«Երբ պետությունը հաջորդ տարիներին կարկուտից վնասված այգիների համար չփոխհատուցի՝ կսկսեն ապահովագրական համակարգից օգտվել». Գյուղատնտես
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որի հիմքում ընկած է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունությունը: Եթե 2019թ. աշնանը 2020թ. գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվում էին 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ապա 2020թ. փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի (ցորեն և գարնանային գարի) ցորենը:
Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր և Տավուշ, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ 2 մարզ՝ Արարատ, Արմավիր:
Քանի որ ցրտահարության վերաբերյալ պայմանագրի ձեռքբերման համար վերջնաժամկետը փետրվարի 21-ն էր, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ամփոփվել են տվյալները:
«Ամփոփված են տվյալները փետրվարի 25-ի դրությամբ։ Կնքվել է 311 ապահովագրական պայմանագիր, որոնց 70 տոկոսից ավելին համակված ռիսկերի վաճառք է: Հիմնականում Արարատի, Արմավիրի մարզերից են եղել դիմողները»,- նշեց Աննա Օհանյանը:
Գյուղատնտես, փորձագետ Հարություն Մնացականյանից էլ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ շատերը խուսափում են ապահովագրությունից, ինչին ի պատասխան՝ նա ասաց.
«Մեր հայ ազգն ամեն նորությունից, բարեփոխումից միշտ խուսափել է: Դա նորմալ է, աստիճանաբար կսկսեն ապահովագրական համակարգի ծրագրից օգտվել, հատկապես, երբ պետությունը հաջորդ տարիներին կարկուտից վնասված այգիների համար չփոխհատուցի»:
Հիշեցնենք, որ պետությունն այլևս չի փոխհատուցի եղանակային պայմաններից տուժած այն գյուղացիական տնտեսությունների վնասը, որոնք կարող էին օգտվել գյուղատնտեսական ապահովագրությունից, սակայն չեն օգտվել:
Նշենք, որ խաղողի և ծիրանի համար կարկուտի ու հրդեհի դեպքում պայմանագրի վերջնաժամկետը մարտի 25-ն է: Խնձորը կարկուտի ռիսկերից ապահովագրելու համար վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, իսկ հացահատիկների համար վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ավելի վաղ անդրադարձել էր պայմանագրերի գներին՝ ըստ ռիսկային գոտիների:
«Խաղողի և ծիրանի համար մեկ հեկտարի կտրվածքով միջինը 45-65.000 դրամ է անհրաժեշտ: Օրինակ՝ Կապանը գտնվում է 4-րդ ռիսկային գոտում, և եթե ապահովագրական ծածկույթ ընտրվի 2 միլիոն դրամը, ապահովագրական գումարը կկազմի 158.000 դրամ, որի 50 տոկոսը կվճարի Կառավարությունը, իսկ 1 հա կտրվածքով գումարը կկազմի 47.000 դրամ: Սա՝ խնձորի դեպքում: Հիմա, եթե ցրտահարություն լինի, և այգին 80 տոկոսով վնասվի, ապա որպես փոխհատուցում՝ կտրվի 1 միլիոն 400.000 դրամ: Վայոց ձորի Մալիշկան, որ կրկին բարձր՝ 4-րդ ռիսկային գոտում է, եթե նաև հրդեհն ընդգրկվի, պայմանագրի արժեքը 1 հեկտարի համար 5750 դրամ է, եթե միայն կարկուտն է՝ 5500 դրամ է: Եթե աշնանացան ոռոգվողի համար ընտրի 380.000 դրամի ապահովագրական ծածկույթը, ապա մեկ հեկտարի կտրվածքով պայմանագրի արժեքը կկազմի 13.680 դրամ, և 80 տոկոսով այգու վնասվելու դեպքում 1 հա-ի համար կստանա 266.000 դրամի փոխհատուցում»,- տեղեկացրել էր Նարեկ Հովակիմյանը: