«Դեռ որոշված չէ, բայց հնարավոր է, որ ԳԱԱ որոշ ինստիտուտներ միավորվեն բուհերին». Հովհաննես Հովհաննիսյան
Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որով նախատեսված էր Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները միավորել բուհերի հետ, ինչն էլ տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել:
Մասնավորապես՝ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատկան մարմիններին հորդորել էր չգնալ այդ քայլին, քանի որ Հայաստանը կարող է հայտնվել Վրաստանի և Ղազախստանի վիճակում, որտեղ գիտությունը մահացել է, քանի որ Գիտությունների ակադեմիա չունեն:
Երեկ մամուլում կրկին հրապարակումներ եղան այն մասին, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով իշխանությունները ցանկանում են բարեփոխումների անվան տակ՝ լուծարել ԳԱԱ-ն:
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նոր նախագծով նախատեսվում է լուծարել Գիտությունների ազգային ակադեմիան:
«Մենք այս խոսակցություններին մի քանի անգամ պատասխանել ենք, որ Ակադեմիան լուծարելու միտումներ չկան, հնարավոր է՝ լինի որոշակի բարեփոխում, այսինքն՝ որոշ ինստիտուտներ միավորվեն բուհերին, բայց սա էլ դեռ որոշված չէ: Դեռ բավականին ժամանակ կտևի, քննարկումների փուլ կլինի: Ինչ վերաբերում է կտրուկ արտահայտություններին, թե Ակադեմիան լուծարում են, և այլն, կարող եմ միայն ասել, որ սուտ է: Վերջին անգամ մեր խորհրդարանական լսումների ժամանակ նախարարն այդ հարցին անդրադարձել է»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ հայտնի՞ է, թե ԳԱԱ ինստիտիուտներից կոնկրետ որո՞նք կմիավորվեն բուհերին, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ դեռևս դրա հետ կապված որևէ որոշում չկա, այս պահին խոսում են միայն օրենսդրական բազան բարելավելու մասին:
«Կարծում եմ՝ պետք է լինի մեծ հետազոտություն փաստացի տվյալների հիման վրա, որից հետո հնարավոր կլինի խոսել, թե որ ինստիտուտը որ բուհին պետք է միավորվի»,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում