…Եվ այդ տարօրինակ բառը` անկախություն
1991 թվականին Անկախության հանրաքվեին մասնակցեց 2 միլիոն 57 հազար մարդ: Նրանցից 2 միլիոն 42 հազար 617 ընտրող «այո» ասաց Հայաստանի անկախությանը: 10 հազարը` «ոչ»: Այս թվերն այսօր արտասանում ենք` ոչ այնքան շեշտելու համար, որ մեր հայրենակիցները ոչ այնքան հեռավոր 1991-ին գրեթե ողջ կազմով կողմ էին մեր երկրի անկախությանը: Այս թիվն արտասանելն ուղղակի հաճելի է, քանի որ թույլ է տալիս գիտակցել, որ 21 տարի առաջ Հայաստանում եթե միայն այսքան մարդ ունեցել է ընտրելու իրավունք, ապա որքան է եղել բնակչության ամբողջական թիվը:
Իսկ այն, որ 2 միլիոնից ավելի մարդ կողմ է Հայաստանի անկախությանը, ըստ էության, ոչինչ չասող ինֆորմացիա է: Խնդիրն այն է, որ անկախությունը մենք ոչ թե նվաճեցինք, այլ այն ուղղակի ընկավ մեր գլխին. Խորհրդային Միությունը փլուզվեց, և մենք ավտոմատ դարձանք անկախ: Եվ գուցե դա էր պատճառը, որ չհասցրեցինք ինչպես հարկն է նախապատրաստվել անկախությանը: Հակառակ դեպքում` անկախությանն «այո» ասած մարդկանցից շատ-շատերը, պարզ ասենք` միլիոնից ավելի մարդ, երկրից անվերադարձ չէր հեռանա: Ի վերջո, պետությունների անկախությունն ավելի շուտ սիմվոլիկ ստատուս է: Երկիր մոլորակի վրա չկան բացարձակ անկախ պետություններ. բոլորը կապված են քաղաքական և տնտեսական կապերով։ Երկրի անկախության ցուցիչն այդ երկրի` իրենց անկախ զգացող քաղաքացիներն են` մեկնարկային հավասար պայմաններով:
Մեր պետության ձեռքբերումների մասին պետական վիճակագրությունը պարբերաբար զեկույցներ է հրապարակում: Երեկ էլ, ողջ օրվա ընթացքում, հեռուստաընկերությունները` որպես անկախության խոշորագույն ձեռքբերումներ, ցուցադրում էին հայրենասիրական երգեր և նույն կադրերը` արագորեն մեկը մյուսին են հաջորդում Շառլ Ազնավուրի, շախմատի մեր ազգային հավաքականի տղաների, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի պատկերները: Որոշ հեռուստաընկերություններ այս կադրերին ավելացրել էին նաև ֆուտբոլի ազգային հավաքականի գոլերն ու ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի հաղթանակը:
Հեռուստամեկնաբաններից մեկն ավելի հեռուն գնաց և հիշեց «մեր հայրենակիցներ» Շերին (Շերիլին Սարգսյան) և թենիսիստ Անդրեյ Աղասիին (վերջինիս փորձերը` ընդունել մահմեդականություն, միևնույն է, մեզ ոչ մի գնով ետ չի պահի մտքից` նրան դասել խոշոր հայերի ցանկում):
Այնպես որ` թերթերին է մնում սև աշխատանքը` թվարկել այն բացթողումներն ու կորուստները, որոնք ունեցանք անկախության 21 տարիների ընթացքում: (Կարևոր է արձանագրել, որ կորուստների պատճառն ամենևին անկախությունը չէ, այլ պետության ոչ գրագետ կառավարումը):
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում մոտ 4 միլիոն հայ կար: Այսինքն` մոտ 4 միլիոն հայ համաձայն էր համատեղ ապրել 30.000 քկմ-ի վրա: Սա ձեռքբերում էր, որը պետք էր ամեն գնով պահել: Սակայն չհաջողվեց. կոպիտ հաշվարկով այդ թիվն այսօր կիսվել է:
Խորհրդային Միությունից դուրս ապրելն, այդուհանդերձ, հոգեբանորեն բարդ էր անգամ այն քաղաքական գործիչների համար, ովքեր այսօր կարոտում են 91 թվականը, ովքեր իրենց «այո»-ն ասացին անկախությանը: Անկախության հանրաքվեից ուղիղ 5 տարի անց Հայաստանում սկիզբ առավ շարժում` տարօրինակ անվանումով` «Հայաստան-Ռուսաստան- Բելառուս»:
Շարժման ակունքներին «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից Աշոտ Մանուչարյանն էր, Աղասի Արշակյանը: Հիշում եմ, անգամ ստորագրահավաք կազմակերպվեց: Տասնյակ-հազարավոր մարդիկ իրենց ստորագրությունն էին դնում` հօգուտ այս միության: Կազմակերպվում էին հանդիսավոր հավաքներ Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում: Ելույթներ էին ունենում մեր լավագույն մտավորականները: Եթե չեմ սխալվում, անգամ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ելույթ ունեցավ և իր համաձայնությունը հայտնեց` հօգուտ «Հայաստան-Ռուսաստան-Բելառուս» միության:
Եվ դժվար է ասել` եթե այսօր հանրաքվե լինի` «Կո՞ղմ եք, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը` որպես նրա մի մարզը», ի՞նչ պատկեր կունենանք:
20 տարի խաղաղ կյանքը բավականին ժամանակ է` երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Սակայն այս տարիների ընթացքում լսում ենք նույն բանը` Հայաստանն անցումային փուլում է, պատերազմը դեռ չի ավարտվել: Կա ձախողումների արդարացման ընդունված մի տարբերակ ևս. սկզբում ասվում էր` «Հայաստանի նորանկախ հանրապետությունը 5 տարեկան է, տակավին`մանուկ: Ի՞նչ կարելի է ակնկալել փոքրիկ երեխայից»: Հետո վրա հասան անկախ Հայաստանի «վարդագույն պատանեկության» տարիները` մինչև 17-18-րդ տարին: Այժմ փոթորկուն երիտասարդությունն է` անկախությունը 21 տարեկան է: Նման համեմատությունը վտանգավոր է. ըստ վիճակագիրների` Հայաստանում կյանքի միջին տևողությունը 73-76 տարի է…
Այն, որ Հայաստանը պատերազմական փուլում է, ոչ ոք չի կարող վիճարկել: Սակայն անավարտ պատերազմի և անընդհատ կեղծվող ընտրությունների միջև կապը գտնել որևէ ձևով չի ստացվում: Նույնքան բարդ է հասկանալ, թե ինչ կապ ունի անավարտ պատերազմը օլիգարխների բարգավաճման, գանձագողության ծավալների աճի, պետության ապաշնորհ կառավարման հետ:
Բավական է հետևել Հայաստանի ընդերքի շահագործման տեմպերին, պարզ է դառնում` Հայաստանը հարյուրամյակներին հայտ չներկայացնող պետություն է:
Եվ Անկախության հանրաքվեից 21 տարի հետո հարց է առաջանում` Հայաստանն անկա՞խ պետություն է: Ինչպես գրախանութներում են ասում` ֆանտաստիկան մյուս բաժնում է: