբերում և ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման նկատմամբ հսկողության իրականացումը էլեկտրոնային եղանակով։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին  հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Ի՞նչ է սա նշանակում․ եթե կան այլ՝ միջամտության ավելի մեղմ միջոցներ, ապա պետք է գործի դրվեն այդ միջոցները։ Կա՞ն արդյոք։ Իհարկե։

Նախ՝ Սահմանադրությունն արդեն իսկ նախատեսում է հանրության առողջության պաշտպանության նկատառումներով առանձին հիմնական իրավունքների սահմանափակման հնարավորություն՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու։ Այսպես, 27-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետը նախատեսում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորություն, երբ դա անհրաժեշտ է հանրության համար վտանգավոր հիվանդությունների տարածումը կանխելու համար։ 40-րդ հոդվածի 4-րդ մասն առողջության պաշտպանությունը նախատեսում է՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու հիմք, իսկ 44-րդ հոդվածի 5-րդ մասն էլ թույլատրում է նույն նկատառումներից ելնելով՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը։ Այսինքն՝ մարդկանց տեղաշարժն ու հավաքների անցկացումը, ըստ անհրաժեշտության, համաչափորեն սահմանափակելու համար անհրաժեշտ չէ արտակարգ դրության ռեժիմ։

Ապա, մեր օրենսդիրը ժամանակին ընդունել է ևս 2 օրենք՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998թ․ օրենքը և «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992թ․ օրենքը։ Այսպես, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքն արտակարգ իրավիճակը  բնորոշում է նաև՝ որպես որոշակի տարածքում համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ Ըստ այդմ՝ օրենքով նախատեսում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումներ, այդ թվում՝

  • հասարակական կարգի պահպանության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացում,
  • քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգում,
  • անհրաժեշտության դեպքում՝ աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետում և օգտագործում` հետագա համարժեք փոխհատուցմամբ,
  • բնակչության բժշկական սպասարկման իրականացում (հոդված 5):

Ըստ օրենքի 13-րդ հոդվածի՝ լիազորված մարմինը․

ա) մշակում է արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.

բ) ստեղծում և կուտակում է արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը և այլն։

Իսկ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն էլ՝ «բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն իրականացվում է`

  • բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ,
  • պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևերից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ,
  • Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ կարգապահական, վարչական, նյութական և քրեական պատասխանատվության սահմանմամբ և այլն (հոդված 1)։

Վերը նշված երկու օրենքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին կառավարության մայիսի 14-ի որոշմամբ նախատեսված միջոցառումները հնարավոր է իրականացել նշված օրենքներով նախատեսված գործիքակազմի շրջանակներում կամ դրանցում, ըստ անհրաժեշտության, որոշակի փոփոխություններ կատարելու միջոցով։

Ուրեմն, ո՞րն է արտակարգ դրություն հայտարարելու և դրա  ժամկետը երկարաձգելու առավելությունը։

Թերևս, կարելի է ասել՝ պարետը և նրա որոշումներով ցանկացած սահմանափակում սահմանելու և թուլացնելու հնարավորությունը։ Ըստ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքի 8-րդ հոդվածում 29.04.2020թ․ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխության՝ արտակարգ դրության «տերն ու տիրակալը» պարետն է։ Իսկ ո՞վ է պարետը` ի պաշտոնե՝ վարչապետը, կամ կառավարության որոշմամբ՝ փոխվարչապետը։ Պարետը, փաստորեն՝ միանձնյա,  համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը։

Իսկ ի՞նչ եղավ պարետատունը։ Հենց նույն օրենսդրական փոփոխությամբ, պարետատունը սահուն կերպով վերածվեց, համապատասխանաբար՝ վարչապետին կամ փոխվարչապետին կից ընդամենը խորհրդակցական մարմնի: Իսկ ըստ նույն փոփոխության՝ պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող Ոստիկանության, Ազգային անվտանգության, Պաշտպանության նախարարության ուժերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար (օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մաս)։

Եվ հետևաբար, ինչո՞ւ արտակարգ դրություն, եթե միաժամանակ վերացվում են գրեթե բոլոր սահմանափակումները։ Որպեսզի պարետը միանձնյա որոշի՝ ինչ սահմանափակել, ինչպես, երբ ․․․։

Իսկ որքանո՞վ է համաչափ՝ բոլոր նախկին սահմանափակումներից պահպանել հենց հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը, այն դեպքում, երբ թույլատրելի է հանրային տրանսպորտի, առևտրի կենտրոնների և մի շարք այլ հանրային օբյեկտների աշխատանքը: Արդյո՞ք դա արվում է հանուն մարդու՝ որպես բաձրագույն արժեք, թե՞ հանուն մեկ այլ բանի։  Պատասխանը, կարծում ենք, ակներև է ցանկացած մտածող մարդու համար:

ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս