«ՍԴ դատավորները կարող են դիմել ՄԻԵԴ». Վարդան Այվազյան
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի Սահմանադրությունում փոփոխություն կատարելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորի ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորի, ներառյալ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները, ապա առաջիկայում Հայաստանում սպասվում է հանրաքվե: Հանրաքվեն կկայանա, եթե մասնակցի ՀՀ ավելի քան 600 հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի: Եթե հանրաքվեն կայանա, ու արդյունքը լինի իշխանությունների ակնկալած տարբերակը, այսինքն՝ դադարեցվեն ՍԴ նախագահի և 6 դատավորի լիազորությունները, ապա դատավորներն իրենց իրավունքների ոտնահարման հայցով կարող են դիմել ներպետական դատական ատյաններ և հասնել ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Իհարկե, կարող են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել, որ հակասահմանադրական միջոցներով իրենց իրավունքները ոտնահարվել են: Այն փաստը, որ Սահմանադրությունը նենգափոխվել է նախորդ իշխանությունների կողմից, և այդ նենգափոխված Սահմանադրությամբ կարծես թե ուզուրպացվել է ՍԴ նախագահի պաշտոնը, և այդ խնդիրը միանշանակ պետք է ունենա լուծում, դա չեմ վիճարկում, բայց եթե այդ խնդրի լուծումը Սահմանադրական կառուցակարգերով չի լինում, դառնում է շատ խոցելի, անկախ նրանից՝ այդ սահմանադրական կարգավորումները անհեթե՞թ են, անտրամաբանակա՞ն են, թե՞ չէ»,- ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանը:
Ըստ Այվազյանի՝ անկախ այն հանգամանքից, թե գործող Սահմանադրության մեջ կան անհեթեթ կամ անտրամաբանական դրույթներ, դրանք իրավունքի դրսևորում են իրավունքի գերակայությամբ: Եվ որպեսզի դրա լուծումները խոցելի չլինեն, պետք է փոխվի իրավական կարգավորումը, ապա նոր խնդրին լուծում տրվի:
«Իշխանությունները մի քիչ շտապեցին, ասացին՝ առաջինն իրավական կարգավորումները խախտելով՝ դատարանի անդամներից ազատվենք, հետո տեսնենք՝ ինչ կլինի: Իրավունքի գերակայությունը փոխվել է իրավունքի նկատմամբ ուժի գերակայությամբ: Հիմա իրավունքի գերակայությունն ածանցվում է ուժին, և ուժի ցանկացած որոշում դառնում է համապարտադիր վարքագծի կանոն»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ եթե տարիներ անց լինի մեկ այլ իշխանություն, ապա այդ իշխանությունը կկարողանա նախագծի հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկել՝ սահմանադրական կարգի տապալում հոդվածով:
Իսկ ի՞նչ կարող են անել ՍԴ դատավորները, պարտավո՞ր են ենթարկվել հակասահմանադրական օրենքին, թե՞ կարող են և չենթարկվել:
Այվազյանն այս հարցին պատասխանելիս՝ հիշեց Ռուսաստանի Դաշնությունում Ելցինի օրոք տեղի ունեցած նմանօրինակ մի իրավիճակ, երբ Ելցինը հրամանագիր էր ստորագրել Պետական դուման ազատ արձակելու, ու դրանից հետո Պետական դուման որոշում էր կայացրել նախագահին անվստահություն հայտնելու մասին: Խնդիրը լուծվեց «տանկերի կրակոցներով», քանի որ նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր:
«Եթե հանրաքվեն լինի, որոշումը լինի, այդ 7 անդամը, ինչպե՞ս եք պատկերացնում, որ մի ամբողջ գործադիր իշխանության դեմ պայքարեն կամ ասեն՝ «չէ, մենք մեր աշխատասենյակներից դուրս չենք գալիս և շարունակում ենք պաշտոնավարել»,- նկատեց Այվազյանը, հավելելով,- Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում