«Ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն». Զոհրաբ Մնացականյանը՝ ղարաբյան հիմնախնդրի մասին
«Դուք ասում եք՝ բանակցությո՞ւն, թե՞ կոնսուլտացիա, ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն, որովհետև կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ և փորձում են աշխատել այն սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են կողմերի դիրքորոշումը»: Այսօր Ազգային ժողովում, պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե Արցախի հարցով ընթանում են կոնսուլտացիանե՞ր, թե՞ բանկցություններ, ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը;
Անդրադառնալով պատգամավորի հաջորդ հարցին՝ կապված փուլային և փաթեթային տարբերակների հետ, Զոհրաբ Մնացականյանն ասաց.
«Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համադրությունը, ապա դա չաշխատող է, որովհետև կար մի գործընկեր, որը ժամանակին ասում էր, որ մենք համաձայն ենք փուլային տարբերակին, և առաջին փուլում ստատուսի հարցն է լուծվում, հետո՝ մնացածը: Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են, վերահսկվում են, շոշափելի են, իսկ եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով պարտավորություն է կատարում ու չի ստանում համադրելի պատասխան քայլ մյուս կողմից, ապա ինքը խարխլում է իր անվտանգային դիրքերը բանակցություններում»:
Արձագանքելով՝ Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ասվածից կարող ենք ենթադրել, որ հայկական կողմի համար էական չէ՝ փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակը, էական է բալանսի պահպանումը:
Ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանը հաստատեց. «Այո»: