«Եթե ակադեմիական ինստիտուտները միացնենք բուհերին, կհայտնվենք Վրաստանի և Ղազախստանի վիճակում». Աշոտ Մելքոնյան
Նախորդ տարի հոկտեմբերին հանրային քննարկման դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակը, որը ներկայացվել էր նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Նախագծում ներկայացվել էին առաջարկներ, ըստ որոնց՝ Հայոց լեզու, Գրականություն ու Հայոց պատմություն առարկաները բուհերում պետք է դառնան ոչ պարտադիր, և ԳԱԱ-ի ինստիտուտները միացնեն բուհերին։
Այսօր խորհրդարանում Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի խնդիրների և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կրկին բարձրաձայնեց՝ նախագիծն այդ տեսքով չի կարող օրենք դառնալ:
«Ինձ համար այս փաստաթղթից պարզ չէ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը: Երբ տարիներ առաջ Վրաստանի ԳԱԱ-ում փոփոխություններ եղան, և կառույցը վերակազմավորվեց, ԳԱԱ ինստիտուտները տարան բուհեր, վրացի ակադեմիկոսներից մեկն ինձ զանգեց ու ասաց, որ իրենց գիտությունը մեռավ, որովհետև այլևս ԳԱԱ չունեն»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:
Ըստ նրա, այդ փոփոխությունների հետևանքով Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիան այսօր ակադեմիական համակարգից դուրս կառույց է, որը գիտահետազոտական ինստիտուտների հետ կապ չունի: Իսկ ԳԱԱ-ն այն կառույցն է, որտեղ գիտնականը գիտական արդյունք է տալիս, ազատված է դասավանդման ծանր բեռից և զբաղվում է գիտությամբ։
«Հիմա, եթե ակադեմիական ինստիտուտներն իրարից կտրենք և տանենք-միացնենք բուհերին, կհայտնվենք Վրաստանի և Ղազախստանի վիճակում»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Աշոտ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում այս նախագծի առնչությամբ կրկին իր մտահոգությունն էր հայտնել: