Բաժիններ՝

«Եկել ենք մեր ընտրած վարչապետից հարցնենք՝ ինչի՞ ինքը չի կատարում իր խոստումները». բողոքի ակցիա Կառավարության դիմաց

Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, արդեն երկու օր է՝ չունեն հոսանք և բնական գազ, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը: Կառավարության շենքի դիմաց հսկողություն իրականացնող ոստիկանները, որոնց խոսքով՝ քաղաքացիների՝ կառավարության դիմաց գալը դիտվում է՝ որպես հավաք, քաղաքացիների նկատմամբ վարչական տույժեր կազմեցին՝ ոչ հրատապ պատճառներով տներից դուրս գալու համար:

Քաղաքացիները դժգոհում էին՝ անջատվել է  հոսանքը,  գազը, և չեն կարողանում այդ պայմաններում մնալ տներում, երեխաներն էլ չեն կարողանում մասնակցել հեռավար դասերին:

Հավաքվածները պնդում էին, որ պատրաստ են բողոքարկել վարչական տույժերը, վճարել չեն կարող, ու իրենց համար այս պահին կառավարության դիմաց գալն ու իրենց խնդրի մասին հայտնելը կենսական անհրաժեշտություն է:

«Մենք չգիտեի՞նք, որ սենց ա լինելու, որ գալիս էինք: Մենք մեր ընտրած վարչապետից եկել ենք պահանջենք էն, ինչ որ մեզ հասնում ա: Մենք ոչ մի բան չենք խախտում: Մենք պահում ենք սոցիալական հեռավորություն, ունենք թերթիկ, որի մեջ, չգիտես ինչի, ոստիկանին չի բավարարում էն, ինչ որ գրված ա: Բայց եկեք քայլենք բառիս բուն իմաստով մի կիլոմետր էս տարածքից և հարցնենք՝ «ո՞վ ունի թերթիկ»: Ոչ մեկը չունի: ես ինքս մի քանի անգամ դուրս եմ եկել առանց թերթիկ լրացնելու, ինձ ոչ մեկը չի մոտեցել: Ոստիկանը կողքովս անցել ա և չի մոտեցել:

Մենք պահանջ ունենք: Եկել ենք մեր ընտրած վարչապետից հարցնենք՝ ինչի՞ ինքը չի կատարում իր խոստումները: Ինքն ասել ա, որ ինքը մեզ ա ծառայելու: Բայց էսօրվա դրությամբ, երբ որ մարդիկ հացի խնդիր ունեն, երկու ամիս ա՝ չեն աշխատում, ինքն էսօր, 5 րոպե առաջ լայվ ա մտնում ու ասում ա՝ զբոսանքի թույլտվությունները պետք ա թեթևանան: Շատ հրատապ հարց ա լուծվում, շատ, կարևորագույն հարցն ա էսօրվա դրությամբ: Մենք կոտորվում էինք զբոսնելու ցանկությունից, էսօր վարչապետը էդ հարցը լուծեց: Շնորհակալություն, պարոն վարչապետ»,- ասաց կառավարության դիմաց եկած Անահիտ անունով մի քաղաքացի:

Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներն ունեին և՛ անձնագիր, և՛ տեղաշարժման թերթիկ, սակայն ոստիկաններն արձանագրությունները կազմելիս հայտնել էին քաղաքացիներին, որ նպատակը չի համընկնում պարետի ընդունած որոշումների հետ:

«Նպատակը մեր բողոքն արտահայտելն էր: Ես կարծում եմ, որ դա իմ համար հրատապ է, որովհետև էն լուծումները, որ էսօր առաջարկվում ա արտակարգ դրության պայմաններում, կոնկրետ կոմունալների հարցով դրանք բավարար չեն: Չի կարելի մարդկանց արտակարգ դրության պայմաններում գալ գազն ու լույսը անջատել: Մեր խնդիրը կոնկրետ էդ հարցերի շուրջ ա, ու սա մի տարբերակ ա, որպեսզի վարչապետին իրական իրավիճակը հասանելի լինի: Էն, ինչ որ նրան էսօր զեկուցում են  կամ ներկայացնում են, ես ինքս վստահ եմ, որ չի արտացոլում վիճակը, հակառակ դեպքում չէր լինի էդ խայտառակ ու տգետ որոշումների ցանկը, որն առաջարկում ա կառավարությունը»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Հավաքվածների պնդմամբ՝ աջակցության ծրագրերը չեն արտացոլում այն իրական պատկերը, որ այսօր կա Հայաստանում: Քաղաքացիները չեն կարողանում հասկանալ, թե որտե՞ղ կամ ինչպե՞ս է վերացնել ֆորս-մաժորը, երբ իրենք չեն կարողանում աշխատել, չունեն գումար, որ կարողանան կատարել իրենց կոմունալ վճարումները:

«Մեր նպատակն ա, որպեսզի կառավարությունում էդ օսլայած վարատնիկներով նստած, երկու տարի առաջվա դրսում պայքարող տղեքը վերադառնան իրականություն ու հասկանան, որ ոչ մի բան չի փոխվել»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս