«Եթե իմ որդին օրենք է խախտել, չկասկածեք, ինքը կպատժվի». Անդրանիկ Քոչարյան
Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեզ, եթե դա չհաստատվի, իսկ ես որքան գիտեմ փայլուն է պաշտպանել, հիմա եթե չհաստատեն, նա գնալու է ծառայության, բացի այդ մի քանի զորակոչ կա, որ նրա 27 տարին լրանա:
Այսօր Ազգային ժողովում, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան անդրադառնալով իր որդու՝ բանակում չծառայելու մասին մամուլի հրապարակումներին, ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Իսկ իմ մյուս որդին հիմա ծառայում է Արցախում: Նա շատ ավելի մեծ ուշադրության կենտորնում է, քան այլ զորակոչիկ: Դա ավելորդ ուշադրություն է, որը խանգարում է իմ կրտսեր զավակի ծառայությանը: Շատ խմբագրեր և շատ հայտնի կայքեր, կարևորելով իմ գործունեությունը Ապրիլյան քննիչ հանձնաժողովում և Պաշտպանության հանձնաժողովում, թիրախավորել են նաև իմ ընտանիքի անդամներին: Ես խորհուրդ եմ տալիս՝ երեխաներին հանգիստ թողեք, եթե իմ որդին օրենք է խախտել, չկասկածեք, ինքը կպատժվի, բայց ինքը օրենք չի խախատել, ինքնուրույն, ընտանիք ձևավորած անձնավորություն է, հրաշալի կրթություն ստացած և պաշտպանած: Մնացածը կարող եք ճշտել Պաշտպանության նախարարությունից՝ տարեկետում ունեցե՞լ է, թե՞ ոչ, եթե անձնական տվյալների հետ խնդիր չունեք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: