Կառավարության առաջարկած ծրագրով անտոկոս վարկեր ստանալը մնում է խնդրահարույց. Տնտեսվարողների բարձրացրած հարցերը
168.am-ը շարունակում է ահազանգեր ստանալ գործարար շրջանակներից՝ կապված Կառավարության ընդունած աջակցության ծրագրերից օգտվելու դժվարությունների հետ: Մասնավորապես՝ անտոկոս, սուբիսդավորվող վարկեր ստանալու խնդիրներից մեկը, ըստ տնտեսվարողների, վարկի համար պարտադիր պահանջ համարվող գրավն է՝ ապահովման միջոցը:
«Ենթադրենք՝ գործարարը դիմել է բանկին՝ 1 մլն դրամ վարկ ստանալու համար, եթե 500 հազար դրամը տրամադրում է պետությունը, արդյո՞ք սա նշանակում է, որ բանկը մնացած մասի համար պարտադիր ապահովման միջոց պետք է պահանջի: Եթե՝ այո, ապա ի՞նչ անեն այն կազմակերպությունները, որոնք արդեն վարկ ունեն, և իրենց գույքը հանդիսանում է գրավի առարկա, իսկ հիմա լրացուցիչ միջոց չունեն գրավադրելու համար»,- ասաց տնտեսվարողը:
Վերջինի փոխանցմամբ՝ կառավարության ընդունած որոշումների հետ կապված մյուս խնդիրը կապված է այն հարցի հետ, որ բանկը դիտարկում է միայն իր հաճախորդների դիմումները և չի կարողանում հստակեցնել նաև վարկի տրամադրման ժամկետները:
Մեզ հետ զրույցում մեկ այլ տնտեսվարող էլ անդրադարձավ Կառավարության սահմանած պարտադիր պահանջներից մեկին, ըստ որի՝ վարկեր կտրամադրվեն միայն պարտաճանաչ հարկատուներին:
«Հայտնի է, որ գործատուներն ապրիլի 20-ին, բացի ամսական հարկերից, պետք է վճարեն 2019թ. համար տարեկան շահութահարկ, այսինքն՝ բոլորի մոտ ապրիլ ամսվա հարկն ամենամեծն է: Հիմա, եթե ֆինանսավորման ծրագրով 3 ամսվա հարկի գումար է ֆինանսավորվում, իսկ վարկը փաստացի ստացվում է ուշ, ասենք՝ մայիսին, արդյո՞ք տնտեսվարողը կարող է այն օգտագործել հետագա ամիսների հարկերի վճարման համար (ինչպես հասկանալ 3 ամսվա սահմանափակումը): Եթե տնտեսվարողը դիմել է ֆինանսավորման ծրագրին մինչև ապրիլի 20-ը և դեռ չի ստացել վարկ և չի մարել հարկային պարտավորությունները, արդյո՞ք բացի տույժերից կբացվի նաև վարչական վարույթ: Չէ՞ որ, եթե վարչական վարույթ բացվի, այդ դեպքում տնտեսվարողը վարկ չի ստանա՝ համաձայն 1-ին միջոցառման կարգի»,- ասաց մեր զրուցակիցը:
168.am-ը տնտեսվարողների բարձրացրած խնդիրները փոխանցել է Կենտրոնական բանկին և պատասխանները ստանալուն պես այն կհրապարակենք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հրապարակել էիք 400 մլն դրամի վարկ ստանալու համար բանկին դիմած և մերժում ստացած գործարարի բարձրացրած մտահոգությունը, որը կապված էր այն խնդրի հետ, որ կառավարության որոշմամբ թույլ չէր տրվում վարկ ստանալ միանգամից մի քանի նպատակի համար:
Հրապարակման հետ կապված՝ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ կառավարությունը փոփոխություն է կատարել ընդունած որոշման մեջ:
Փոփոխության արդյունքում գործարարները կարող են մինչև 500 մլն դրամ վարկ ստանալ՝ միանգամից մի քանի նպատակով օգտագործելու համար: