«Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի քայլերին փորձում է պատասխանել ավելի «մեծ խաղով», այդ թվում` ԼՂ հակամարտության թեման արծարծելով». Վիգեն Չետերյան

168.am-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը:

– Պարոն Չետերյան, անցյալ տարի Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից հետո ձեռք բերված համաձայնությունից 5 ամիս անց կրկին սրվել է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում՝ հանգեցնելով ռուս-թուրքական հրապարակային հռետորաբանության կոշտացման, Թուրքիայի նախագահը սպառնում է նոր ռազմագործողությամբ: Ի՞նչ է կատարվում Իդլիբ նահանգի շուրջ, և ինչո՞ւ իրավիճակը բռնկվեց, երբ կարծես վերջին համաձայնությունից հետո ռուս-թուրքական հարաբերությունները նույնիսկ մերձեցման նոր փուլ էին թևակոխել:

– Ողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է կատարվում, ինչու՝ դեռ հստակ չէ, լիովին հասանելի չէ: Այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է՝ Մաարետ-ան-Նուման քաղաքի գրավումից հետո սիրիական բանակը՝ Դամասկոսի ուժերը, շատ արագ առաջացան դեպի հյուսիս և հրետակոծեցին Սարաքիբ քաղաքը: Ներկայուս 15 կմ հեռավորության վրա են գտնվում Իդլիբից: Այս համատեքստում Թուրքիան փորձեց սիրիական բանակի առաջխաղացումը կասեցնել՝ մեծ թվով թուրքական բանակ և ռազմական մեքենաներ ուղարկելով, մոտավորապես՝ 1000 թուրքական բեռնատարներ, զրահամեքենաներ մուտք գործեցին Իդլիբ նահանգ: Անցյալ շաբաթ Իդլիբ ուղարկված թուրքական զորքերից մեկը հարձակման ենթարկվեց, թուրք ութ զինվորական սպանվեց, ավելի մեծ թվով զինվորականներ՝ վիրավորվեցին: Հստակ չէ, թե ով է այդ հարձակման հեղինակը, բայց կան տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այդ հարձակումը տեղի է ունեցել օդուժի գործադրմամբ, և կասկած կա նաև, որ ռուսական օդուժն է դա իրագործել: Օրերս դարձյալ թուրքական բանակի որոշ խմբավորումներ հարձակման ենթարկվեցին, վեց նոր զոհեր ունեցան, այնպես որ՝ Իդլիբում ռուս-թուրքական բախման վտանգ կա, և դա շատ իրական է: Իրավիճակը լարված է, պետք է առաջիկա օրերին հետևենք, տեսնենք, թե Թուրքիայի նախագահն ինչ դիրքորոշում կստանձնի, քանի որ թուրքական դիրքերը շատ բարդ են, թուրքական ուժերը վտանգված են Իդլիբ նահանգում:

– Ի՞նչ փոխվեց այս ամիսների ընթացքում Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

– Իրականում, ես ենթադրում եմ, որ հիմնական համաձայնություն կա, որի շրջանակում Անկարան համաձայն է, որ սիրիական բանակը որոշ շրջաններ վերցնի, դրա մասին հրապարակային չեն խոսում, դրա դիմաց Թուրքիան նաև անզոր է, բայց փորձում է նաև որոշ քայլեր նախաձեռնել: Սակայն, իմ համոզմամբ, կա գաղտնի համաձայնություն: Բայց ես կասեմ նաև, որ իրադարձությունների տեմպերը շատ արագացել են, և դա ամեն իրավիճակ հնարավոր է դարձնում: Մոտավորապես՝ 700 հազար ներքին տեղահանված Իդլիբի հարավից մղվել է հյուսիս, այդ մարդիկ այսօր տեղ չունեն գնալու, միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը պատասխանատվություն է վերցրել այս մարդկանց համար այդ համաձայնություններով: Ուստի որոշ առաջնահերթություններ կան կողմերի համար, որոնք և նրանք իրականացնում են: Սակայն նույնիսկ Թուրքիայի ուղիղ ռազմական միջամտությունը ցույց է տալիս, որ արդյունքի չի կարողանում հասնել:

– Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսությունն ինչպե՞ս կզարգանա՝ ըստ Ձեզ, ի վերջո, այս հարաբերությունների օրակարգը շատ ավելի լայն է, և վերջին շրջանում տպավորություն կար, որ այդ հարաբերությունները գնալով խորանում են:

– Ռուս-թուրքական համագործակցությունը շատ մեծ հակասությունների վրա է հիմնված: Մի կողմից՝ կա նավթային, տնտեսական համագործակցություն, մյուս կողմից՝ ռազմական համագործակցություն, S 400-ի հարցը շատ հակասական է, Թուրքիան դուրս է գալիս իր հին դաշնակիցների շարքից՝ ՆԱՏՕ-ից, ինչը տարօրինակ է: Թուրքիան և Ռուսաստանը հակասական դիրքերում են շատ հակամարտություններում, այդ թվում՝ Լիբանանում: Ռուս-թուրքական հարաբերություններն ընթանում են մեկ նեղ արահետով, և յուրաքանչյուր քայլ՝ այդ արահետից դուրս, վտանգում է հարաբերությունների կայունությունը:

Իսկ Սիրիայում իրավիճակը դեռ շատ անկայուն է, սիրիական բանակն իր առաջխաղացումը շարունակում է, ռուսական օդուժը ռմբակոծումները շարունակում է, իսկ Թուրքիայի կողմից զինուժը տարածվում է տարբեր շրջաններով, տպավորություն է, որ ռազմագործողության համար դիրքեր են ընդունում և նոր զրահատեխնիկա են մատուցում ընդդիմադիրներին: Իրավիճակը պայթյունավտանգ է այսօր: Չեմ կարծում, որ Հայաստանի համար կարևոր տվյալներ կան այնտեղ: Հայկական բնակավայրերը հեռու են, թե Քեսաբը, թե Հալեպը հեռու են, այդ գործողությունների նպատակն է՝ ազատագրել M5 մայրուղին որը կապում է Հալեպը Հոմսի և Դամասկոսի հետ, ինչը ռազմավարական նշանակության է:

– Այս օրերին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ եթե ՌԴ-ն օգտագործի իր ներուժը, ապա կլուծվի ԼՂ հակամարտությունը: Ինչո՞ւ է նման հայտարարություն արվում հիմա: Որքանո՞վ է հեռանկարային այս սցենարը և Թուրքիայի դերակատարությունն այս հարցում:

– Նման հայտարարությունները կարելի է մի շարք թուրքական քայլերի հետ համադրել, ինչպես անցյալ շաբաթ նախագահ Էրդողանը Ուկրաինայում էր, մի շարք կոշտ հայտարարություններ արեց հակառուսական, բայց այդ բոլորը կարող է միայն Մոսկվային զայրացնել, և Թուրքիան չի կարող դեր ունենալ որևէ հակամարտությունում, այդ թվում՝ Անդրկովկասում: Անկարայի կողմից փորձ է արվում իր դժգոհությունը ներկայացնել, որ, եթե Ռուսաստանը Թուրքիայի շահերը Սիրիայում հաշվի չի առնում, ուրեմն Թուրքիան փորձում է ավելի մեծ խաղալ, որի հնարավորությունը չունի, քանի որ, նույնիսկ և առնվազն Սիրիայում չի կարողանում պաշտպանվել:

Անդրադառնալով ռուսական գործոնին, ասեմ, որ չեմ կարծում, որ Ռուսաստանը միայնակ կարող է կարգավորել այս հարցը: Որպեսզի ԼՂ հարցը կարգավորվի, պետք է նախապայմաններ լինեն Հայաստանում և Ադրբեջանում, նման նախապայմաններ դեռ չկան, շատ վաղ է, նման ծրագրի համար պետք է տարիներով աշխատել:

Տեսանյութեր

Լրահոս