Գյուղապահովագրությունից չօգտվողներն իրենք են կրելու բնական աղետների հետևանքով ստացած վնասի ֆինանսական պատասխանատվությունը
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որի հիմքում ընկած է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունությունը: Ծրագրի մեկնարկային փուլում՝ 2019թ. աշնանը, 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվում էին 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ 2 մարզ. Արարատ, Արմավիր: 2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանային գարի/ցորենը:
«Կարկուտ և հրդեհ» ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետական սուբսիդիան կազմում է 50 տոկոս, «գարնանային ցրտահարում» ռիսկից ապահովագրելու դեպքում՝ 60 տոկոս, երկու ռիսկերից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10 տոկոս զեղչ:
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրով՝ ըստ 5 ռիսկային գոտիների:
Ծրագրից օգտվելու համար ոլորտի տնտեսվարողները՝ փոխհատուցում ստանալու նպատակով, կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ
«Նախկինում, երբ տարերային աղետներ էին լինում, ու խնդիր էր առաջանում, գյուղացիները բողոքում էին և փոքր ծավալի գումարով փոխհատուցում էին ստանում, ինչը հնարավորություն չէր տալիս, որ հաջորդ տարի գյուղատնտեսական գործունեություն ծավալեին: Իսկ այս դեպքում գյուղացիական տնտեսություններն ապահովագրվում են և ստանում են փոխհատուցում, որը հնարավորություն կտա, որ հաջորդ տարի կարողանան շարունակել իրենց գործունեությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իրա Փանոսյանը:
Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն էլ զարմացած էր, թե ինչո՞ւ մարդիկ, հասկանալով, որ ծրագիրը լավն է, «ոտքերը կախ են գցում»:
«Այս ծրագիրը կյանքի է կոչվել հայ-գերմանական աջակցության շրջանակներում. 5 միլիոն եվրո՝ Կառավարության, 5 միլիոն եվրո էլ՝ KFW բանկի կողմից տրամադրվել է զուտ գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրերի սուբսիդավորմանը: Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 30-ից, երկու մշակաբույս էր ներառում՝ խաղողը և ծիրանը: Այժմ հավելյալ երեք մշակաբույս է ավելացել՝ դեղձ, հացահատիկ և խնձոր:
Խաղող, դեղձ և ծիրան մշակաբույսերն Արարատում և Արմավիրում հասանելի են բոլոր ռիսկերի համար, այսինքն՝ գարնանային ցրտահարում, կարկուտ և հրդեհ: Իսկ խաղող, դեղձ և հացահատիկային մշակաբույսերը կարկուտ և հրդեհ ռիսկի համար հասանելի են ՀՀ բոլոր մարզերում»,- պարզաբանեց Նարեկ Հովակիմյանը՝ հայտնելով, որ ցրտահարության վերաբերյալ պայմանագրի ձեռքբերման համար վերջնաժամկետը փետրվարի 21-ն է: Խաղողի և ծիրանի համար կարկուտի ու հրդեհի դեպքում պայմանագրի վերջնաժամկետը մարտի 25-ն է: Խնձորը կարկուտի ռիսկերից ապահովագրելու համար վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, իսկ հացահատիկների համար վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
«Մինչև ապրիլի մեկը և դրանից հետո պայմանագիրը կնքվում է տարբեր ձևով: Այսինքն, հացահատիկային մշակաբույսերի համար նրանց, ովքեր պայմանագիր կկնքեն ապրիլի մեկից հետո, պայմանագիրն ուժի մեջ կմտնի 5 օրվա ընթացքում: Ինչ վերաբերում է վնասը գնահատողներին, ապա նրանք չեն հանդիսանում ապահովագրական ընկերությունների կամ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ: Նրանք վնասն անկախ գնահատողներ են, որոնք լիցենզավորում են ստանում Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության կողմից»,- նշեց Նարեկ Հովակիմյանը:
Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալի փոխանցմամբ՝ փետրվարի 14-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 200 ապահովագրական պայմանագիր, մեծամասնությունն Արարատ և Արմավիր մարզերում է:
Նարեկ Հովակիմյանն անդրադարձավ նաև պայմանագրերի գներին՝ ըստ ռիսկային գոտիների:
«Խաղողի և ծիրանի համար մեկ հեկտարի կտրվածքով միջինը 45-65.000 դրամ է անհրաժեշտ: Օրինակ՝ Կապանը գտնվում է 4-րդ ռիսկային գոտում, և եթե ապահովագրական ծածկույթ ընտրվի 2 միլիոն դրամը, ապահովագրական գումարը կկազմի 158.000 դրամ, որի 50 տոկոսը կվճարի Կառավարությունը, իսկ 1 հա կտրվածքով գումարը կկազմի 47.000 դրամ: Սա՝ խնձորի դեպքում: Հիմա, եթե ցրտահարություն լինի, և այգին 80 տոկոսով վնասվի, ապա որպես փոխհատուցում՝ կտրվի 1 միլիոն 400.000 դրամ: Վայոց Ձորի Մալիշկան, որ կրկին բարձր՝ 4-րդ ռիսկային գոտում է, եթե նաև հրդեհն ընդգրկվի, պայմանագրի արժեքը 1 հեկտարի համար 5750 դրամ է, եթե միայն կարկուտն է՝ 5500 դրամ է: Եթե աշնանացան ոռոգվողի համար ընտրի 380.000 դրամի ապահովագրական ծածկույթը, ապա մեկ հեկտարի կտրվածքով պայմանագրի արժեքը կկազմի 13.680 դրամ, և 80 տոկոսով այգու վնասվելու դեպքում 1 հա-ի համար կստանա 266.000 դրամի փոխհատուցում»,- տեղեկացրեց Նարեկ Հովակիմյանը:
Մասնագետների փոխանցմամբ՝ գյուղացիները, որոնք չեն օգտվի գյուղապահովագրությունից, իրենք են կրելու բնական աղետների հետևանքով ստացած վնասի ֆինանսական պատասխանատվությունը: