Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը
Համաշխարհային պրակտիկայում ընդունված բան է, երբ նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական թիմերը դիմում են տարբեր տեխնոլոգիաների ու հիմնականում իրենց հռետորաբանությունը կառուցում են տվյալ ուղղությամբ։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ օգտագործվում են նաև ամենատարբեր սուտ ու մտացածին լուրերը և փորձում հանրությանը մատուցել իրենց տեսանկյունից և իրենց նախընտրած փաթեթավորմամբ։
Դեռևս Սահմանադրական հանրաքվեի մեկնարկից առաջ տարբեր առիթներով շեշտվել է, որ գործող իշխանությունը բուն հանրաքվեի վերաբերյալ հստակ ու բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձելու է թեման գերքաղաքականցնել և տեղափոխել իր համար կոնֆորտ տիրույթ։
Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներն ի վիճակի չեն Սահմանդրության հետ կապված հիմնավոր փաստարկներ ներկայացնել և ժողովրդին համոզել, հենց այդ իրավական հիմքերից ելնելով հանրաքվեին ասել «այո», դա ի սկզբանե հասկանալի էր, նրանց համար ավելի նախընտրելի էր պոպուլիզմն ու շարքային դեմագոգիան։
Արդեն երրորդ օրն է՝ ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանի տրագիֆարսին․ հիմնական ասելիքը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ականների, Ռոբերտ Քոչարյանի և «վերջին 20 տարին կեղեքած կերպարների» մասին է։ Հետևելով հանդիպումների շարքին՝ նախ նկատելի, որ ինչքան էլ Փաշինյանն ու թիմը փորձում են կրեատիվ երևալ և չկրկնվել, սակայն բուն ասելիքն արդեն հասկանալի է։
Փորձենք է՛լ ավելի խորքային անդրադառնալ Փաշինյանի կողմից վերջին երկու օրվա ընթացքում առաջ քաշած մի դրույթի, որը գուցե ոմանց աչքից վրիպել է։
Մարտի 10-ի իր ելույթում Փաշինյանը, հերթական անգամ խոսելով նախկին իշխանությունների մասին, ասել է․ «Նախկիններն ասում են՝ էս կառավարությունը մեր ազգային արժեքներին դեմ է, պրոարևմտյան է, պրոեվրոպական է. իրենք սա ասում են, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա մեզ ճնշում են Հայաստանում»:
Մարտի 12-ի Վայքի ելույթում մոտավորապես նույն թեմայի հետ կապված նա հայտարարել է․ «Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերնե։ Այսօր էլ եք վազում, և եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք»:
Ն. Փաշինյանի այս անհասկանալի մեղադրանքներից պարզ է դառնում մի պարզ ճշմարտություն. սա յուրահատուկ ինքնախոստովանություն էր՝ վերջին բրյուսելյան այցի լիովին տապալված լինելու մասին։
Ինչքան էլ իշխանության քարոզչամեքենան ու սատելիտ «փորձագիտական» շրջանականերն անընդհատ խոսում էին Բրյուսելում տեղի ունեցած «աննախադեպ հագեցած օրակարգի» մասին, շեշտում, թե ինչքան բարյացկամ ու սիրալիր էին «դեմոկրատ» Նիկոլ Փաշինյանին ընդունել եվրոպացի այրերը, փաստն այն է, որ իրականում ոչ մի խորքային ու բովանդակային համաձայնություն ու քննարկում չի եղել։
Ըստ էության պարզ է դառնում, որ Փաշինյանի այցն ընդամենը իրավիճակից բխող որոշում էր և ուղղակի պետք էր իրականացնել կոնկրետ հենց այդ փուլում, իսկ թե ինչ տեղի կունենա Բրյուսելում և ինչպես կընդունեն, դա արդեն ՀՀ իշխանություններին չէր հետաքրքրում։ Այլ ձևակերպմամբ՝ սա ներքին սպառման այց էր, որպեսզի շարքային հայը հասկանա, թե ինչքան «ուժեղ տղա» է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի նման ամպագոռգոռ հայտարարությունները խոսում են նաև այն մասին, որ եվրոպական շրջանակներին այդքան էլ չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած՝ հեքիաթները: «Թավշյա, ոչ բռնի հեղափոխության» մասին հերթական լեգենդի պատմությունն այլևս «չուտվող» թեմա է, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի առաջ հստակ հարց են դրել տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացի մասով, քանի որ ՀՀ օրվա իշխանությունները բացահայտ անտեսեցին և «թքած» ունեցան Վենետիկի հանձնաժողովին և նրա կարծիքը հաշվի չառան, հաշվի չառան նաև ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների տրված եզրակացությունը։
Փաստացի Փաշինյանի նման զայրույթի պատճառն այն է, որ Բրյուսելում բավականին հանգամանալից տիրապետում են ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակին և տիրող ընդհանուր լարված մթնոլորտին։
Արմեն Հովասափյան