«Այո, անհրաժեշտ են այդ սահմանափակումները, որովհետև գործ ունենք կյանքերի հետ». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում աննախադեպ է տեղի ունենում, հետևաբար՝ դրա կանխարգելումը պահանջում է նույնչափ արագ գործողություններ:

«Այս նախագիծը, որն առաջարկում է Կառավարությունը, և պարետատունն է ձեռնարկել, միտված է արագ գործողությունների ձեռնարկելուն, այսինքն՝ րոպեների ընթացքում ստանալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա կանխարգելելու և փրկելու կյանքեր:

«Իմ քայլը» խմբակցությունն այն քննարկել է, և այստեղ հնչել են տարբեր տեսակետներ, մենք տվել ենք մեզ հուզող հարցերը և լսել ենք գործընկերներին հուզող հարցերը: «Իմ քայլը» ներկայացրել է առաջարկներ, որոնց վերաբերյալ Ռուստամ Բադասյանը, կարծում եմ՝ կխոսի»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որն առաջին ընթերցմամբ երեկ ԱԺ-ն ընդունել էր:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է ստեղծել միասնական հարթակ, որտեղ կհավաքվեն անձանց հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալները՝ կորոնավիրուսով վարակված անձի շփման հնարավոր շրջանակը բացահայտելու համար, այդ տվյալները ենթակա են ոչնչացման մեկ ամսվա ընթացքում:

Ըստ նրա, պետք է տեսնել, թե ինչ է կատարվում ամբողջ Եվրոպայում, որևէ մեկը որևէ բան չի թաքցնում և չի էլ կարող թաքցնել, բավական է բացել լրահոսը և տեսնել, թե աշխարհում ինչպիսի աննախադեպ սահմանափակումներ են մտցնում հենց ամենաժողովրդավար պետություններում:

«Պետությունների ղեկավարները,  այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, օրեր առաջ հայտարարեց, որ նման սահմանափակումներ Գերմանիայում երբեք չի եղել, ինչպիսին որ այսօր կա: Այսօր, այո, անհրաժեշտ են այդ սահմանափակումները, որովհետև գործ ունենք կյանքերի հետ: Ուզում եմ ընդգծել, որ այս նախագիծը գաղտնալսում չի ենթադրում, և սա պետք է հստակ արձանագրենք, պարզապես արձանագրում է հեռախոսազանգ, այս տվյալներն արտակարգ դրությունից հետո ոչնչացվելու են, և դրան հետևելու է վերահսկող մարմինը, այն է՝ Ազգային ժողովը՝ իր բոլոր խմբակցություններով: Նախագծի արդյունավետությունը գործողությունները ձեռնարկելու արագության մեջ է»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ սա վերջին գործողությունը չէ, քանի որ այսօր աշխարհը փնտրտուքների մեջ է՝ հասկանալու համար, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել, որպեսզի խնդիրը հաղթահարի, ուստի վաղը կարող է անհրաժեշտ լինել դիմել այլ միջոցների:

Տեսանյութեր

Լրահոս