ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստանում է սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստանում է՝ ընտրվելու պարագայում սատարելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Այս մասին Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ։
«Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին»,- նշել է Բայդենը հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ պետք է երբեք չմոռանալ ու լուռ չմնալ բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ծրագրի մասին։
«Եթե մենք ամբողջությամբ չճանաչենք, չոգեկոչենք և մեր երեխաներին չսովորեցնենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» խոսքերը կկորցնեն իրենց նշանակությունը։ Փաստերը պետք է ապագա սերունդների համար լինեն նույնքան պարզ ու հզոր, որքան նրանց համար, ում հիշողություններն այրված են ողբերգությամբ։ Հրաժարվելով հիշել կամ ճանաչել ցեղասպանության փաստը՝ նոր ճանապարհ ենք բացում ապագա զանգվածային կոտորածների համար»,- ասել է Բայդենը։
Նա հիշեցրել է, որ Սենատում գտնվելու տարիներին մշտապես առաջնորդել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը։ «Եթե ընտրվեմ, ես պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, և իմ վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթություն կդարձնեմ համընդհանուր մարդկային արժեքները։ Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու ամերիկահայ համայնքին, որը մեծ նպաստ է բերել մեր ազգին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասվում է Բայդենի հայտարարության եզրափակիչ հատվածում։