«Արհեստական շնչառական ապարատներ և մահճակալներ, հաշվե՞լ ենք, պատրա՞ստ ենք մոբիլիզացիոն պլանին». համաճարակաբան

Մարտի 1-ին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, իսկ ահա վերջին մի քանի օրերին ունենք վարակի տարածման  աճ՝ դեպքերի թիվն արդեն հասել է 15-ի,  սա նշանակում է, որ արդեն ունենք մտահոգիչ դինամիկա։ Այսօր 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց  Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը և, որպես վերջին օրերին արձանագրված միակ դրական լուր, նշեց այն, որ վարակակիրներին ու նրանց հետ կապված բոլոր «կոնտակտավորներին» Առողջապահության նախարարությունը կարողացել է հայտնաբերել, իսկ վարակակիրների մեծ մասը շփվել են Էջմիածին քաղաքում արձանագրված մեկ վարակակրի հետ։

Համաճարակաբանը համարում է, որ այս պահին արտակարգ դրության դիմելու գործընթացը շատ բարդ է. վստահեցնում է՝ դա ունի և՛ դրական, և՛ բացասական հետևանք, ուստի առավել կարևոր է համարում այլ հանգամանք։

«Պատկան մարմինների ճկունությունն է շատ կարևոր, որովհետև նման բռնկումների դեպքում, երբ իրավիճակը ժամառժամ է փոխվում, պետք է լինել շատ ճկուն և կիրառել զսպման մեխանիզմներ։ Խնդիրն այստեղ ոչ թե արտակարգ դրություն հաստատել- չհաստատելու մասին է, այլ նրա, որ մենք չունենանք վարակի դեպքերի տարածում։ Մտահոգություններս վարակի տարածման  դեպքերի  և, առավել շատ, մեր հիվանդանոցների հագեցվածության հետ են կապված. հարց է՝ բոլո՞ր հիվանդանոցների թերապևտիկ բաժանմունքներն են պատրաստ։  Մենք ունենք մոբիլիզացիոն պլան, բայց կկարողանա՞նք  արդյոք այդ հաշվարկներն արագ կատարել և հասկանալ, թե երբ հիվանդանոց դիմեն նաև այլ խնդիրներ ունեցող քաղաքացիները, ինչպե՞ս ենք կատարելու բաժանումը, թե որ հիվանդին որ հիվանդանոցում տեղավորենք։  Այստեղ խնդիրներ է առաջացնում նաև այն, որ մեր հիվանդանոցներում էլ մինչև այս դեպքերը  կային շատ հիվանդներ։ Շտապօգնության անձնակազմից՝ մինչև մահճակալներ և արհեստական շնչառական ապարատներ, հաշվարկել է պետք, որպեսզի հասկանանք, թե պատրա՞ստ ենք արդյոք, թե՞ ոչ։ Պետք է նաև հաշվարկել այն հիվանդանոցների թիվը, որոնք պետք է ներգրավվեն»,- ասաց Բադալյանը։

Վերջինի խոսքով՝ Իտալիայում, օրինակ, կորոնավիրուսի մահաբերության բարձր աստիճանն ու տիրող խուճապը պայմանավորված է նախ նրանով, որ հաշվարկներ չեն արվել նախապես, երկիրն անպատրաստ է  եղել, իսկ իրավիճակը սրել է այնտեղ ապրող մեծահասակ բնակչության քանակը։

«Իտալիայում մահաբերությունը բարձր է, որովհետև երկարակյացների թիվը մեծ է, մահացածների 42 տոկոսը 80-89 տարեկաններն են, 32 տոկոսը՝ 70-75 տարեկաններ, այսինքն՝ մահացածների 72 և ավելի տոկոսը մեծահասակներն են։ Սա է հիմնական պատճառներից մեկը։ Երկրորդ պատճառը հիվանդանոցների հագեցվածությունն է. ունեցել են 5000-ին մոտ վերակենդանացման բաժանմունքի մահճակալներ, որոնցից 1000-ը տրամադրվել են կորոնավիրուսով վարակված հիվանդներին, սակայն, երբ վարակակիրների թիվն ավելացել է, արհեստական շնչառական ապարատների, ինտենսիվ թերապիայի բլոկի գործունեությունը կաթվածահար է եղել. այդ հաշվարկները չանելն էր նրանց բացթողումը»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի գերխնդիրն է, որ վարակը չտարածվի, որովհետև մենք էլ ունենք մեծահասակների գգալի թիվ, և հետևաբար՝ տարածման դեպքում կկանգնենք այդ նույն  խնդրի առջև։

Բժշկի խոսքով՝ Էջմիածնում հայտնաբերված վարակի դեպքի առնչությամբ սխալ են մեղադրական հայտարարությունները, թե՝ եթե այդ քաղաքացին մեկուսացվեր ամենասկզբից, վարակի տարածում չէինք ունենա։

«Մեղադրել պետք չէ. պատմականորեն միշտ էլ այդպես է լինում. միշտ էլ գտնվում է  մեկը, որը վարակում է, սակայն այստեղ պատասխանատվություն կա դրված ոչ միայն անհատի, քաղաքացու, այլ նաև պետության վրա,   ինչ-որ պահից պետությունն է, որ պետք է ավելի կոշտ միջոցների դիմի»,- ասաց  նա։

Զուգահեռներ անցկացնելով սովորական սեզոնային գրիպի և կորոնավիրուսի միջև՝ Բադալյանը պարզաբանեց, որ կորոնավիրուսը շատ ավելի արագ է տարածվում և, եթե սովորական գրիպով մեկ վարակակիրը վարակում է 1-2 մարդու, ապա կորոնավիրուսով վարակակիրը կարող է վարակել մինչև 3.5 մարդու, բացի այդ, այս նոր վիրուսի մահաբերությունը  շատ բարձր է, հետևաբար՝ շատ ավելի լուրջ և վտանգավոր։

Նշենք, որ հաղորդման նկարահանումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս