Բաժիններ՝

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ամենամոտ ժամանակներս Կրեմլը կտեղեկացնի ՌԴ-ի և Իրանի նախագահների հեռախոսազրույցի արդյունքների մասին։

Պեսկովի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը «ծայրահեղ լարված» է, և ՌԴ նախագահը «շարունակում է ջանքեր գործադրել դրա ապաէսկալացմանը նպաստելու համար»։

Կրեմլի ներկայացուցչից նաև հետաքրքրվել են, թե ինչպիսի օգնություն է Մոսկվան պատրաստ ցուցաբերել Իրանին ինչպես այդ երկրի շուրջ, այնպես էլ նրա ներսում իրադրության սրման դեպքում։

«Ռուսաստանն այժմ էլ օգնություն է ցուցաբերում ոչ միայն Իրանին, այլև ամբողջ տարածաշրջանին՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության գործում, այդ թվում՝ նախագահի ջանքերի շնորհիվ, որոնք ուղղված են լարվածության ապաէսկալացմանը նպաստելուն», – պատասխանել է Պեսկովը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, սակայն Իրանի ԱԳ նախարարը FoxNews-ի հետ հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս