«Մեղավորներ» փնտրելիս

Ցանկացած իշխանություն, նախ և առաջ, պատասխանատու և հաշվետու է իր ժողովրդի առաջ և իր գործողությունների համար պետք է պատասխան տա՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Իսկ թե ե՞րբ ու ի՞նչ քայլերի համար պետք է պատասխան տա՝ այդ չափորոշիչները որոշում է նորին գերազանցություն ժամանակը։

Իշխանությունների համար ամենակոմֆորտ տարբերակը, որով և առաջնորդվում են, իշխանության գալուց հետո նախկին իշխանությունների թիրախավորումն ու իրենց բոլոր անհաջողությունների մեջ նրանց հետքերը տեսնելն է։ Որդեգրած մարտավարության համաձայն՝ նախկինները մեղավոր են ամեն ինչում, իսկ այն կիսատ նախագծերը կամ այն նախագծերի մասին, որոնք բավական արդյունավետ են և կիրառելիության առումով բավականին օգտակար են, Փաշինյանն ու թիմակիցները «զարմանալիորեն» լռում են։ Հետաքրքիր է, որ Փաշինյանը չի բողոքում այն նախնական պայմանավորվածությունների ու պրոյեկտների կյանքի կոչման համար, որոնք նախաստորագրվել և վավերացվել են 4-5 տարի առաջ։

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ նախորդ իշխանությունների հանդեպ արդեն բավականաչափ դեմոնիզացման գործընթաց իրականացրել էր և հանրությանը նախապատրաստել, որ իշխանության գալուց հետո պայքարելու է «թալանչի», «ժողովրդի արյունը ծծող», «20 տարի ժողովրդին կեղեքած ու կոռումպացված» հների դեմ։ Եվ, ինչպես տեսնում ենք՝ նա հավատարիմ է մնում իր խոսքին՝ ամենուր տարածելով ատելություն և հակակրանք։

Մարտավարությունը շատ պարզ է․ ցանկացած լարված իրավիճակում, երբ քաղաքական առումով այլևս ասելիք չկա, և ամենուր կրախային իրադրություն է՝ իշխանությունները «մեյդան» են իջեցնում փրկության փարոսը՝ «նախկինները բացահայտ խանգարում են իշխանություններին  և չեն թողնում իրականացնել իրենց ծրագրերը»։

Նմանօրինակ մի հայտարարությամբ այսօր հանդես եկավ Փաշինյանի ամենահավատարիմ կերպարներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ով խորհրդարանում մի հրաբորբ ճառ արտասանեց՝ ժողովրդին կոչ անելով «չսադրվել» ու մնալ հեղափոխությանը հավատարիմ։

«Այսօր տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության, անհատների, քաղաքական գործիչների նկատմամբ, և այս ամենը կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում նաև ԱԺ-ում, և կապված է ապօրինի գույքի բռնագանձման, գովազդների մասին օրենքի, ինչպես նաև քրեական գործերի հետախուզումների հետ, որոնք հայտարարվում են նախկին հայտնի կարկառուն գործիչների նկատմամբ։ Ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է՝ տեղի չտալ այդ կոնտեքստից կտրված նյութերին, բառակապակցություններին, այն լարովի դերասաններին, մարիոնետկաներին, որոնք Միքայել Մինասյանի հեռուստաալիքներով, կայքերով, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերի և մնացած բոլոր այն մարդկանցով վարձատրվում են ՀՀ-ից գողացված փողերով»:

Ինչ խոսք․ սա իշխանությունների հերթական պոպուլիզմի չափաբաժնի դրսևորումն է, որով փորձ է արվում ժողովրդի աչքին դարձյալ «չեմպիոն» երևալ և կոնկրետ մեղավորներ նշանակել։ Երբ Սիմոնյանը  դեմագոգիկ խոսում է ֆեյքերի ու ֆեյքային գրոհների մասին, հավանաբար մոռանում է, թե քանի ֆեյքաբուծարաններ ու հատուկ պետական միջոցներով պահվող «մոնիտորինգչիներ» ունեն, որոնց որոշ մասը հայտնի է նաև կադաստրային հասցեով։ Մոռանում է, թե ինչպես են օրվա իշխանության ֆեյքերը հարձակվում անցանկալի օգտատերերի ու նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների վրա՝ հայհոյախառն արտահայտություններ ու տարբեր սպառնալիքներ տեղալով ոչ միայն նրանց, այլև նրանց ընտանիքի անդամների հասցեին։ Ալենը հավանաբար մոռանում է նաև, թե ինչպես էր ինքը նույն «կոռումպացված» իշխանության ժամանակ բավականին ակտիվ ու հարմար տեղավորված փող աշխատում։ Ինչ վերաբերում է վերոնշյալ գովազդի մասին պնդումներին, ապա, ըստ օդում կախված լուրերի, Սիմոնյանն անձամբ շահագրգիռ է այդ հարցում, քանի որ սեփական անձնական ակնկալիքներն ունի։

Ինչ վերաբերում է  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ապա օրվա իշխանությունների հիմնական ու գլխավոր անկյունաքարային գաղափարները, որոնց վրա հիմնված է այս ամենը, երկուսն են՝ «մեր երկրում եղել է համատարած, համակարգված կոռուպցիա և թալան», և երկրորդ՝ «օրենքն անհրաժեշտ է, որպեսզի երկրում ապահովվի հանրային համերաշխություն»։ Իրականում պետք է փաստենք, որ այս պնդումները սնանկ են, լոզունգային, մանիպուլյատիվ, զրպարտչական և անհիմն, ավելին՝ հնարավոր չէ նաև ոչ մի կերպ դրանք հիմնավորել։ Այդպիսի տպավորությունը զուտ հանրային կարծիքի մանիպուլյացիայի արդյունք է, ուրիշ ոչինչ: Այդ է պատճառը, որ հեղինակներն ու կողմնակիցները հղում են անում մամուլում տարածված լուրերին: Փաստացի սա սեփականությունը խլելու օրենք է, կամ, եթե կուզեք՝ օրենք՝ զրպարտանքի հետքերով։

Երբ խոսվում է գործող իշխանությունների քաղաքական մանիպուլյացիաների և մերկապարանոց հայտարարությունների մասին, քննադատողներն անմիջապես գամվում են անարգանքի սյունին և պարսավանքի ենթարկվում, սակայն ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են իրենց համար ճանապարհ հարթելով՝ իշխանությունները հաստատում ավտորիտար կարգեր։

Երկրում ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում իշխանությունները, շատ լավ հասկանալով, որ ընդհանուր դրությունը դուրս է գալիս վերահսկողությունից, և ՀՀ-ում, հնարավոր է՝ ստեղծվի աղետալի ու անվերահսկելի առողջապահական ճգնաժամ, փորձում են ամեն կերպ պատասխանատվությունն իրենց վրայից գցել և արհեստական «մեղավորներ» գտնել։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս