Բաժիններ՝

«Կոչ կանենք ԿԲ-ին, որ, երբ մարդկանց նամակներ ուղարկեն, ինչպես ծխախոտի վրա է գրվում, որ ծխելը հանգեցնում է չբերության, քաղցկեղի, այնպես էլ նշվի, որ նման վարկերը խորացնում են աղքատությունը»

«Մենք երկար մտածել ենք հարցի շուրջ, թե ի՞նչ կանեն այն մարդիկ, որոնց խիստ անհրաժեշտ է գումար: Կարծում ենք՝ եթե գիտակցված ու ծայրահեղ անհրաժեշտություն կա գումար վերցնելու համար, ապա մեր ընդհանուր սոցիալական ապահովության համակարգը պետք է այնպես վերակառուցվի, որ հանրությունը կանգնած լինի ծայրահեղ կարիքավոր մարդկանց կողքին, այլ ոչ թե բանկերը, սա շատ կարևոր է»,- այս մասին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  այսօրվա նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համահեղինակներից մեկն էլ նա է:

Նշենք, որ նախագծով սահմանվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր պարբերություն, որով սահմանվում է, որ Կենտրոնական բանկը, իր նորմատիվ իրավական ակտերով, մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 200.000 դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշերը:

Նրա խոսքով՝ բանկերի կողմից ծայրահեղ դեպքերի ֆինանսավորումը, ցավոք, խորացնում է աղքատությունը, այլ ոչ թե լուծում մարդկանց խնդիրները:

«Մենք կոչ կանենք նաև Կենտրոնական բանկին, երբ կուղարկեն մարդկանց նամակները՝ Կառավարության կամ ԿԲ-ի անունից, ինչպես ծխախոտի վրա է գրվում, որ ծխելը հանգեցնում է չբերության, քաղցկեղի առաջացման, անպայման նշվի, որ նման վարկերը խորացնում են աղքատությունը, որպեսզի մարդիկ ամբողջությամբ գիտակցեն, թե ինչի հետ գործ ունեն: Մեր պատրաստակամությունը վերահաստատում ենք կարևոր երկու թեմաներով համատեղ աշխատելու, որը վերաբերում է գովազդի արգելմանը կամ սահմանափակմանը և առևտրի կենտրոններում վարկերի սահմանափակմանը: Այն բանից հետո, երբ հնարավոր կլինի կազմակերպել հանրային քննարկումներ, մենք կկազմակերպենք և կկարողանանք համատեղ հայտարարություններով հանդես գալ»,- նշեց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս