Չինաստանը և Կանադան հայտարարել են մաքսատուրքերի նվազեցման մասին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Պեկինում կայացած հանդիպումից հետո հայտարարել են փոխադարձ մաքսատուրքերը նվազեցնելու մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ակնկալվում է, որ մինչև մարտի 1-ը Չինաստանը կնվազեցնի կանադական հլածուկի ձեթի նկատմամբ մաքսատուրքերը 85%-ից մինչև 15%, իսկ Կանադան չինական էլեկտրամեքենաների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 6,1%։
Այս համաձայնությունը բեկումնային է երկու երկրի միջև մի քանի տարի գործող բարձր մաքսատուրքերի ֆոնին։ Սի Ծինփինը սա անվանել է Չինաստանի և Կանադայի հարաբերություններում «շրջադարձային» կետ։
BBC-ն հիշեցնում է, որ Քարնին գրեթե տասը տարվա ընթացքում Չինաստան այցելող Կանադայի առաջին վարչապետն է։ Նա փորձում էր դիվերսիֆիկացնել առևտուրը՝ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու վտանգի պայմաններում։
Քարնին հայտարարել է, որ Պեկինում կայացած բանակցությունները «իրատեսական էին և հարգալից»։ Նա նշել է, որ Օտտավան ամեն հարցում չէ, որ համաձայն է Պեկինի հետ։ Քարնին հայտնել է, որ Սի Ծինփինի հետ քննարկումներում ինքը ներկայացրել է Կանադայի «կարմիր գծերը», այդ թվում՝ մարդու իրավունքները, ընտրություններին միջամտության հետ կապված մտահոգությունները և այլն։
BBC-ն նաև նշում է, որ Սի Ծինփինն իր հերթին փորձում է ցույց տալ, որ Չինաստանը կայուն գործընկեր է և առաջարկում է փոխշահավետ կապեր. վերջին շաբաթներին Չինաստան են այցելել Հարավային Կորեայի նախագահը և Իռլանդիայի վարչապետը։ Առաջիկայում սպասվում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այցերը Չինաստան։
Վերջին տարիներին Օտտավայի հետ Պեկինի հարաբերությունները լարված են: 2024 թվականին Կանադայի այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց Չինաստանից ներմուծվող էլեկտրամեքենաների նկատմամբ 100%, իսկ պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին: 2025 թվականի մարտին Չինաստանը 100% մաքսատուրք սահմանեց Կանադայից ներմուծվող հլածուկի ձեթի նկատմամբ, իսկ ավելի ուշ սահմանեց 75,8% հակադեմպինգային երաշխիքային դեպոզիտներ կանադական հլածուկի սերմերի համար։
