«Դու ստացել ես որպես ժառանգություն՝ ստատուս-քվոյի մեջ գտնվող Արցախ, իսկ բանակցային սեղանին ինչ որ դրված է, դա զուտ քննարկման նյութ է». Լարիսա Ալավերդյանը՝ Փաշինյանին

Այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ Արցախի հիմնահարցի շուրջ ՀՀ գործող իշխանությունների գործելակերպն ամբողջովին հակասում է ազգային շահերին:

«Ես նպատակների մասին դեռ չեմ խոսում, բայց կա գործելակերպ, կա աշխատանքի ոճ, որը չի ծառայում ազգային շահերին՝ լինի դա պատահական կամ մտածված նախադասություն, լինի դա հետևողական նսեմացում Արցախի այս կամ այն հերոսի: Երկրորդ՝ վարչապետի և իր թիմի պատկերացումները՝ Արցախի հիմնահարցի հետ կապված, հատվածական են, տրամաբանորեն չշաղկապված. որևէ մի դրվագ հանվում է հնից, հետո այն ներկայացվում՝ որպես նորություն: Այս համատեքստում անդրադառնամ վերջին հայտարարությանը, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանն Արցախի հարցում: Նախ՝ ժառանգություն անձը չէ, որ թողնում է, Արցախի հիմնահարցում ժառանգություն մենք ստացել ենք ժողովրդից՝ մինչ այսօր չիմաստավորված պատմական հաղթանակ: Ես պնդում եմ՝ չի իմաստավորվում այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք՝ ստատուս-քվոն: Այդ ստատուս-քվոն հերոսական պայքարի արդյունք է, և մենք այդպիսի արդյունք չենք ունեցել դարեր շարունակ: Եվ եթե այս գիտակցումը, իմաստավորումը չկա, մենք ստանում ենք մի իրավիճակ, որն այսօր գոյություն ունի, երբ կարող է սակարկման առարկա դառնալ այդ արդյունքը: Վերադառնալով Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցում ժառանգության հետ կապված՝ վարչապետի հայտարարությանը, սա բազար էր հիշեցնում նախ, երկրորդ՝ դու ստացել ես որպես ժառանգություն՝ ստատուս-քվոյի մեջ գտնվող Արցախ: Դա է ժառանգությունը, իսկ բանակցային սեղանին ինչոր դրված է, դա զուտ քննարկման նյութ է»,- նշեց Ալավերդյանը:

Արցախի հարցերով փորձագետն այն կարծիքին է, որ, եթե 1992-ին Արցախի Հանրապետությունը չլիներ առանձին միավոր, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերով, համաձայնությամբ և ստորագրությամբ Արցախը պիտի մնար Ադրբեջանի կազմում, և մենք պահանջեինք, որ նա ստանար Նախիջևանի նման կարգավիճակ:

«Ես դեմ եմ Արցախ-Հայաստան միացմանը, ինչպես 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշման մեջ ասվում է: Այդ ժամանակ եղել է այլ տարածք, ուստի այդ որոշումն այսօրվա համար լավ հիմք չէ, քանի որ այն ժամանակ եղել է միայն ինքնավար մարզը, իսկ այսօր տարածքային ինչ-որ չափով ամբողջականություն ունենք, ունենք Արցախի Հանրապետություն այլ սահմանների մեջ: Իհարկե, Արցախը Հայաստան է, և վերջ, և ոչ վերջակետ: Ազգալդյանն ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ, չի ասել՝ վերջակետ: Հիմա մենք գործող իշխանությունների նպատակը չգիտենք, գործելաոճը տեսնում ենք: Երբ կա անորոշություն անգամ մեկ տոկոս, ես գտնում եմ, որ պետք է այնպես անել, որ բանակցային սեղանին հայկական երկու կողմ լինի. Մեկը՝ ճանաչված, մյուսը՝ չճանաչված, հատկապես, երբ ՄԽ համանախագահներն առանձին հանդիպում են նաև Արցախի ընտրված իշխանությունների հետ, այս վիճակը պետք է գնահատել: ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ՝ «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինն օգտագործվում է 1992-ից, այո, բայց դա ճիշտ էր 1992-ի համար, մենք արդեն 28 տարի ապրում ենք կայացած իփսո ֆակտո (Ipso facto) պետության մեջ: Ipso facto-ն չի վերաբերում ճանաչմանը, այլ, որ այն կա, որ այն պետություն է: Այսինքն՝ «դե ֆակտո»-ն և «դե յուրե»-ն վերաբերում են ճանաչմանը, իսկ «իփսո ֆակտո»-ն՝ պետության գոյությանը և զարգացմանը: Չի կարելի 2020-ին օգտագործել 1992-ի տերմինոլոգիան, մի տերմին, երբ նոր էր սկսվել Արցախի հարցի քննարկման միջազգայնացումը»,- շեշտեց բանախոսը:

Այս համատեքստում Լարիսա Ալավերդյանը նշեց, որ «ներողամտորեն» կմոտենա, եթե Ադրբեջանը քննարկման նոր հարց բերի, բայց իրեն մտահոգում է այն, որ չգիտի, թե ՀՀ-ն ինչ է բերում բանակցային սեղան:

Ըստ նրա՝ եթե ասում ենք, որ աշխատում ենք դետալների վրա, նշանակում է՝ երեք հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն կա, մինչդեռ իրականում այդպես չէ. Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման սկզբունքին, իսկ երկրորդը՝ ուժի չկիրառման հետ կապված, միշտ կասկածի տակ է դնում:

Անդրադառնալով փախստականների վերադարձին կամ հայերի և ադրբեջանցիների համար համատեղ գոյակցության գոտու ստեղծմանը, Լարիսա Ալավերդյանը պնդեց՝ պետք է հստակեցնել, որ, եթե չկան այն պայմանները, որոնք ապահովելու են մարդկանց անվտանգությունը, չենք կարող խոսել ոչ մի դետալից և փախստականների վերաբնակեցումից, և հետո Ադրբեջանից մոտ 500.000 հազար հայ փախստականները չեն կարողանալու վերադառնալ, ինչի մասին բանակցային գործընթացի շրջանակում չի խոսվել և չի խոսվում:

Տեսանյութեր

Լրահոս